Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Ծառուկյանի համար բանտախցում դաժան պայմաններ են ստեղծել

«Հրապարակ». Ծառուկյանի համար բանտախցում դաժան պայմաններ են ստեղծել

Tue, 04 Aug 2026 09:15:20 +0400


Օգոստոսի 7-ին կլրանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մեկ ամիսը: Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին իր առանձնատանը մոտ 12 ժամ տեւած խուզարկությունից հետո։ Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ Քննչական կոմիտե, նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու եւ փողերի լվացման հոդվածներով:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել եւ ղեկավարել է հանցավոր խումբ, որն Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս: Այնուհետեւ, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք: Ծառուկյանի փաստաբանները պնդում են՝ մեղադրանքն անհիմն է: Փաստաբանների խոսքով՝ «դատարանը փաստարկներով առհասարակ հետաքրքրված չէր»: Նկատենք, որ դատական նիստը դռնփակ է եղել, եւ ԶԼՄ-ները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու իրավապահների հիմնավորումներին: Մեղադրող կողմը նաեւ լրատվամիջոցների հետ չի շփվել: Նկատենք նաեւ, որ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ` քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ բանտարկելու է ընդդիմադիր երեք առաջնորդներին: Մենք տեղեկացել էինք, որ ժողովրդավարության շղարշի տակ թաքնված իշխանությունն ընդդիմադիրներին կալանավորելով եւ ունեզրկելով չի սահմանափակվում, այլեւ քրեակատարողականներում աննախադեպ վատ պայմաններ է ստեղծում, որպեսզի իր քաղաքական հակառակորդներն անգամ բանտախցում զրկված լինեն ամենատարրական կենցաղային պայմաններից:

Մեզ պատմեցին, որ Գագիկ Ծառուկյանի բանտախցում նրան համապատասխան մահճակալ չի եղել: Գաղտնիք չէ, որ Ծառուկյանը բարձրահասակ եւ հաղթանդամ է, սակայն նրան տրամադրվել է բավականին փոքր մահճակալ: ԲՀԿ առաջնորդը նաեւ շաքարային դիաբետ ունի եւ պարբերաբար ինսուլինի անհրաժեշտություն է ունենում: Ծառուկյանի փաստաբանական խմբից Էմին Խաչատրյանից «Հրապարակը» հետաքրքրվեց․ ի վերջո` քրեակատարողականը լուծե՞լ է մահճակալի հարցը, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս է Ծառուկյանի առողջական վիճակն այժմ, նրան բժշկական աջակցություն ցուցաբերվո՞ւմ է, թե՞ ոչ:

Էմին Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց. «Ես այցելում եմ Ծառուկյանին, անկեղծ ասած, մահճակալի մասով չունեմ տեղեկություն: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ես որեւէ հայտարարություն առանց նրա թույլտվության չեմ կարող անել, դա նրա մասնավոր կյանքին է վերաբերում: Մահճակալի մասով էլ` ստանդարտ մահճակալներ են: Պարոն Ծառուկյանն ինձ նման հարցով չի բողոքել, չի ասել, որ խնդիր կա, թեպետ հիմնականում ես եմ նրա մոտ գնում-գալիս: Գագիկ Ծառուկյանը փոքր-ինչ վրդովված է այս ոչ արդար վիճակից, սակայն ֆորմատի մեջ ամեն բան նորմալ է: Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի մասով կարող եմ ասել, որ բժիշկներ չեն գնում-գալիս, այնտեղ կա բժշկական կետ, եւ եթե կարիք է լինում, կատարվում է հսկողություն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Tue, 25 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով