Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը

Thu, 02 Jul 2026 17:45:26 +0400


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սկզբում հայտարարում էր, որ ընդդիմադիր եռյակին ընտրած քաղաքացիներին 100 տոկոսով ընտրակաշառք է բաժանվել: Իհարկե, դա սուտ էր, ավելի ճիշտ՝ զրպարտություն: Բայց քանի որ նա, պաշտոնի բերումով, օժտված է «ժողբաստիոնային» անձեռնմխելիությամբ, նրա նկատմամբ, բնականաբար, քրեական վարույթ չհարուցվեց: Այնուհետեւ, երբ բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում տողերիս հեղինակը հայտարարեցինք, որ կաշառք չենք վերցրել, 100 տոկոսը վերածվեց 70 տոկոսի: «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին ու ԲՀԿ-ին ընտրել է կես միլիոնից ավելի քաղաքացի՝ 543 հազար 276 մարդ, այսինքն, 380 հազար 293-ը (70 տոկոսը) պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Բայց քանի որ նման բան տեղի չունեցավ, դա նշանակում է, որ 70 տոկոսի մասին խոսքը եւս զրպարտություն էր, ինչի համար հետագայում զրպարտության հեղինակը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Բայց դա էլ ոչինչ. կա մեկ այլ հանգամանք, որն արժանի է հիշատակման: ՀՀ արդարադատության նախարար Գալյանը նախօրեին ՍԴ-ում հայտարարել է, որ իրենք ընտրակաշառքների առումով «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (Վ. Ղուկասյանի (Դոգի) ուժը) ու «Հանուն հանրապետության» (Ա. Բաբաջանյանինը) կուսակցությունների փաստարկների հետ համաձայն են` ընդունում են, որ դրանց ծավալները «բավականին մեծ են եղել», բայց «համաձայն չեն, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության»: Այսինքն, չի կարծում, թե դրանք կարող էին հանգեցնել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելուն:

Ի՞նչ է ստացվում: Այն, որ ընտրակաշառքների ծավալները բավական մեծ են, բայց այնքան մեծ չէին, որ ընտրության արդյունքները հանգեցնեին անվավերության: Բայց եթե հաշվի առնենք, որ քվեարկության մասնակիցների 380 հազար 293-ը 1 մլն 476 հազար 769-ի 25.75 տոկոսն է, ապա նախարարի խոսքը կարծես հիմնավոր չէ: Որովհետեւ եթե քվեարկությանը մասնակցեր ոչ թե մեկուկես միլիոն, այլ, ասենք` 15 միլիոն ընտրող, ապա 380 հազար 293-ը կարելի էր համարել ոչ շատ մեծ: Իսկ 25.75 տոկոսը համարվում է էական եւ համակարգային ծավալ, եւ այն չէր կարող չհանգեցնել ընտրության արդյունքների անվավերության:

Որպեսզի կարծիքս հիմնավոր լինի, դիմեցի արհեստական բանականությանը (ԱԲ): «25 տոկոսանոց ընտրակաշառքային խախտումը կարո՞ղ էր հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության» հարցին ի պատասխան՝ ԱԲ-ն մեջբերել է տիկին Գալյանի ասածն այն առումով, որ պետք է ապացուցվի, որ այդ ծավալն ազդել է ընտրողների ազատ կամարտահայտման վրա եւ խանգարել է ընտրությունների իրական արդյունքների ձեւավմանը։ Ինչպես նաեւ՝ ուղղակիորեն ազդել է մանդատների բաշխման կամ անցողիկ շեմը հաղթահարելու վրա։ Կարծում եմ, որ այդ պայմաններն առկա են. առաջին պահանջը 60 հազար ընտրողի հարցն էր` ԲՀԿ-ի կողմից անցողիկ շեմը հաղթահարելու առումով: Երկրորդը ՔՊ-ի կողմից լրացուցիչ 3 մանդատ ստանալն էր, ինչն ապահովեց նրա 3/5-րդ ունենալը:

Կարծում եմ, տվյալ դեպքում ԱԲ-ն 100 տոկոսանոց ճշմարտություն է ասել՝ ի տարբերություն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունների: Մնում է, որ ՍԴ-ն հաշվի առնի այդ հանգամանքը, հայտարարի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակի նոր ընտրություններ: Ինչ վերաբերում է ընտրակաշառք ստացողներին եւ բաժանողներին, ապա բաժանողների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթներ են հարուցվել, որոնք, կարծում եմ, ավելի ուշ դատարաններում առոչինչ կդառնան: Իսկ ստացողների առումով ասեմ, որ պետության իրավական ողջ համակարգը «Ազատություն» ռադիոկայանի չափ չկար, որը 2017-ին ընտրակաշառքի մի քանի դեպք էր հայտնաբերել: Չէր էլ կարող լինել, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը խելքները հացի հետ չէին կերել, որպեսզի տոտալ վերահսկողության պայմաններում փորձեին ընտրակաշառք բաժանել: Բայց այս պատմությունը կմնա որպես ամենամեծ աֆյորան (խարդախությունը), որ փորձեց իրականացնել իրեն ժողովրդավարական հորջորջած իշխանությունը:
Ինչեւէ, ՀՀ դատաիրավական համակարգին մնում է ընտրությունների լեգիտիմությունը պահպանելու նպատակով քրեական վարույթներ հարուցել 380 հազար 293 մարդու կամ քվեարկության մասնակիցների 25.75 տոկոսի նկատմամբ: Կամ այդքան մարդուն զրպարտելու համար քրեական վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ: Կամ էլ նա ստիպված է լինելու հետագա ողջ ժամանակաշրջանում կրելու ապօրինի իշխանության ապօրինի պահապանի դրոշմը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 5 տարում միայն մեկ մարզում գլխաքանակը նվազել է 22 հազար 266-ով

«Հրապարակ». 5 տարում միայն մեկ մարզում գլխաքանակը նվազել է 22 հազար 266-ով Thu, 02 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով