«Հրապարակ». Նախկիններ-ներկաներ, սեւեր-սպիտակներ, հիմա էլ՝ օրգանիկ եւ ոչ օրգանիկ քվեներ
Fri, 26 Jun 2026 12:45:33 +0400

«Հրապարակի» զրուցակիցն է մանկավարժ Արամ Խաչատրյանը։
– Ընտրություններից առաջ մեր զրույցում ասել էիք. «Մեր ժողովրդին հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել` պատասխանենք վճռորոշ հարցի․ շարունակե՞լ այն ճանապարհը, որով վերջին տարիներին շարժվել է երկիրը, թե՞ ընտրել այլընտրանք»։ Ժողովուրդը չընտրե՞ց այլընտրանքը։
– Ես վստահ հայտարարում եմ՝ ժողովուրդն ընտրել է այլընտրանքը։ Ժողովրդի մեծ մասն իր ձայնը տվեց ընդդիմադիր ուժերին։ Տեղում չե՞մ եղել, չե՞մ նկատել աղաղակող ընտրախախտումները։ Իսկ միջազգային եւ տեղի կազմակերպությունները, դիտորդական խմբե՞րը։ Բոլորի համար ակնառու է մի բան՝ անհնար է հավատ ընծայել այս ընտրությունների արդարացիությանն ու կայացմանը։ ԿԸՀ-ի որոշումը գնահատվել է ոչ իրավաչափ եւ ժողովրդավարության սկզբունքներին հակասող, քանի որ մի շարք տեղամասերի արդյունքները չեղյալ համարելուն զուգահեռ` չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարեց ՀՀ հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը եւ ԱԺ ձեւավորման մեջ նրանց դերակատարումը։ Մինչդեռ ՔՊ ղեկավարը ժողովրդին խոստանում էր. «Ձեռքերս կկտրեմ, եթե ընտրախախտում անեմ»։ Իսկ այժմ մեր գլխին գալիք աղետալի իրադարձություններն իրական են այն պարզ պատճառով, որ գործող իշխանությունները պարզապես գողացան ժողովրդի ձայնը եւ իրավունք ստացան վերստին հայտնվելու իշխանական բարձունքներում։
– Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով. «Մեր գլխին գալիք աղետալի իրադարձությունները…»:
– Փաշինյանի նախընտրական «խոստումներից» մի դրվագ հիշեցնեմ։ Ամենուր խոսում էր 3 անկլավների հանձնման մասին, «ուշակորույս» նշում անունները՝ Բարխուդարլու, Խեյրիմլի, Տիգրանաշեն, որոնք, ըստ նրա, սահմանազատման գործընթացով կփոխանցվեն Բաքվին։ Լսել եմ պատմաբան Խաչատուր Ստեփանյանի բացատրությունը՝ ԽՍՀՄ տարիներին հիշյալ անկլավներն անօրինականորեն միացվել են Ադրբեջանին, իսկ այսօր Հայաստանի լիարժեք մասն են կազմում։ Դրանց փոխանցումը խաթարելու է Երեւան-Մեղրի, Երեւան-Վրաստան մայրուղիների անվտանգությունը։ Ալիեւը հասկանում է, որ այդ բնակավայրերը գտնվում են ռազմավարական ճանապարհների վրա եւ ունեն մեծ նշանակություն։ Պատկերավոր ասած՝ օձը փորձում է փաթաթվել զոհի պարանոցին՝ խեղդամահ անելու համար։ Նրան օգնության է շտապում, ոչ ավել, ոչ պակաս՝ երկրի իշխանությունը։ Մի կարեւոր փաստ էլ. կիպրոսցի ԵԽ պատգամավոր Գեադիս Գեադին Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում չեն հասկանում՝ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ջնջել Հայաստանը երկրի երեսից։ «Ես պարբերաբար լինում եմ Հայաստանում եւ տեսնում եմ, որ այսօր այնտեղ գերակշռում է չեզոք քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցություն զարգացնելու ձգտումը՝ չհասկանալով, որ այդ երկրները ցանկանում են Հայաստանը ջնջել երկրի երեսից եւ ամբողջությամբ փոխել աշխարհի քարտեզը։ Քանի որ մենք նույնպես եղել ենք թուրքական քաղաքականության զոհը, կարող ենք հասկանալ, թե նման գործընթացները հետագայում ինչի կարող են հանգեցնել»,- ընդգծել է պատգամավորը։
– Բայց բնակիչների մի զգալի զանգված չգիտակցեց, ավելին՝ անտեսեց գոյաբանական վտանգն ու նախընտրեց «հող հանձնողին»։
– Ցավալի է այդ մասին խոսելը։ Եղան մարդիկ, բայց ամեն ինչ կորած չէ։ Անօրեն իշխանություններին իշխանությունից զրկելուն միտված պայքարն ընթացքի մեջ է եւ կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ վերջնական նպատակին հասնելու համար։
– Ի՞նչն է Ձեր լավատեսության հիմքը։ Վերջին ընտրողն իր «քվեն չէր գցել արկղի մեջ», Փաշինյանն իրեն հաղթող հռչակեց, իսկ երբ բողոքի ձայնը սկսեց նրան անհանգստացնել, «թիվ կրակեց», թե ՀՀ չափահաս քաղաքացիների կեսը «թաթախված է» կոռուպցիայի մեջ։
– Կասի, ուրիշ ի՞նչ էիք մտածում։ Նրա համար սահմաններ գոյություն չունեն։ Ռուբիկոնը վաղուց է անցել, առջեւում Հռոմն է ու սենատը, բարեբախտաբար, ինքը Հուլիոս Կեսարը չէ։ Խոփը քարին է դեմ առնելու։ Այդ օրը հեռու չէ։ Ձեր հիշատակածը պետության ղեկավարի հնչեցրած եւ նախադեպը չունեցող հայտարարություն է, որը Հայաստանը բնութագրում է որպես կոռուպցիոն բարձր ռիսկեր ունեցող պետություն։ Նա գիտակցում է իր հայտարարած թվերի հետեւանքը։ Ասեմ՝ ընտրակաշառք տվողը եւ վերցնողը, կապ չունի՝ որ քաղաքական ուժի համար, իմ ընկերը չէ, բարեկամը չէ, եղբայրը չէ։ Ավելին՝ նա իմ երեխայի, իմ երկրի ապագան վաճառողն է։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդը վերջապես դա կընդունի եւ դուրս կգա անօրեն իշխանության դեմ։ Իսկական պայքարը նոր է սկսվելու։ Շատ բան եմ լսել, սակայն «օրգանիկ քվե» չէի լսել։ Նախարարները, մարզպետները, համայնքապետերն իրենց պաշտոնները պահելու համար ՔՊ-ին «օրգանիկ քվեներ» են բերել։ Այդ նպատակով դատարկեցին պետական բյուջեն, կենսաթոշակառուների համար պետական բժշկական ապահովագրություն կիրառեցին՝ մինչեւ հունիսի 7-ը, 2018-ից հետո էլ անընդհատ բաժանում, պառակտում են հանրությանը՝ «նախկին թալանչիներ-թավիշոտ հեղափոխականներ», սեւեր-սպիտակներ, հիմա էլ՝ օրգանիկ եւ ոչ օրգանիկ քվեներ։
– Բռնազավթում, հետընտրական տեռոր. կհամախմբվի՞ ընդդիմությունը, եւ ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին։
– Նա 8 տարի երկիրը պահեց մի պարզ բանաձեւով․ ինչ էլ լինի, ինքն այնտեղ չէ։ Ինքը պատասխանատուն է, բայց մեղավոր չէ։ Արցախը հանձնվեց՝ ինքը չէր։ Արցախը հայաթափվեց՝ ինքը կապ չուներ։ Պատերազմում պարտվեցինք՝ մեղավոր չէ։ 2026 թ. ընտրությունների շեմին այդ «արվեստը» հասցրեց կատարելության։ Կաշառք են բաժանում՝ ինքը չկա։ Ծառուկյանը հարուստ է, Տաշիր Սամոն միլիարդատեր է, Քոչարյանը թալանչի է՝ բոլորը բաժանում են, ինքը՝ ոչ։ Փողոցներն ընկած՝ այն ընդդիմադիրն էր ձեւանում, որ ձեթով վառած պեռաշկի է ուտում ու վրայից Ապարանի թան խմում։
– «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի հայտարարությունը հույս ներշնչո՞ւմ է Ձեզ։
– Սամվել Կարապետյանը վերջապես հայտարարեց այն, ինչին մեր ժողովուրդը սպասում էր։ Նա ասաց, որ վիճակն օրհասական է, կանգնած ենք Հայաստանի լինել-չլինելու խնդրի առջեւ, եւ անհրաժեշտ համարեց ընդդիմության լայն համախմբում` ընդդեմ չարիքի իշխանության։ Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հաշվի նստեն ոչ թե առանձին քաղաքական ուժերի, այլ հարյուր հազարավոր քաղաքացիների հետ։ Նա նաեւ պնդել է, որ ընդդիմադիր դաշտի աջակիցների թիվը շարունակելու է աճել իշխանությունների քաղաքական ձախողումների հետեւանքով։
– Այդ կոչերը, համախմբման հավանականությունը չեն անհանգստացնում Փաշինյանին։ Նա ավելի սանձարձակ հարձակումներ է անում ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Եվ դա իրականացվում է պետության կարեւորագույն հենասյուներից մեկի՝ ԱԱԾ-ի միջոցով։
– Ես կասեմ մի բան՝ որքան ձգձգվի Նիկոլի հեռացումը, վստահ եմ՝ այնքան դաժան է լինելու հենց իր համար։ Չկա Նիկոլ՝ չկա նաեւ ՔՊ։
– Եթե նախկինում ընդդիմադիր Նիկոլն ասում էր, թե Սահմանադրությունը «կարված է մեկ մարդու հագով», ապա այսօր նա Սահմանադրությունը փորձելու է Ալիեւի՞ «հագով կարել»։
– Էդպես է, որ կա: Ահա թե ինչու գլխավոր հարցը մանդատ վերցնելը չէ։ Իմ կոչն ընդդիմադիր քաղաքական դաշտին հետեւյալն է՝ դուրս բերել նվիրյալներին արհեստական եւ ոչ էական օրակարգերից, չմտածել, թե ով ինչ հուզիչ գնահատական կտա, քանի որ դրանք թիթեռի կյանք ունեն, եւ ստանձնել քաղաքական պատասխանատվություն՝ թույլ չտալու, որ շարունակվի անօրեն իշխանության գոյությունը: Հայկական առակով խոսեմ։ Մի մարդ անցնելիս տեսնում է մեկին, որը գլուխը բռնած՝ հարայ է կանչում։ Հարցնում է՝ ի՞նչ է եղել։ Պատասխանում է՝ վառվում եմ։ Ինչպե՞ս պատահեց։ Ես՝ ինքս արեցի։ Մարդն օգնություն չի ցուցաբերում՝ ասելով. եթե դու ես քո գլուխը վառել, ինքդ էլ քեզ փրկիր։ Կարծես ամեն ինչ ասացի։ Չարիքի կապանքներից մենք ենք մեզ փրկելու:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր