Նախիրը ցնծում է, օտար նախրչիները օրինակելի փորձն են ուսումնասիրում
Fri, 19 Jun 2026 19:15:25 +0400

Քարուքռա տափարակում նախրապանի ընտրություն էր տեղի ունենում։ Նախրի առանձնյակները հատուկ ոգեւորությամբ ընտրեցին հին Գերագույնին։ Տապից խանձված խոտը ծամեցին ու առանց խղճի խայթի իրենց որոճածը քվեատուփի մեջ լցրին։ Իրար մեջ նախապես տվել-առել էին․ «Եթե գելը մեզ ուտելու է, լավ է` մեր տեսած գելն ուտի»։ Վերջին քվեն դեռ օդում էր, Գերագույնը բաժակ բարձրացրեց ու ինքն իրեն հաղթանակ շնորհեց։ Տափարակների նախրչիներն անմիջապես միացան ուղերձներով։ Քարուքռա տափարակի ծայրերից էլ նամակների հոսք սկսվեց` ուղղված նախրապանին:
Նամակ 1. «Մենք հոծախումբ ընտրողներ ենք։ Չգիտենք ինչու՝ մեզ ավանակ են ասում։ Մենք չենք նեղվում՝ ավանակներն էլ են Աստծո ստեղծած էակներ։ Ճիշտ է` տափարակի խոտն անտերությունից կծղած է, բայց մենք հավատում ենք Ձեր ճղճղոցներին, թե խաղաղություն է, հյութեղ խոտ ու սառնորակ ջուր։ Դեմ չենք` թող հարեւան նախիրները ներխուժեն մեր արոտավայրեր։ Էշն էլ սատկի, իշատերն էլ, բայց խաղաղ լինի։ Մեզ հանդ տարեք»։
Նամակ 2. «Մենք ազատամարտիկ գոմեշներ ենք։ Կռվել ենք մեր հանդամասեր խուժած նախիրների դեմ։ Դուք վերջերս ասացիք՝ իզուր եք կռվել։ Ճիշտ եք` մեր հանդերը մեր շլնքին թոկ են։ Վերջապես ազատվել ենք։ Շնորհակալ ենք: Միայն մի խնդրանք. թշնամուն չասեք, որ իրենց դեմ կռվել ենք։ Թող գան, մեզ հետ հավասար արածեն, բայց չիմանան, որ առաջ իրենց դեմ ենք եղել»։
Նամակ 3. «Իմ երկու հորթուկներին ես կորցրի վերջին պատերազմում։ Շնորհակալ եմ՝ ընդունեցիք մատաղացու։ Քեզ ընտրել եմ իմ չորս ոտքով, սմքած պտուկներով։ Շնորհակալ եմ, որ նրանց ոսկորները գերեզման ունեցան։ Շորհավորում եմ հաղթանակի համար ու գնամ՝ խոտս ծամեմ»։
Նամակ 4. «Սահմանամերձ ուրթի բնակիչ այծ եմ։ Արդեն քանի տարի է՝ մեր հանդի գլխին թշնամու ցլիկներն են հերթապահում։ Մի ժամանակ ահուդողի մեջ էինք։ Բայց խաղաղության մասին Ձեր ճառը հուսադրեց։ Ամբողջ ուրթով Ձեզ ընտրեցինք։ Մեզ էլ արոտի տարեք: Ցլիկները մեր թշնամին չեն»։
Նամակ 5. «Հարյուրավոր տարիներ ասում էին, թե մեր նախնիներին մորթել են։ Ասում եք՝ սուտ է։ Մենք հավատում ենք։ Խաղաղություն է պետք։ Կեցցե արոտը»։
Նամակ 6. «Քաղաքական այլ նախրից էի։ Տեսա՝ քամին Ձեր կողմն է փչում, հասկացա, որ միշտ էլ հոգով Ձեր կողմում եմ եղել։ Ինձ նոր նախրի հնագույն անդամ համարեք, խնդրում եմ: Հաճույքով Ձեր առաջնորդությամբ արոտ կգամ»։
Նամակ 7. «Տարբեր նախրչիների եմ ծառայել։ Հիմա էլ Ձեզ եմ ծառայում։ Անհրաժեշտության դեպքում կվկայեմ, որ մեր նախիրը երբեք հանդ չի ունեցել։ Պետք է՝ կվկայեմ, որ խոտ էլ չի ունեցել։ Միայն ինձ արոտից հեռու չպահեք»։
Նամակ 8. «Հեռուստաուրթի մեկնաբան եմ։ Ամեն երեկո բացատրում եմ՝ չոր խոտը սննդարար է, քան՝ կանաչը։ Եթե որեւէ առանձնյակ դժգոհում է, ապացուցում եմ, որ նրա ատամներն են փչացած։ Խոստանում եմ ավելի համոզիչ որոճալ Ձեր առաջնորդած նախրում»։
Նամակ 9. «Ես սոցցանցային մարտիկ սագիկ եմ։ Արոտ չեմ տեսել, բայց ամեն օր ապացուցվում է, որ Ձեր բերած արոտն աշխարհի լավագույն արոտն է։ Ով հակառակն ասի՝ գելի գործակալ է։ Ինձ պաշտոնական որոճացող նշանակեք»։
Նամակ 10. «Ես ճանաչված առանձնյակ եմ` ուսյալ հնդուհավ։ Գրքեր եմ որոճացել ու հին արոտների մասին դասավանդել։ Վերջերս հասկացա՝ ամեն ինչ հարաբերական է։ Եթե Դուք ասում եք, որ չոր խոտը կանաչ է՝ կանաչ է։ Եթե ասում եք, որ կորցրած հանդը մերը չի եղել, ուրեմն չի եղել։ Մտավորականի պարտքն է՝ քայլել ժամանակի հետ, ոչ թե քարշ գալ ճշմարտության ետեւից։ Կբացատրեմ բոլորին՝ ինչու են իրենք երջանիկ: Ինձ էլ արոտ տարեք»։
Եկան նաեւ օտար նախրչիների սպասված շնորհավորանքները։
Հարեւան տափարակի նախրչուց. «Շնորհավոր վերստացած մանդատի առթիվ։ Գնահատում ենք մեր նախիրների միջեւ ցանկապատները վերացնելու Ձեր ջանքերը։ Մեր ցլիկներն անհամբեր սպասում են նոր արոտավայրերի բացմանը»։
Հեռավոր տափարակի նախրչուց. «Ձեր նախիրը բացառիկ երեւույթ է։ Մեզ մոտ առանձնյակները երբեմն դժգոհում են խոտի պակասից։ Իսկ ձերոնք խոտ չունենալով՝ շարունակում են ծափահարել։ Ուսումնասիրում ենք ձեր հրաշալի փորձը»։
Գայլերի միջազգային միությունից. «Ձեր հաղթանակը մեծ խթան է մեր ոլորտի զարգացման համար։ Նախիրների ինքնակամ մոտեցումը գայլանոցներին պատմական նվաճում է։ Ձեր փորձն ուսումնասիրվում է բազմաթիվ գելանոցներում»։
Նախրապանը նամակները չկարդաց։ Գիտեր՝ բոլորը հերթով բացատրում են, թե ինչու են արժանի նախրում մնալ։ Չոմբախը ուսն առավ, քայլեց` նախիրը հետեւեց։ Առջեւում արոտ էր, թե սպանդանոց՝ անհայտ էր։ Վստահ էին՝ գնում են դեպի խաղաղություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր