Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Կալանավորված եւ մահացած անձանց դեմ հարուցված վարույթը` Փաշինյանի պատվերով

Կալանավորված եւ մահացած անձանց դեմ հարուցված վարույթը` Փաշինյանի պատվերով

Wed, 26 Aug 2026 17:45:36 +0400


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավը շարունակվում է: Դատախազը երեկ հանրային քրեական հետապնդում է հարուցել «Գրիտտի», «Ֆասթ Քարթ» («PLAY CITY») և «Կինետիկ» («Օրանժ ֆիթնես») ընկերությունների գործող ու նախկին տնօրենների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար եւ շտապել է հանրային գիտակցության առումով տպավորիչ հաղորդագրություններ տարածել, որոնցից շարքային քաղաքացին ոչինչ չի հասկանալու, միայն մտածելու է` հա դե, թալանել են, թող գնան պատժվեն:

Այսպես. ըստ վարույթների տվյալների՝ չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 2 մլրդ 567 մլն դրամ։ «Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն 2018 թվականի մարտի 7-ից հանդիսանալով Երևանի Հյուսիսային պողոտա 3 («Ստեֆանո Ռիչի») և Թումանյան 12 հասցեներում («Կորնելիանի») գործող հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենը, 2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 577 միլիոն 83 հազար դրամ հարկերը: Քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Հ.Մ.-ն, ով 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում դիտավորությամբ չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 328 միլիոն 664 հազար դրամ հարկերը: Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի փետրվարի 13-ից Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա.Ա.-ի նկատմամբ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափերով՝ 141 միլիոն 54 հազար դրամ հարկերը չվճարելու համար: Դատախազը Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2012 թվականի հոկտեմբերի 17-ից Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող՝ սպորտային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության (Օրանժ ֆիթնես) տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 միլիոն 215 հազար դրամ հարկեր չվճարելու համար»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Մենք պարզեցինք, որ Օրանժ ֆիթնեսի տնօրեն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի դուստրն է, որի նկատմամբ կալանքի միջնորդությունը դատարանը մերժեց:

Բայց դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և փողերի լվացման 4 դրվագով։ Սա ի կատարումն` Նիկոլ Փաշինյանի բռնելու են, նստացնելու եմ, կզըցնելու եմ խոստման: Նույն վարույթով քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի, այդ թվում՝ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի նկատմամբ. Ում դատարանը երկամսյա կալանք սահմանեց, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարարի, նախկին վարչապետի` 2007 թվականին վախճանված Անդրանիկ Մարգարյանի և կալանավորված Գագիկ Բեգլարյանի` Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ։

Փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք` երբ գործարարը հարկեր է թաքցնում, սա արդյո՞ք միայն նրա մեղքն է, Պետական եկամուտների կոմիտեն այստեղ չունի՞ իր մեղքի բաժինը` չէ որ հարկերի վճարման գործընթացը հսկելի գործընթաց է եւ ՊԵԿ-ը նաեւ պարբերական ստուգումներ է իրականացնում, չէին կարող տասնյակ տարիներ հարկերը թաքցնել, իսկ հարկայինը դա չնկատեր:

Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց. «Իրավիճակները տարբեր են: Եթե անձը թաքցնում է իր եկամուտները, և դրանք ցույց չի տալիս, ապա այստեղ իրավիճակն այլ է: Երբեմն այնքան հմտորեն են թաքցնում, որ միջոցներ ձեռնարկելը դառնում է շատ դժվար: Երբեմն լինում են դեպքեր, երբ ՊԵԿ-ը տեսնում է խախտումները, արձանագրում է դրանք, և մոտավորապես երեք տարի հետո հաշվարկում է տույժեր, տուգանքներ: Ի դեպ` խոսքը վերաբերում է նաև միջին բիզնեսներին»:

Ալումյանը, ով նախկինում պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին` Մարտի 1-ի գործով, այս անգամ չցանկացավ անդրադառնալ այդ գործին` նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդուն առնչվող գործերին այս փուլում անդրադառնալ չի ցանկանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ Tue, 25 Aug 2026 20:45:32 +0400 «Քաղաքական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով