Փաշինյանն ասել է՝ ինչու դեռ ընտրություն չեն կատարել ԵՄ-ԵԱՏՄ-ի հարցում
Fri, 07 Aug 2026 10:32:40 +0400

Գրել էինք, որ Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ներկայումս չի կարող ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև:
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ՀՀ–ն ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով:
Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք քաղաքացիներից ակնկալում ենք մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։ Դա կնշանակի՝ մենք ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ ենք կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից է լինելու ժողովրդի հանդեպ և անտրամաբանական»,- պնդել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր