Արտաքին և ներքին ներդրողներ՝ խելոք աշխատեք, եթե ուզենք՝ կխլենք
Mon, 20 Jul 2026 22:30:21 +0400

Համաշխարհային բանկը 2026-ի համար Հայաստանի մասով ոչ միանշանակ կանխատեսումներ է արել: Չնայած նշվում է, որ տնտեսական կայուն ցուցանիշը առկա է այս պահին, սակայն կան ռիսկեր, որոնց շարունակականության պարագայում հնարավոր են տնտեսական ցնցումներ Հայաստանի համար, օրինակ արտահանման, գնաճի, միջին և փոքր բիզնեսի, տոկոսադրույքների բարձրացման և այլնի մասով: Եվ այս մտահոգիչ կանխատեսումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հինգ միլիարդ պարգևավճար բաժանելու հրաման է ստորագրում:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության համահիմնադիր Նաիրի Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների ֆոնին Փաշինյանի կողմից հերթական բազմամիլիարդանոց պարգևավճարներ հատկացնելն ու մյուս քայլերը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է, ՀՀ դիմադրողականության ջարդումը և բոլոր քայլերը հենց այդ տրամաբանական շղթայի մասն են կազմում: Հետևաբար, տնտեսության ոչ բարվոք վիճակում պարգևավճարների բաժանումը մի կողմից շնորհակալություն է իր թիմակիցներին կամ տարբեր ոլորտների ու համակարգերի ղեկավար կազմին՝ որպես պարգևատրում, որովհետև ըստ էության, ոչ մի պետական գործառույթ չեն իրականացրել և որևէ արդյունք չեն արձանագրել: «Մյուս կողմից նպատակը պետականության դիմադրողականության ջարդումն է, այլ նպատակ` պարգևավճարների տրամադրումը, չունի: Բազմիցս կրկնել եմ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմին պարգևավճարներ չեն հասնում, պատգամավորներին պարգևավճարներ չեն հասնում: Այ ստորին և միջին օղակներում եղած պետական աշխատողներին, այո, նրանց հասնում է պարգևավճար, որովհետև ամբողջ կառավարման բեռը նրանց ուսերին է եղել ու կա: Եվ բնականաբար, սա դժգոհություն է առաջացնելու, որովհետև եթե առավոտից երեկո տանջվող, աշխատող մարդիկ, ովքեր այդ բեռն իրենց ուսերին են կրում՝ պարգևավճար չեն ստանում, իսկ քաղաքական պաշտոնյաները, որոնք ոչնչով չեն զբաղվում կամ ՀՀ կազմաքանդմամբ, լուծարմամբ են զբաղված, նրանք ստանում են պարգևավճար, սա բնականաբար անարդարության զգացում է առաջացնում և դժգոհությունների ալիք է բարձրացնում»,-ասաց Սարգսյանը:
Նաիրի Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանից արտահանումների մոտավորապես 40 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը, եթե չասենք գյուղմթերքի մոտավորապես 100 տոկոսը: Այսինքն, սա նշանակում է, որ Հայաստանի եկամուտների քառասուն տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: «Տարբեր ժամանակահատվածներում մինչև 15-20 տոկոս կրկին Ռուսաստանին է բաժին հասնում, բայց քանի որ Հայաստանում կա երկակի նշանակության ապրանքների արտահանման արգելք, շատ դեպքերում դրանք այլ երկրների միջոցով, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով են ռեէքսպորտ արվում կամ ընդհանրապես արտահանումը տեղի ունենում: Եթե հանրագումարի բերենք, արտահանումների մոտավորապես կեսը Ռուսաստանին է բաժին հասնում»,- շեշտում է «Հայաստանը ես եմ»-ի ղեկավարը:
Հաջորդ եկամտի աղբյուրը զբոսաշրջային այցելություններն են, ինչը նշանակում է, թե որքան գումար են Հայաստանի Հանրապետությունում թողնում զբոսաշրջիկները: Եվ զավեշտալին այն է, որ հենց այս կառավարության տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն, այս ոլորտում ևս եկամուտների հիսուն տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին: «Հաջորդ եկամտի աղբյուրը՝ տրանսֆերտներն են, այսինքն, արտագնա աշխատանքի մեկնողների՝ իրենց հարազատներին ուղարկած գումարները: Սրա մոտավորապես յոթանասուն տոկոսն է բաժին հասնում ՌԴ-ին: Գրեթե բոլոր եկամտի աղբյուրները թվարկեցինք, այսինքն, մոտավորապես ամեն ինչի կեսից ավելին, այսինքն, եկամուտները Ռուսաստանից են գալիս: Պատկերացրեք, սա կրճատվում է, սրա կրճատվելն առաջացնում է շղթայական ռեակցիա, գործարանները, վերամշակող արդյունաբերությունը, որը արտադրանքը արտահանում է ՌԴ, այլևս չունի եկամտի աղբյուր, հետևաբար չի կարող աշխատավարձ վճարել, չի կարող իր հաստատուն ծախսերը կատարել: Աշխատավարձի չվճարման պայմաններում բնականաբար դա ուղեկցվում է գործազրկությամբ, այսինքն, աշխատանքից զանգվածային ազատումներ»,- նկատում է Սարգսյանը:
Մարդկանց մոտ եկամտի բացակայությանը հաջորդելու է սպառման բացակայությունը, եթե չկա եկամուտ՝ չի կարող ծախս կատարել, ինչը նշանակում է աղքատության աճ, որը այժմ քառասուն տոկոս է՝ ըստ աղքատության վերին գծի՝ 64.000 դրամի: Այսինքն, 64.000 դրամից ցածր ստացողները համարվում են աղքատ, եթե հիմա քառասուն տոկոսն է աղքատ, ապա հերիք է պատկերացնել, թե ինչքան կարող է այդ աղքատությունը ավելանալ: «Միևնույն ժամանակ, բացի աղքատության ավելացումից, բացի գործարանների փակումից, պետական եկամուտներն էլ են կրճատվում, եթե չկա սպառում՝ սպառումը նվազում է, որովհետև յուրաքանչյուր սպառումից քսան տոկոս ԱԱՀ է գեներացվում, սա կրճատվում է: Եթե գործարանները չեն աշխատում, բնականաբար շահույթ չի ստացվում, և շահութահարկ չի գեներացվում, եթե աշխատակիցները աշխատանքից ազատվում են, նրանց աշխատավարձից եկամտային հարկ չի գեներացվում: Այսինքն, պետական բյուջե մտնող երեք խողովակների հոսքն էլ կրճատվում է, համատարած բացասական ազդեցություն է և մարդկանց կենսամակարդակի, և տնտեսության և պետական բյուջերի վրա լինում է շատ խիստ բացասական»,-ասաց Նաիրի Սարգսյանը: Իսկ ինչպե՞ս է ազդելու ներհայաստանյան տնտեսական վիճակի վրա քաղաքական հետապնդումների արդյունքում, օրինակ, Գագիկ Ծառուկյանին և իր ընտանիքին պատկանող գործարան- ձեռնարկությունների փակումը, «Աուդիտորների պալատի» նախագահն ասաց, որ երկու տեսակի ազդեցություն է թողնում ՀՀ տնտեսության վրա այս իրավիճակը: «Մի կողմից գործող կազմակերպությունների աշխատանքի դադարում, որից այդ նույն տրամաբանությամբ աշխատավարձ չի գեներացվում, տնտեսական աճի վրա ազդեցություն չի թողնում, այսինքն լրացուցիչ արտադրանք կամ ծառայություն չի թողնում: երկրորդ ազդեցությունը շատ ավելի վտանգավոր է երկարաժամկետ կտրվածքով, դա Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ պլանավորումների մեջ ներդրումների շարունակական բացասականությունն է, այսինքն ներդրումների բացակայությունն է, չեն անելու ներդրումներ: Մի երկիր, որտեղ անվտանգային ճարտարապետություն գոյություն չունի, դրամավարկային կայունություն գոյություն չունի, հարկաբյուջետային կայունություն գոյություն չունի, մի հատ էլ դրան գումարվում է սեփականության իրավունքի անքակտելիության խախտումը, որ ամբողջ աշխարհում է ամրագրված, նման երկրում որևէ մեկը երբևէ ներդրում չի իրականացնում: Այսինքն, սա մեսիջ է արտաքին ու ներքին ներդրողներին, թե ՝ խելոք կգնաք, կաշխատեք, ինչ մենք կորոշենք՝ դա կլինի, կուզենք՝ կխլենք ձեր ունեցվածքը, չենք ցանկանա՝ չենք խլի, եթե մեզ ենթարկվեք: Այսինքն, եթե ըմբոստ չլինեք և այլն, և այլն, իսկ ըմբոստությունը մի բան է բիզնես աշխարհում, ներդրումային քաղաքականության մեջ, որ եթե մարդը ըմբոստ չլինի, եթե մարդը սեփական ռիսկերը գնահատելու կարողություն չունենա, երբեք բիզնեսով չի զբաղվի: Այսինքն, ինքը տեսակով արդեն ըմբոստ է, հետևաբար, սա ևս զրույցի սկզբում նշված Հայաստանի Հանրապետության լուծարման Նիկոլ Փաշինյանի նպատակի տրամաբանական շարունակությունն է»,-եզրափակեց Նաիրի Սարգսյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր