Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում
Thu, 02 Jul 2026 19:15:14 +0400

20-րդ դարի հայոց պատմության ամենաբարդ, հակասական եւ միեւնույն ժամանակ դրամատիկ էջերը կապված են խորհրդային ժամանակաշրջանի, մասնավորապես՝ 1930-ական թվականների ստալինյան բռնապետության հաստատման հետ։ Այդ դարաշրջանը ծնեց լիդերների նոր տեսակ, որոնք ստիպված էին քայլել ածելու սայրի վրայով՝ մի կողմից հավատարիմ մնալով համաշխարհային պրոլետարական հեղափոխության կոշտ գաղափարախոսությանն ու կենտրոնի (Մոսկվայի) հրահանգներին, մյուս կողմից՝ փորձելով փլատակներից հառնող հայրենիքի համար ստեղծել զարգացման ու գոյատեւման հնարավորություններ։ Այս համատեքստում Աղասի Խանջյանի կերպարը ոչ միայն առանձին պետական-կուսակցական գործչի կենսագրություն է, այլ հավաքական ողբերգություն, որն արտացոլում է ամբողջատիրական համակարգի ներսում ազգային ինքնության պահպանման դժվարին, գրեթե անհնարին առաքելությունը։
Խանջյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնեց 1930 թվականին՝ մի ժամանակահատվածում, երբ երկիրը դեռ չէր ապաքինվել առաջին աշխարհամարտի, ցեղասպանության եւ քաղաքացիական կռիվների վերքերից։ Նրա 6-ամյա կառավարումը դարձավ աննախադեպ շինարարության, մշակութային վերածննդի, բայց նաեւ՝ անձնական ու քաղաքական խոր դրամայի շրջան։ Խանջյանը համոզված կոմունիստ էր. անդամագրվել էր կուսակցությանը պատանի տարիքում, անցել հեղափոխական ընդհատակի բովով Վանում, Թիֆլիսում եւ Լենինգրադում։ Սակայն, ի տարբերություն շատերի, նրա համար Խորհրդային Հայաստանը լոկ վարչական միավոր չէր, այլ հայության վերջին հանգրվանն ու տունը։ Խանջյանի կառավարման ռազմավարությունը հիմնված էր նուրբ ու վտանգավոր հաշվարկի վրա՝ ցույց տալ Մոսկվային, որ Հայաստանը տնտեսապես եւ գաղափարապես ամենահավատարիմ հանրապետություններից է, որպեսզի այդ հավատարմության դիմաց կորզի ներքին ինքնավարության որոշակի սահմաններ։ 1933-ի իր ելույթներից մեկում նա պատկերավոր ձեւակերպել է իր կրեդոն. «Մենք պետք է կառուցենք մեր սոցիալիստական տունը, բայց այդ տան պատերը պետք է շարվեն հայկական տուֆով, եւ այնտեղ պետք է լսվի հայերեն խոսքը»։
Այս մոտեցման շնորհիվ էր, որ Խանջյանի օրոք կոլեկտիվացման եւ ինդուստրացման կոշտ գործընթացները Հայաստանում ընթացան համեմատաբար մեղմ ու նվազ արյունալի, քան Ուկրաինայում կամ Ղազախստանում։ Նա ամեն կերպ փորձում էր մեղմել կենտրոնից եկող հարվածները՝ մանեւրելով եւ անձնական պատասխանատվություն վերցնելով սեփական ժողովրդի համար։ Եթե տնտեսության մեջ Խանջյանը ստիպված էր հետեւել պլանային համակարգի կոշտ կանոններին, ապա մշակույթի եւ կրթության ոլորտում նա ցուցաբերեց բացառիկ ազգային կողմնորոշում։ 1930-ականների առաջին կեսին Երեւանը դարձավ հայ մտավորականության հավաքագրման կենտրոն։ Խանջյանը հստակ գիտակցում էր, որ առանց հզոր մշակութային էլիտայի՝ պետությունն ապագա չի ունենա։ Նրա անմիջական հովանավորությամբ եւ պաշտպանությամբ էին ստեղծագործում Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը։ Խանջյանի եւ Չարենցի հարաբերությունները դուրս էին պաշտոնական կամ կուսակցական շրջանակներից։ Դա երկու բացառիկ անհատների դաշինք էր, որտեղ քաղաքական գործիչը հասկանում էր հանճարի արժեքը, իսկ պոետը՝ քաղաքական գործչի առաքելության ծանրությունը։ Երբ Չարենցը հայտնվում էր հարվածների տակ, երբ պրոլետարական գրողները նրան մեղադրում էին «նացիոնալիզմի» եւ «բուրժուական մնացուկ» լինելու մեջ, Խանջյանն օգտագործում էր իր ողջ հեղինակությունը՝ բանաստեղծին «փրկելու» համար։ Այս հովանավորչությունը տարածվում էր նաեւ ճարտարապետության վրա։ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երեւանը՝ իր ազգային էլեմենտներով եւ վարդագույն տուֆով, մեծապես կյանքի կոչվեց Խանջյանի քաղաքական կամքի շնորհիվ։ Կենտրոնից եկող մեղադրանքներին, թե Թամանյանի նախագծերը չափազանց թանկ են եւ «արխայիկ», Խանջյանը հպարտորեն պատասխանում էր, որ հայերը կառուցում են դարերի համար։
Խանջյանի ղեկավարման կարճ շրջանը դարձավ Խորհրդային Հայաստանի թռիչքային արդիականացման եւ ինդուստրիալ-մշակութային հեղափոխության ամենաարգասաբերը։ Երկիրը կիսավեր, ագրարային ծայրամասից վերածվեց հզոր արտադրական ու գիտական կենտրոնի։ Նրա նախաձեռնությամբ կյանքի կոչվեց Թամանյանի հանճարեղ «Կանաչ քաղաք» գլխավոր հատակագիծը, հիմնադրվեցին Օպերայի եւ բալետի թատրոնի, կառավարական շենքերը, կառուցվեցին Քանաքեռ ՀԷԿ-ը, Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (ՁորաՀԷԿ-ը), սկիզբ դրվեց «Նաիրիտի», Արարատի ցեմենտի գործարանի, Կիրովականի քիմկոմբինատի հիմնադրմանը, Ալավերդու պղնձաձուլական արդյունաբերության հզորացմանը։ Կրթական ու մշակութային ոլորտում հիմնադրվեցին Երեւանի պետական կոնսերվատորիան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Կուլտուրայի պատմության ինստիտուտը, Պետական պատկերասրահը, բացվեցին հարյուրավոր նոր դպրոցներ ու գրադարաններ։ Նրան հաջողվեց հայրենիք վերադարձնել աշխարհասփյուռ հայ մտավորականության սերուցքը, որն ապահովեց հայոց ազգային գենոֆոնդի ու ինքնության հարատեւումը հետագա տասնամյակների համար։
Խանջյանի գործունեության ամենաքիչ լուսաբանված, բայց ամենաարժեքավոր էջերից մեկը կապված է հայկական տարածքների պահպանման եւ վերադարձի ջանքերի հետ։ Նա բացահայտորեն դեմ էր 1921 թ․ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով գծված սահմաններին։ 1930-ականների կեսերին նա պաշտոնական նամակներով եւ զեկուցագրերով դիմեց Մոսկվային՝ հիմնավորելով, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսական եւ մշակութային կապերը շատ ավելի սերտ են Երեւանի, քան Բաքվի հետ, եւ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։ Ավելին, Ստալինի հետ անձնական հանդիպումների ժամանակ նա համարձակություն ունեցավ ուղղակիորեն բարձրացնելու ԼՂԻՄ-ը եւ Նախիջեւանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու հարցը։ Այս քայլը բացահայտ մարտահրավեր էր Լավրենտի Բերիային, որն այդ ժամանակ Անդրկովկասի երկրկոմի առաջին քարտուղարն էր եւ վարում էր ընդգծված հակահայկական քաղաքականություն։ Խանջյանի այս կուրսը նրան դարձրեց թիրախ։ Թիֆլիսում գտնվող Անդրկովկասի ղեկավարությունը նրա մեջ տեսնում էր վտանգ, որը կարող է արթնացնել ազգային-ազատագրական գաղափարները տարածաշրջանում։
Ինքնապաշտպանական պատնեշը
Որպեսզի ավելի հստակ երեւա Խանջյանի կերպարի բացառիկությունը, այն համեմատենք նույն շրջանի այլ խորհրդային լիդերների հետ։ Միր Ջաֆար Բաղիրովը (Ադրբեջանում), Լավրենտի Բերիան (Վրաստանում) ստալինյան կուրսի կույր կատարողներն էին եւ իրենց իշխանությունը կառուցում էին բացառապես տեռորի, մատնությունների ու արյան վրա։ Նրանց համար սեփական ժողովրդի զոհերը միայն վիճակագրություն էին՝ ստալինյան հնգամյա պլանները կատարելու ճանապարհին։ Մյուս կողմից, կային Խանջյանի նման լիդերներ, որոնք հավատում էին, որ հնարավոր է համատեղել մարքսիզմը եւ ազգային վերածնունդը։ Ուշագրավ է, որ այս բոլոր լիդերների ճակատագիրը դասավորվեց գրեթե նույն սցենարով. նրանք՝ բոլորն էլ կա՛մ «ինքնասպան» եղան, կա՛մ ֆիզիկապես ոչնչացվեցին 1930-ականների երկրորդ կեսին։ Խանջյանը տարբերվում էր նրանով, որ գործում էր մի ազգի անունից, որը դեռ նոր էր տեսել էկզիստենցիալ աղետ՝ ցեղասպանություն։ Նրա յուրաքանչյուր սխալ կարող էր հանգեցնել ոչ թե պարզապես քաղաքական կուրսի փոփոխության, այլ հայության մնացորդների վերջնական բնաջնջման։ Այս գիտակցումը նրա կերպարին հաղորդում էր հատուկ, վեհ պատասխանատվություն։ Նա կուսակցական սովորական ֆունկցիոներ չէր. նա ազգի ինքնապաշտպանական պատնեշն էր։
Կրակոց, որը ծնկի բերեց Հայաստանը
1936 թվականի հուլիսի սկիզբ․ հայոց պատմության ամենամռայլ էջերից մեկի մեկնարկն էր։ Աղասի Խանջյանին կանչեցին Թիֆլիս՝ Անդրկովկասյան երկրկոմի նիստին։ Օդում արդեն զգացվում էր մեծ տեռորի շունչը։ Բերիան արդեն հավաքել էր «ապացույցներ» Խանջյանի «նացիոնալիստական հակումների» եւ «չարենցյան խմբակի» հետ կապերի մասին։ Հուլիսի 9-ին Բերիայի աշխատասենյակում հնչած կրակոցներն ընդհատեցին 35-ամյա ղեկավարի կյանքը։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն, հնչում էր որպես ծաղր։ Ոչ ոք չէր հավատում, որ կենսախինդ, ուժեղ, հաստատակամ Խանջյանը կարող էր ինքնասպան լինել Թիֆլիսում՝ իր քաղաքական ոխերիմ հակառակորդի կաբինետում։ Ժամանակակիցներն իրենց հուշերում գրում էին. «Նա չսպանեց իրեն։ Նրան սպանեց այն համակարգը, որին նա ծառայում էր, բայց որի կանոններով չկարողացավ խաղալ մինչեւ վերջ, որովհետեւ սիրտը հայերեն էր բաբախում»։ Խանջյանի մահն ահռելի հարված էր Հայաստանին։ Չարենցը, լսելով այդ գույժը, կատարեց իր կյանքի ամենահամարձակ եւ ողբերգական քայլը՝ գրեց իր հանճարեղ սոնետաշարը՝ «Դոֆին նաիրական»-ը, որտեղ տողերի արանքում մեղադրում էր Բերիային սպանության մեջ։ Բանաստեղծը հավանաբար գիտակցում էր, որ դրանով ստորագրում է նաեւ իր մահվան դատավճիռը։ Խանջյանի հուղարկավորությունը Երեւանում վերածվեց համազգային սգի եւ լուռ, ահազդու բողոքի ցույցի։ Մարդիկ հասկանում էին, որ Խանջյանի հետ մեռնում է իրենց անվտանգության եւ մշակութային ազատության վերջին պատվարը։ Եվ իրոք, նրա մահից ամիսներ անց սկսվեց հայ մտավորականության հունձը. ձերբակալվեցին ու սպանվեցին Բակունցը, Չարենցը, Թոթովենցը եւ հազարավոր ուրիշներ։ Խանջյանը նման էր այն ճարտարապետին, որը փորձում էր տաճար կառուցել գործող հրաբխի վրա։ Նա գիտեր, որ լավան վաղ թե ուշ ծածկելու է ամեն ինչ, բայց շարունակում էր խնամքով հղկել յուրաքանչյուր քարը, որովհետեւ հավատում էր՝ հրաբուխը կհանգչի, իսկ քարե մատյանը կմնա։ Խանջյանի մարմինը թաղվեց անշուք, հետո նրա անունը տասնամյակներով հանվեց պատմության դասագրքերից։ Սակայն նրան ջնջել ժողովրդի հիշողությունից՝ չհաջողվեց։
Այսօր, երբ մենք քայլում ենք Թամանյանի նախագծած վարդագույն Երեւանով, հիանում ենք Օպերայի շենքով կամ կարդում Չարենցի գլուխգործոցները, պետք է հիշենք, որ այդ ամենի հիմքում դրված է նաեւ այն կրակոցի արձագանքը, որը հնչեց 1936-ի հուլիսյան այդ սեւ օրը, Թիֆլիսում։ Կան գործիչներ, որոնք պատմության մեջ մնում են իրենց հաղթանակներով, եւ կան գործիչներ, որոնք պատմությունը կերտում են իրենց ողբերգական նահատակությամբ։ Աղասի Խանջյանը հայության այն հազվագյուտ լիդերներից է, որն ապացուցեց՝ անգամ ամենամռայլ կայսրությունում հնարավոր է մնալ Մարդ, պահպանել Ազգը եւ մեռնել այնպես, որ մահդ դառնա հայրենիքի վերածննդի գաղտնի սերմը։
Հետգրության փոխարեն։ Այս տարի մեկտեղվել են հայոց ճակատագրի երկու խորհրդավոր տարեթվեր՝ Աղասի Խանջյանի ծննդյան 125-ամյա հոբելյանը եւ նրա խորհրդավոր ու ողբերգական մահվան 90-րդ տարելիցը։ Ղեկավարելով Խորհրդային Հայաստանը ընդամենը 6 տարի՝ նա կարողացավ անել անհնարինը։ Ճիշտ 125 տարի առաջ նա լույս աշխարհ եկավ պատմական Վանում՝ իր հետ բերելով հին նաիրցիների կամքն ու ոգին, եւ ուղիղ 90 տարի առաջ նրա սիրտը դադարեց բաբախել։ Մեծն Եղիշե Չարենցն անդառնալի կորստի ու կատաղի ցավի այդ օրերին նրան կոչեց «Նաիրյան Դոֆին»՝ ազնվացեղ արքայազն, որն այդպես էլ չբազմեց երկրային գահին, բայց ընդմիշտ մնաց իր ժողովրդի հիշողության մեջ։ Այս անդրադարձը խոնարհումի եւ երախտիքի լուռ տուրք է այն բացառիկ հայորդուն ու պետական գործչին, որն ապրեց ընդամենը 35 տարի, բայց սեփական կյանքի գնով կերտեց մի ողջ դարաշրջան՝ ապրելով ակնթարթային, բայց լուսավոր կյանք՝ իրենից հետո թողնելով անջնջելի կոթող՝ վերածնված հայրենիքը։
Աղասի Ղորխմազյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր