Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան

«Հրապարակ». Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան

Wed, 19 Aug 2026 10:15:34 +0400


Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը սկսել է շփոթել Իջեւանի իր հայրական տան հետ: Նա կարծում է, թե իրեն քննադատող բոլորի մուտքը Հայաստան կարող է արգելել: Մարդիկ գալիս հասնում են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, սահմանային ծառայությունը, առանց որեւէ պատճառ նշելու, ասում է` ձեր մուտքը երկիր արգելված է, եւ մարդիկ հետ են մեկնում: Խոսքն օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնց մեծ մասն ազգությամբ հայ է: Սա աննախադեպ երեւույթ է, առաջներում մարդիկ չեն հիշում նման բան, որ իշխանություններին քննադատելու համար մարդուն պերսոնա նոն գրատա հայտարարեին եւ չբացատրեին պատճառները: Դրանց շարքում են Անդրանիկ Միհրանյանը, Մուրադ Փափազյանը, Մարգարիտա Սիմոնյանը եւ այլք, թեեւ Մուրադ Փափազյանը դատական կարգով հասավ իր հանդեպ արգելքի վերացմանը: Այս անձինք գոնե հանրությանը հայտնի դեմքեր են, պարզվում է՝ իշխանությունները ոչ միայն ընդդիմադիր հանրային դեմքերին են խոշորացույցի տակ վերցրել, այլեւ՝ շարքային քաղաքացիներին:Վարդգես Փիրուզյան անունով ֆեյսբուքյան օգտատերը դիմել էր «Հրապարակին» եւ պատմում էր, որ օրեր առաջ անակնկալի է եկել:

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային ծառայությունում իրեն հայտնել են, որ իր մուտքը Հայաստան արգելված է, անգամ ինչ-որ թղթի կտոր են տվել` ձեռագիր նշումներով: Փիրուզյանն ասում է, որ իրեն չեն ասել, թե որն է արգելքի պատճառը, միայն ասել են՝ չեք կարող Հայաստան մուտք գործել։ «Վիզայի հետ խնդիրներ չունեմ, փաստաթղթերի հետ խնդիրներ չունեմ, պատճառն իմ ֆեյսբուքյան գրառումներն են եւ իմ քննադատությունը` ուղղված իշխանություններին»,- ենթադրում է մեր զրուցակիցը: Այսինքն, մարդուն անգամ հստակ չեն ասել արգելքի պատճառը, նա ստիպված է ենթադրություններ անել, որ երեւի իր ֆեյսբուքյան ինչ- որ գրառումներ «բռնապետին» դուր չեն եկել:

«Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, բայց հաճախ եմ Հայաստան գալիս` բարեկամներիս այցելության, ինչպես նաեւ՝ գերեզմաններ եմ այցելում: Չգիտես ինչու, այս անգամ` օգոստոսի 9-ին, երբ Հայաստան եկա, ինձ արգելեցին մուտք գործել ՀՀ սահման: Վերջին անգամ երեք տարի առաջ էի եկել: Ես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ այն, ինչ գրում են բոլորը, այո, քննադատել եմ իշխանություններին, բայց առանձնապես վիրավորանքներ չեմ հնչեցրել, պարզապես քննադատել եմ, եւ դրա համար, հավանաբար, ինձ արգելել են Հայաստան մտնել»,- պատմում է նա: Մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը եւ ոչ մի արտառոց բան չտեսանք այնտեղ` շատ ավելի կոռեկտ եւ բարեկիրթ գրառումներ էին, քան շատ-շատերն են այժմ անում:

Մեր զրուցակիցը պատկերացում չունի, թե կոնկրետ որ գրառման համար են իրեն անցանկալի անձ համարել, եւ զարմանք է հայտնում` ո՞վ է տեսել քննադատության համար մարդու մուտքը փակեն. «Ոչ մի բան չեն ասում, ասում են` արգելքի պատճառն այլ է: Հարցնում եմ` ի՞նչ այլ պատճառ, չեն ասում: Ես պարբերաբար գրառումներ եմ անում, քննադատում եմ իշխանությանը, դա իմ իրավունքն է, որ ասեմ՝ միայն ես եմ քննադատում` չէ, այսօր գրեթե մեծ մասը քննադատում է իշխանությանը, բայց ես եմ հայտնվել թիրախում: Ահագին պահեցին օդանավակայանում, տպավորություն էր, որ հերթապահը չէր ուզում այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել, եւ միայն հերթափոխությունից հետո ինձ ճանապարհեցին Մոսկվա: Մի՞թե սրանք ուրիշ բանուգործ չունեն եւ Ֆեյսբուքում նստած հետեւում են, թե ով ինչ գրառումներ է անում»:

Մենք փորձեցինք իրավապահներից ճշտել` ի՞նչն է Վարդգես Փիրուզյանի մուտքը Հայաստան արգելելու պատճառը: Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում ասացին, որ այս առնչությամբ չունեն որեւէ տեղեկություն: Դե, իսկ ԱԱԾ-ն ամենաանթափանց կառույցն է, որից որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ հնարավոր չէ:
Հուսանք՝ այս հրապարակումը պաշտոնական հարցում կդիտվի, եւ ԱԱԾ-ից մեծ կտեղեկացնեն, թե ինչու են արգելել Վարդգես Փիրուզյանին՝ այցելել իր հայրենիք:

Հուսով ենք նաեւ, որ այս խնդրին կարձագանքեն փաստաբաններ, իրավաբաններ, որոնք կաջակցեն քաղաքացուն` վերականգնելու իր ոտնահարված իրավունքները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մարզերի ավագանիներն էլ Երեւանից մարզեր գնացող մեքենաների մուտքը կարգելեն

«Հրապարակ»․ Մարզերի ավագանիներն էլ Երեւանից մարզեր գնացող մեքենաների մուտքը կարգելեն Fri, 11 Sep 2026 10:15:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով