«Հրապարակ». Եթե գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա Նվեր Ծառուկյանին պատկանող 3 վագրե՞րն ինչու են բռնագրավել

«Հրապարակ». Եթե գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա Նվեր Ծառուկյանին պատկանող 3 վագրե՞րն ինչու են բռնագրավել

Sat, 18 Jul 2026 09:15:31 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է վայրի կենդանիների ներկրմամբ զբաղվող, «Զու ֆաունա արտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Խաչատրյանը, որը նաեւ մասնակցություն է ունեցել Գագիկ Ծառուկյանի կողմից վայրի կենդանիների ձեռքբերման գործընթացին:

– Տեղեկություններ կան, թե Գագիկ Ծառուկյանն իր առյուծներին անօրինական է ձեռք բերել, որսագողության արդյունքում եւ այլն:

– Ցանկացած կենդանի` աշխարհի մասշտաբով, բացի սպիտակ ու սեւ պանդաներից, որոնք Չինաստանի կառավարության սեփականությունն են համարվում, եւ բացի անհետացման վտանգի տակ գտնվող մի քանի տեսակ կենդանիներից ու թռչուններից, ցանկացած մարդ կարող է ունենալ սեփական կենդանիներ: Կարեւոր չէ` Կարմիր գրքում է գրանցված, թե՝ ոչ: Աշխարհի մասշտաբով, ցանկացած մարդ, որ կենդանու ձեռքբերման օրինական փաստաթղթեր ունի, կարող է ունենալ այդ կենդանուն ու պահել: Չկա այդպիսի հասկացություն՝ կարմիր գիրք, սեւ գիրք, որ ինչ-որ մեկը չի կարող այդ կենդանուն պահել, ունենալ: Ամենակարեւորը՝ կենդանիները պետք է ձեռք բերվեն համապատասխան օրինական փաստաթղթերով, տեղափոխվեն օրինական ճանապարհով:

– Այսինքն՝ անօրինական ճանապարհներով կենդանու ձեռքբերում, տեղափոխում հնարավոր չէ՞:

– Անհնար է: Հարավաֆրիկյան Հանրապետության օրինակը ես բերեմ․ երբ ինչ-որ կենդանատեսակ անօրինական փորձեք դուրս հանել այդ պետությունից, ձեզ կհասնի 30 տարվա բանտարկություն։ Պլյուս` հնարավոր չէ այնքանով, որ անմիջապես գալիս են բնապահպանական ոստիկանությունը, անասնաբուժական տեսչությունը եւ կենդանիների պաշտպանության պետական կազմակերպություններ ու սկսում են այդ կենդանիներին ստուգել: Ստուգում են չիպերը, փաստաթղթերը, որոնցում գրանցված են կենդանիների առանձնահատկությունները՝ տարիքը, սեռը, արտահանման նպատակը։ Այս պրոցեսը շատ խիստ է, ահավոր խիստ է:

– Այսինքն, Ծառուկյանի այգում պահվող կենդանիները չիպավորվա՞ծ են:

– Այո, այդ առյուծները վայրի բնությունից վերցված չեն, նրանք բուծված են անազատ պայմաններում, որի համար ունեն համապատասխան միջազգային սերտիֆիկատ, որը կոչվում է CITES։ Այն տրամադրվում է կենդանիներ արտահանող եւ ներմուծող կազմակերպությանը, որը հանդիսանում է միաժամանակ ներմուծման թույլտվություն: Այսինքն, մեր բնապահպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետությունից դուք արդեն պարտադիր չէ, որ ստանաք ներմուծման թույլտվություն, բայց դուք պարտավոր եք ստանալ անասնաբուժական տեսչությունից ներմուծման թույլտվություն։

– Այսինքն, CITES սերտիֆիկատը համարվում է վերպետական փաստաթուղթ եւ նշանակում է, որ կարող եք երկիր ներմուծել կոնկրետ կենդանի:

– Այո, դա միջազգային է, յուրօրինակ գրին քարտ է, որում արտացոլվում է կենդանու սեռը՝ էգ, թե որձ է, միկրոչիպ, մոտավոր տարիք, ինչի համար է տեղափոխվում կենդանին, նպատակը: Այդ ամենը պրն Ծառուկյանի առյուծներն ունեն: Նրանք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 13.05.2016 թվականին, օրիգինալ փաստաթուղթն իմ ձեռքին է: Այդ ժամանակ առյուծները եղել են մոտավորապես, ենթադրենք, 4-5 ամսական, ոչ ավել:

– Ներմուծո՞ւմն է միայն վերահսկվում, թե՞ համապատասխան պայմանների ապահովումն էլ:

– Ներմուծող կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան պայմաններ: Մեր կազմակերպությունն այդ բոլոր պայմաններն ունի, մենք ենք եղել ներմուծողը, հետո տվել ենք պրն Ծառուկյանին՝ հասկանալով, որ ինքն ունի համապատասխան ու դեռ պահանջվող չափանիշներից շատ ավելի բարձր մակարդակի պայմաններ՝ այդ կենդանիներին պահելու համար: Շրջակա միջավայրի նախարարության կողմից սահմանվող բարձր պահանջներից շատ ավելի լավ պայմաններում է պահել պրն Ծառուկյանը կենդանիներին: Բացի այդ, պարոն Ծառուկյանը դիմել է ՇՄՆ-ին, եւ այդ առյուծները շրջակա միջավայրի նախարարության CITES-ի գրանցամատյանում գրանցված են իր եւ իր որդու անուններով: 3 վագրերը գրանցված են նրա որդու անունով, եթե գործը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին, ապա ինչո՞ւ Նվեր Ծառուկյանին պատկանող երեք վագրերը բռնագրավեցին-տարան: Այսինքն, ՇՄ նախարարությունը շատ լավ տեղյակ է, որ այդ կենդանիներն իրենց մոտ գրանցված են: Այդ գրանցամատյանն իրենք չեն կարող փոխել, դա միջազգային CITES-ի գրանցամատյանն է, բացառված է, որ մեկը ինչ-որ տրյուկներ անի: Գագիկ Ծառուկյանն ու Նվեր Ծառուկյանը դիմել են ՇՄՆ-ին, որպեսզի ստանան պահման թույլտվություն, որին վերաբերող օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականին, 111 օրենքը, որ պարտադիր պետք է գրանցվեն: Պարոն Ծառուկյանի դիմումը ՇՄՆ-ն մերժել է: Մերոնք օրենք էին ընդունել, որով կենդանի ունեցողները պետք է ստանան պահման թույլտվություն: Մերժեցին, թե իբր կոկորդիլոսների թղթերը լիարժեք չէին: Օրինական ձեւով կենդանին ունես` միջազգային կարգին համապատասխան, ունես պայմաններ` բարձր մակարդակի, բայց միաժամանակ ՀՀ ՇՄՆ-ն պահանջում է պահման թուղթ, ասում են՝ հիմա էլ պահման թուղթ ստացեք։ Ի՞նչ է սա, եթե ոչ չինովնիկական բեսպրեդել։ Ո՛չ տեսչական մարմինը, ո՛չ ՇՄՆ-ն չեն բարեհաճել գնալ, կատարել ստուգում՝ մինչեւ այս վերջին դեպքերը, ինչն իրենք պարտավորել էին անել, ու թող ուրիշի գրպանն էլ գրանատ չգցեն: Ցույց տվեք 10 տարվա ընթացքում ձեր կողմից արված գոնե մեկ այցի ակտ, որտեղ ֆիքսել եք, որ այցելել եք այդ կենդանիներին, ստուգել եք նրանց պահման պայմանները, այսինքն՝ կատարել եք ձեր պարտականությունը։

– Քննարկումներ ծավալվեցին նաեւ խրտվիլակների շուրջ, թե իբր կենդանիներին սպանել է Ծառուկյանը, որ խրտվիլակ սարքի:

– Շատ վաղուց ես լսել եմ, որ, սկսած այն ժամանակներից, երբ կենդանաբանական այգու ղեկավարը պարոն Աբովյանն էր, ինքը շատ նվերներ է ուղարկել պարոն Ծառուկյանին՝ անկած կենդանիներին խրտվիլակ սարքելու համար։ Այսինքն, իրենք չեն կարողացել ինչ-ինչ պատճառներով անկած կենդանու խրտվիլակը սարքել, ուղարկել են պարոն Ծառուկյանին՝ ինքն է սարքել: 20, 30 տարի առաջ կենդանաբանական այգին պարոն Ծառուկյանին ուղարկել է սպիտակ վագրեր եւ անկած կենդանիներ: Բացի այդ, պրն Ծառուկյանը շատ երկար տարիներ է, ինչ կենդանիներ է պահում, իր անկած կենդանիներին էլ է խրտվիլակ սարքել, որպեսզի չշպրտեն, ափսոս է` սարքել են։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում եւ համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանի պես կենդանասեր մարդու խրտվիլակների հավաքածուի 99 տոկոսն անկած կենդանիների մարմիններից ստացված խրտվիլակներ են։

– Այսինքն, միջազգային պրակտիկայում դա դատապարտելի չէ՞:

– Հասարակ բան է, ամբողջ ՀԱՀ-ը, Միացյալ Նահանգներ մտնես` որսն անես, միսը կուտես, խրտվիլակն էլ կանես․ դա նորմալ պրակտիկա է, ոչ ոք չի արգելում: Տեխասը, օրինակ, որսի պոլիգոն է՝ բիզոններ, անտիլոպներ, 1960-ականների հայկական մուֆլոն էլ են տարել ԱՄՆ՝ Տեխաս, ու կարող ես գումար վճարել, Տեխասում որսալ հայկական մուֆլոն։

– Այսինքն՝ հատկապես թանկարժեք, հազվագյուտ տեսակներն անկումից հետո են միայն խրտվիլակ սարքում:

– Իհարկե, հո չե՞ն տանելու շպրտեն, բա ափսոս չէ՞, վաղը կարող ես նվիրել ինչ-որ թանգարանի՝ կենդանաբանության, կենսաբանության, համալսարաններին կարող ես նվիրել՝ մասնագիտական ֆակուլտետներին, ինչի՞ շպրտես, հիմարություն է նման բան անելը, հատկապես՝ հազվագյուտ կենդանիների պարագայում:

– Այս իշխանությունների վրա կարո՞ղ են ազդել միջազգային կազմակերպությունները:

– Գիտեք, չակերտավոր փող լվացող էկոպաշտպան կազմակերպություններն աշխարհով մեկ են, ամենաշատ փող աշխատող կազմակերպությունները դրանք են, իբր պաշտպանում են, էս են անում, էն են անում, բայց արանքում ամենաշատ փողը դրանք են փախցնում: Օրինակ, հենց երե՞կ իմացան, որ պարոն Ծառուկյանը կենդանիներ ունի, խրտվիլակներ է պահում, այսինքն, 30 տարի բնապահպանության նախարարությունն ուղտի ականջո՞ւմ էր քնած՝ տեսչության հետ: Բացի այդ, հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է COP 17 միջազգային բնապահպանական հեղինակավոր ֆորումը։ Այդ ֆորումից անմիջապես առաջ նման խայտառակ բնապահպանական սկանդալի մեջ հայտնվելը լրջորեն հարվածում է Հայաստանի միջազգային իմիջին, ինչը ցանկալի չէ։

– Կենդանիները դարձել են քաղաքական հետապնդումների զո՞հ:

– Երեւի՝ հա, գիտեք, պետությունը կենդանիներին տեղափոխել է, դա դեռ չի նշանակում, թե անվերադարձ։ Հույս ունեմ, որ քննության ավարտից հետո կենդանիներին կվերադարձնեն տիրոջն ու այդ կենդանիներին էլ` իրենց տունը դարձած կեցավայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր հայտարարություն` Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ

Նոր հայտարարություն` Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ Fri, 17 Jul 2026 15:33:08 +0400 Հայտարարություն Տեղեկացնում ենք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով