Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Tue, 14 Jul 2026 20:15:04 +0400


Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։ Այդ թվերն են բարձրաձայնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում: Նախարարի պաշտոնը զբաղեցնող Թորոսյան Արսենի ասելով, նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։ Սակայն, չգիտես ինչու, չի նշել այն. դա 1.7 է: Այսինքն, հայր ու մայր ունեցող յուրաքանչյուր 100 ընտանիքում առկա է 170 երեխա: Այնինչ, պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ մակարդակը, կամ, այլ խոսքով, մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը կազմում է 2.15: Այսինքն, յուրաքանչյուր 100 ընտանիք առնվազն պետք է ունենար 215 երեխա:
Հիշում եք, չէ՞, որ 2019-ին դեռևս «դուխով» Նիկոլը զարգացման ծրագիր էր ներկայացրել 2050 թվականի առումով: Եվ այդ ծրագրում առկա էր նաև ՀՀ բնակչության թվաքանակը. այն պետք է կազմեր 5 միլիոն: Այսօր Հայաստանոմ պաշտոնապես ապրում է 3 միլիոն մարդ: Քանի որ բացարձակ վստահություն չունեմ Նիկոլի օրոք պաշտոնական տվյալների առումով՝ այն ընդունենք հավասար երկուսուկես միլիոնի: Ասեմ, որ նախկինների օրոք էլ չկար վստահություն, բայց դա բացարձակ չէր: Ուղղակի կասկածելի էին բոլոր այն թվերը, որ հաղորդվում էին պաշտոնապես: Ինչևէ, արհեստական բանականությանը տրված հարցին, թե «որքա՞ն մարդ կապրի Հայաստանում 2050 թվականին 2,500,000 մարդու և պտղաբերության 1.7 գործակցի դեպքում», ԱԲ-ն պատասխանեց՝ 2,200,000 – 2,300,000 մարդ:

Իսկ այնուհետև հիմնավորեց իր պատասխանը: Քանի որ 1.7 ցուցանիշը ցածր է պարզ վերարտադրության շեմից, յուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից փոքր է լինում մոտ 15-20%-ով։ Եվ առաջիկա 24 տարիների ընթացքում բնակչության բնական նվազումը կհանգեցնի ընդհանուր թվաքանակի կրճատմանը։ Այնուհետև ներկայացրեց բնակչության թվաքանակի վրա ազդող հիմնական գործոնները: Առաջին, մայրերի թվաքանակի կրճատում, քանի որ որքան քիչ երեխա ծնվի, այնքան քիչ մայր կլինի հաջորդ սերնդում: Քանի որ ԱԲ-ն հաշվի չէր առել մեզանում նորածինների շրջանում սեռերի հարաբերակցությունը, այդ հարցը ևս տվեցի նրան: Պարզվեց, որ ի տարբերություն կենսաբանական բնական նորմայի, որը կազմում է 104-106 տղա՝ 100 աղջկա հաշվով, մեզանում այն կազմում է 110 տղա/100 աղջիկ: 2000-ականների սկզբում այդ հարաբերակցությունն ավելի աննորմալ էր՝ 120 տղա/100 աղջիկ: 20 տարում այդ ցուցանիշը նվազել է մերժված Սերժի օրոք (2016-ին) իրականացված պետական դրական միջամտության (12 շաբաթականից հետո սեռի որոշմամբ աբորտների արգելք) և հանրային իրազեկման շնորհիվ: Աղջիկների ավելի քիչ լինելը ևս կնվազեցնի մայրերի քանակը: Այդ հարցը կլուծվեր՝ եթե դրսից հարս բերվեր Հայաստան, ինչն ընդունված ավանդույթ չէ: Չնայած «Հարսնացու հյուսիսից» գեղարվեստական կինոնկարի (1975 թ.) ժողովրդականությանը:

Վերադառնանք բնակչության թվաքանակի վրա ազդող հիմնական գործոններին: Երկրորդը բնակչության ծերացումն է: Տարեցների տեսակարար կշռի ավելացման հետևանքով կբարձրանա մահացության բնական մակարդակը, ինչն էլ ավելի կարագացնի բնակչության նվազումը։ Երրորդը միգրացիայի գործոնն է. 2,200,000 – 2,300,000 մարդու առումով հաշվարկը հիմնված է զրոյական միգրացիոն սալդոյի վրա (երբ երկրից մեկնողների և ժամանողների թիվը հավասար է)։ Եթե արտագաղթը շարունակվի, բնակչության թիվը կարող է նվազել նշված շեմից էլ ցածր՝ հասնելով մինչև 2,000,000-ի: Բայց 2025 թվականի առումով ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն կազմել է +8,600 մարդ: 2026-ի առաջին կիսամյակի համար այն կազմել է +2,500: Պարզ թվաբանական հաշվարկի դեպքում նվազումը կազմում է 3.44 անգամ: Բայց հաշվի առնելով, որ տարվա վերջին սովորաբար ավելի շատ մարդ է ժամանում, ապա տարբերությունը կկրճատվի: Կարող է նույնիսկ ավելի կրճատվել, եթե Ռուսաստանից զանգավածաբար հեռացնեն մեր «խոպանչիներին»: Ինչպես դա տեղի ունեցավ 2008 թ.-ից հետո վրացիների դեպքում:

Իսկ հիմա վերադառնանք նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին: Վերջինս ասել է, որ պտղաբերության ցուցանիշի նվազման դեպքում «դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»: Ճշտեմ, դա կլինի ոչ թե լուրջ խնդիր, այլ մեր պայմաններում կատաստրոֆիկ իրավիճակ: Էլ չեմ խոսում 2050 թվականին 5 միլոն բնակչություն ունենալու մասին: Այդ անձն ընդգծել է, որ «ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը»։ Ասեմ, որ վերջինս հեծանիվ չի հայտնագործել. նրա ասածն այդ բարդ խնդրի լուծման ստանդարտ եղանակ է: Մնում է, որ հրաշք պատահի ու գործող իշխանությունն ինքն իրեն հսկայական պարգևավճարներ հատկացնելու փոխարեն միջոցներ ուղղի այդ խնդրի լուծմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ Mon, 13 Jul 2026 15:26:45 +0400 Երևան քաղաքի Կենտրոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով