Երկրորդում եմ Էդգար Ղազարյանին
Sat, 15 Aug 2026 18:15:41 +0400

ՔՊ-շնիկների արձագանքներից պարզեցի, որ նրանք մինչեւ հոգու խորքը վիրավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթում հնչած «սրիկայաբար» բառից: Պարոն Ղազարյանը ՀՀ իշխանություններին մեղադրել էր պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը «սրիկայաբար» շահարկելու մեջ:
Սկսենք այնտեղից, որ հանուն հայրենիքի ընկած զինվորների հիշատակի յուրաքանչյուր շահարկում, ում կողմից էլ դա տեղի ունենա, սրիկայություն է, դեռ մի բան էլ ավելի: Ով էլ դա անի՝ սրիկա է, ստոր, անազնիվ, խարդախ մարդ, ավազակ, դատարկապորտ, փողոցային: Մի ՔՊ-շնիկ տիկին սարսափելի վիրավորվել էր այդ բառից, թե բա՝ Ղազարյանը մեզ ասաց՝ սրիկա… Դա նորմա՞լ է: Տիկին ջան, «սրիկա»-ն նորմալ գրական բառ է, հանդիպում է շատ ու շատ գրողների գործերում: Էդգար Ղազարյանը, սակայն, ձեզ «սրիկա» չի անվանել, նա ձեզ մեղադրել է մեր նահատակների հիշատակը սրիկայաբար (սրիկայի նման, սրիկայի հանգույն) շահարկելու մեջ: Այնպես որ, առաջարկում եմ՝ քաղաքականությունն ու քաղաքական գնահատականը չշփոթել փողոցային բառապաշարով անվանարկումների հետ, որոնցով աչքի է ընկնում իշխանական այս բիոմասսան՝ իր առաջնորդի գլխավորությամբ:
Ասեմ, որ երկրորդում եմ Էդգար Ղազարյանի այդ ելույթը ծայրից ծայր: Եթե դուք ուղեղ ունենայիք, հարգելի ՔՊ-շնիկ պատգամավորներ, կվիրավորվեիք ոչ թե այդ մեկ հատիկ «սրիկայաբար» բառից, այլ նրա ողջ ելույթից, որտեղ 2018 թվականից ձեր վարած քաղաքականությունը, ոչ ավել, ոչ պակաս, դիտարկված է որպես սրիկայություն, դավաճանություն, հայրենադավություն, հայրենազրկում, երիտասարդ սերնդի սպանդ:
Դուք եկել, «սրիկայաբար» բառից եք կառչել, որ ի՞նչ անեք, մոռացությա՞ն տաք ողջ ելույթը, խլացնե՞ք ձեր բարձրացրած աղմուկի մեջ: Չի ստացվելու: Այդ ելույթը, դուք ճիշտ եք ասում, լսել է նաեւ մեր ժողովուրդը, որի հիշողությունը, որքան էլ կարճ, լավագույնս պահպանել է թե՛ 2018թ. թավշյա խեղկատակության, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ անփառունակ կապիտուլյացիաների եւ թե՛ Արցախի հանձնման ու հայաթափման ողջ պատմությունը: Դուք ուզում եք ասել, որ այս ամենը կարելի էր անել ու դեռ չարժանանա՞լ «սրիկայաբար» բառին: Չէ, իսկապե՞ս դուք կարծում եք, որ սրիկայություն չէ թշնամի պետության հետ ժողովրդի թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերելը, գաղտնի ծրարներ փոխանակելը, բանակցություններից միակողմանի դուրս գալն ու գործը պատերազմի հասցնելը: Այդ դեպքում դուք ձեր գնահատականը տվեք այն ամենին, ինչ արել եք 2018 թվականից սկսած: Եվ, եթե կարելի է, սկսեք Սասուն Միքայելյանի հայտարարությունից, որով «թավշյա խեղկատակությունն» ավելի բարձր էր գնահատվում, քան Արցախյան ազատամարտը: Ի՞նչ էր այս հիմարությունը, եթե ոչ Արցախյան հաղթական ազատամարտի զոհերի հիշատակի շահարկում, այն է՝ սրիկայություն:
Էդգար Ղազարյանի հետ հատուկ բարեկամություն չունեմ, կերուխումերի չեմ մասնակցել: Մեր բոլոր շփումները տեղի են ունեցել լրագրող-հասարակական գործիչ ձեւաչափում, եղել ենք ֆեյսբուքյան ընկերներ, եւ միայն այդքանը: Համաձայն չեմ եղել, ավելին, ընդդիմացել եմ իմպիչմենտի հետ կապված նրա բոլոր նախաձեռնություններին, համարել, որ Նիկոլի իշխանության պարագայում դրանք ինքնանպատակ են, քանի որ չկան համապատասխան նախադրյալները: Ընդհուպ՝ վիճել ենք: Բայց դա հիմք չէ, որ ես ինձ էշի տեղ դնեմ ու չնկատեմ Էդգար Ղազարյանի հիրավի փաստարկված ելույթը, որով նա, ըստ էության, վերաթարմացրեց մեր մթագնող հիշողությունը ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին:
Այո, նաեւ չպետք է մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Նախորդ գումարման (2021թ.) խորհրդարանը չլուծեց Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը: Այս խորհրդարանը պետք է լուծի այդ հարցը: Չգիտեմ՝ ինչպես, չգիտեմ՝ ինչ ժամկետներում, բայց պետք է հասնի Փաշինյանի հրաժարականին ու նրա գլխավորած բիոմասսայի՝ կառավարական շենքերից հեռացմանը: Էդգար Ղազարյանի ելույթում հնչած գնահատականները նաեւ այս մասին են, ու պիտի ամեն ինչ անել, որ ՀՀ տակավին գործող իշխանությունները չշարունակեն 2018 թվականից որդեգրած սրիկայությունը՝ նոր տարածքներ չզիջեն, թշնամուն չհանձնեն երկրի արտադրական եւ էներգետիկ հզորությունները, չուրանան անցյալը, չպղծեն Եկեղեցին, չփակեն Հայաստանի պատմության վերջին էջը:
ՀԳ. Նկատել եմ՝ ՔՊ-ն միշտ այսպես լեղաճաք է լինում, երբ խոսք է բացվում ժողովրդից ունեցած իրենց գաղտնիքների մասին: Բա որ գաղտնիքներն սկսեն բացահայտվել, ի՞նչ կանեն…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր