18 ուժից 7-ը դիմել են դատարան
Fri, 19 Jun 2026 20:45:52 +0400

Այսօր` հունիսի 19-ին, ժամը 18:00-ին ավարտվել է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետը։
Սահմանադրական դատարան են դիմել մասնակից ուժերից յոթը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Նոր ուժ», «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «ԴՕԿ» և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցությունները։
Ներկայացված դիմումներով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Ըստ այս քաղաքական ուժերի ընտրություններն անցել են բացահայտ ընտրախախտումներով, վարչական լծակների կիրառմամբ ու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումների պայմաններում։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ դիմումի մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում պետք է որոշի դրանց ընդունելիության հարցը։
Եթե դիմումն ընդունվում է վարույթ, նշանակվում է զեկուցող դատավոր, որը նախապատրաստում է գործը դատաքննության։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը քննվում են բանավոր ընթացակարգով։ Հայտնի չէ` այս դիմումները կմիավորվեն մեկ վարույթի մեջ, թե առանձին կքննվեն:
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր