Հայկական տեղանունները, դրանց ստուգաբանությունը եւ թրքացման պատմությունը
Wed, 26 Aug 2026 22:45:22 +0400

Պատմական քարտեզներում՝ կազմված հայ և օտարազգի քարտեզագիրների կողմից, հայկական անվանումները հիմնականում պահպանվել են: Նրանք չեն անտեսել պատմական աշխարհագրությունը, ուշադրություն են դարձրել նաև տեղանունների պատմալեզվաբանական իմաստավորմանը, պահպանել են տեղանունների տառադարձումները: Տեղանունների աղբյուրները նախագրային և գրային ժամանակաշրջանի տվյալներն են, որոնք ունեն տեղանունների ստուգաբանական ու լեզվահնէաբանական հիմնավորումներ: Նախագրային շրջանի տեղանունների hանդիպում ենք այն ժողովուրդների մատենագրության մեջ, որոնք գիր ու գրականություն են ունեցել, ինչպես սեպագիր արձանագրությունները՝ աքքադական, Վանի թագավորության, հին պարսկական և այլն: Նախագրային շրջանի տեղանունները տեղ են գտել Մովսես Խորենացու «Աշխարհացոյցում» և «Հայոց պատմությունում», որոնք հիմք են ծառայում տեսնելու, որ Հայաստանում տեղանունները եղել են ավելի կայուն, հեշտությամբ ու առանց անհրաժեշտության չեն փոխվել:
«Հայաստանին տրված հնագույն անվանումների վրա մեծ ուշադրություն են դարձրել շատ անվանի գիտնականներ,- գրում է պատմաբան Արտակ Մովսիսյանը,-դրանք են՝ Արատտա-Արարատ/Ուրարատ-Ուրարտու, Սուբուր/Շուբուր-Սուբուր/Շուբարտու-Շուբրիա, Արման(ի/ում)-Արմի/ե-Արմինա-Արմենիա, Հայ(ա)- Հայասա-Հայաստան: Դրանք իրենց տարբերակներով վկայված են մ. թ. ա. III հազարամյակի առաջին կեսից, երբ, ըստ լեզվաբանության տվյալների, հայերենը դարձել էր ինքնուրույն լեզու, իսկ վաղնջահայերենի կրողները մ. թ. ա. III-II հազարամյակներում բնակվել են Հայկական լեռնաշխարհում»: Հիմնականում գոյություն ունի հայերի երկու անվանում՝ հայ և արմեն: Առաջինը հայերի ինքնանվանումն է, երկրորդը տրվում է հայերին օտար ժողովուրդների գերակշռող մեծամասնության կողմից, որը նշվում է նաև քարտեզներում: Շատ դեպքերում երկիրը կամ շրջանը կոչվել են իրենց կենտրոնի անունով:
Օրինակ, Վանի թագավորությունը՝ Վան քաղաքի անունով, իսկ այդտեղ ձևավորված մշակույթը անվանել են Վանի մշակույթ: Քարտեզներում հաճախ հանդիպում ենք Առաջին Հայք անվանը, որի ծագումը տալիս է Մովսես Խորենացին: Հայկյան Արամը, հաղթելով մեդացի նվաճողներին, Հայաստանի հարավ-արևելյան սահմանը հասցրեց մինչև Զարասպ լեռը և այդ կողմի կառավարումը հանձնեց Սիսակյաններին: Այնուհետև ասորեստանցիներից ետ է գրավել Կորդուքը, Դաշտային Ասորեստանը և այդ կողմի կառավարիչ կարգել Կադմոսին: Կապադովկիայի կողմերում տապալել է Տիտանյան Քաղյանի բռնատիրությունը և այնտեղ կուսակալ նշանակել իր ազգական Մշակին, որը հիմնել է Մաժաք քաղաքը։ Այստեղի բնակիչներին, գրում է Մովսես Խորենացին, Արամը հրամայել է «սովորել և խոսել հայերեն. այս պատճառով հույները մինչև այսօր այդ երկրամասը կոչում են Պռոտին Արմենիա, որ թարգմանվում է Առաջին Հայք»: Հայ մատենագիրները «Հայաստան» անվան փոխարեն երբեմն գործածում են «Արամեան տուն», «Արամեան ազգ» արտահայտությունները:
Բնիկ հայերեն տեղանունները, որոնք տեղ են գտել Մովսես Խորենացու «Աշխարհացոյցում», հիմնականում կենսունակ են մինչ օրս: Օրինակ՝ Գառնի անունը, որը կապում են Վանի թագավորությանը բնորոշ «նի» վերջավորությամբ բոլոր հատուկ անունների հետ՝ Էրեբունի, Անի, Արզնի, Բժնի, Պտղնի և այլն: Հետաքրքրություն են ներկայացնում նաև այն աշխարհագրական տեղանունները, որոնք կապված են կենդանիների հետ: Ասորի պատմագիր Զենոբ Գլակը նշում է Արջաձորը՝ այն կապելով Արջուց իշխանական տոհմի անվան հետ: Կան պատմական հայտնի գյուղեր՝ Արջա, Արջիկ, Արջո, Արջաձոր՝ Սյունիքում: Գայլ կենդանու անվան հետ են կապվում Գայլ գետը, Գայլատվա լիճը Կոգովիտ գավառում, Գայլիձորը կամ Գլիձորը՝ Անի քաղաքի արևելյան կողմում: Անգղ թռչունի անունով է Անգղ գետը, որն անցնում է համանուն Անգղ գյուղով (Վասպուրականում): Եղիշեի (400‒480) «Պատմությունում» հիշատակվում են Անգղ բերդը և համանուն բնակավայրը Արարատի Ծաղկոտն գավառում, Արածանիի ափին, Սյունիքում՝ Անգեղակոթ, Անգեղ ձոր: Հեթանոսական մեհյաններում պաշտված կենդանիների անունները փոխանցվել են քրիստոնեական սրբատեղիներին և ավանդաբար պահպանվել հայ ժողովրդի հավատալիքներում: Դրանցից են Անգղա Ս Աստվածածին, Գայլաձորի կամ Գլիձորի վանքը Հայոց ձորում, Ծիծեռնավանքը Սյունիքում և այլն: Բացի այդ, շատ իշխանական տոհմեր կրել են կենդանիների անուններ. Արծրունի, Հովնունի, Վարաժնունի, Անգեղատուն, Արջկթոնք: Եղել են նաև կենդանիների անուններ կրող բնակավայրեր, որոնք ունեցել են իրենց հովանավոր աստվածը, վերածվել պաշտամունքային կենտրոնների՝ իրենց մեհյաններով:
Համաշխարհային ջրհեղեղի հետ կապված շատ դեպքեր ազդեցություն ունեցան Հայաստանի մի քանի տեղանունների առաջացման վրա, և բնակչության կողմից ընդունվեցին որպես իրականություն և մինչ օրս հիշատակվում են: Նոյի անվան հետ կապված լեգենդներում ու զրույցներում հիշատակվում են տեղավայրեր, որոնք գտնվում են Արարատ լեռան վրա և շրջակայքում (Ակոռի, Առնոյոտն, Նախիջևան, Մարանդ և այլն): Առնոյոտնը գավառ է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, տարածվում է Առնոս լեռան արևելյան լանջերին ու ստորոտներին: Ըստ ավանդության` Առնոյոտն անունն առաջացել է «Առ Նոյ ոտն»` «Նոյի ոտքերի մոտ» արտահայտությունից: Առնոս լեռան բարձրությունը 3550 մ է, խեթական արձանագրություններում այն անվանվում է Առնուշա ձևով և նույնպես կապվում է Համաշխարհային ջրհեղեղի հետ: Նոյի տապանը լողացել է մինչև Առնոս լեռը, և վերջինս էլ իր անունն իբր ստացել է «առ Նոյս» արտահայտությունից: Մարանդ քաղաք, այժմ` գյուղ. այստեղ է գտնվել Մայր անդ ուխտավայրը: Ըստ ավանդության Նոյ Նահապետի կինը` Նոյեմզարը, այստեղ է թաղված: Հետագայում Նոյեմզարի գերեզմանի վրա պարսիկները կառուցեցին մզկիթ, և այդ վայրը կոչվել է Մարանդ («Մայրն անդ է»` Մարանդ): Նավասարդ անվանումը, որով սկսվում է հայոց Նոր տարին, առաջացել է այն բանից հետո, երբ նավը հասավ Արարատի մոտ, և Նոյը գոչեց` «Նավն հասավ արդ»: Իհարկե, սա զուտ բանահյուսական ստուգաբանություն է, իրականում անունը ծագում է հին հնդկերենի «նավասարատա» արտահայտությունից, որը նշանակում է նոր տարի:
Հայերը մերժել են օտարածին տեղանունները. ընդհանուր առմամբ հազարամյակներ շարունակ չփոխելով գործածության մեջ եղած հին տեղանունները, նրանք ամեն մի նոր հիմնադրված բնակավայրի տալիս էին նոր անուն՝ առաջնությունը տալով այդ վայրում հայտնի տեղանքի (լեռան, գետի և այլն) կամ հիմնադիր անձի անուններին: Օրինակ. Գողթն տեղանվան ծագման վերաբերյալ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ այն առաջացել է հիմնադրի՝ Գորութ իշխանի անունից: Իսկ «գողթն» բառը, ըստ լեզվաբան Էդ. Աղայանի ստուգաբանության, կապվում է gal, ghel արմատի հետ, որը նշանակել է «կոչել, կանչել, գոչել»: Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի մոտ այն հիշատակվում է Colten անունով: Կամ՝ Ճահուկ տեղանվան ծագումը համարվում էր անհայտ, և ահա այս առթիվ Ալիշանը հիշեցնում է Ղազար կաթողիկոսի ստուգաբանությունը, ըստ որի անունը բխեցվում է հայերեն ճահ («հարմար, պատշաճ, տեղին») բառից. «Վասն պատւականութեան տեղեացն ճահ և ըմբոն, այսինքն՝ գեղեցիկ, հարկավոր և կարի պատշաճ»:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո բուն հայկական տեղանունները հիմնականում պահպանվեցին, փոխվեցին միայն հեթանոսական անունները՝ կապված աստվածների, կուռքերի, քրմերի հետ, ավելացան նորերը, որոնք կապված էին քրիստոնեական որևէ նշանավոր իրադարձության կամ անձի հետ: Բերենք Վաղարշապատ-Էջմիածին տեղանվան օրինակը: Համաձայն պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ՝ Արտիմեդ-Անահիտ (Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով): Այնուհետև պատմահայրը գրում է, որ Վարդգես Մանուկը, հեռանալով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում, անվանելով այն Վարդգեսավան: II դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը շրջապատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով Վաղարշապատ կամ Նոր քաղաք: 163 թվականից մինչև 193 թվականը հռոմեացիք Վաղարշապատը նույնիսկ մայրաքաղաք են հռչակում գրավված և ավերված Արտաշատի փոխարեն և անվանում Կայնեպոլիս (Նոր քաղաք):
Միջին դարերում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին (որտեղ իջել է Միածինը), որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն էր: 1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անունն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ: Հայաստանը, կորցրած լինելով պետականությունը, չնայած ասպատակություններին ու բռնազավթմանը, աշխարհի գրեթե բոլոր ծայրերում հրատարակված քարտեզներում մշտապես նշվել է իր պատմական տարածքներում՝ «Armenia»-Հայաստան մակագրությամբ, այսինքն՝ Մեծ Հայքն ու Փոքր Հայքը նույն սահմաններում էին ճանաչվում: XX դարի երկրորդ կեսին այդ մոտեցումը, սակայն, փոխվեց:
Երբ Հայաստան ներխուժեցին մահմեդական նվաճողները՝ տիրելով երկրին, տեղանունների գերակշռող մասը թարգմանվեց և հարմարեցվեց նրանց լեզվամտածողությանը: Պատկերը չփոխվեց, երբ Արևելյան Հայաստանն անցավ ցարական Ռուսաստանի տիրապետության տակ:
Հայաստանը երկար տարիներ գտնվել է օտար նվաճողների տիրապետության տակ, և որպես հետևանք՝ անճանաչելիորեն աղավաղվել, փոխվել են նրա աշխարհագրական տեղանունները (լեռներ, գետեր, հարթավայրեր, բնակավայրեր և այլն): Օտարերկրյա հետազոտողները, ճանապարհորդները, առևտրականները և այլ զբաղմունքի մարդիկ, լինելով Հայաստանում, թարգմանչի օգնությամբ էին խոսում: Ակնհայտ է, որ նրանց մեծամասնությունը չգիտեր հայերեն, քանի որ Պարսկաստանի, Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայկական բնակավայրերի մեծ մասը ղեկավարվում էր պարսիկների, քրդերի, թաթարների կողմից: Նրանք, լինեին տանուտերեր կամ այլ պաշտոնյաներ, իրենց ազգակիցներին էին նշանակում ուղեկցողներ, որոնք հաշվի չէին առնում բնակավայրերի պատմությունը և տեղանուններն արտասանում էին՝ թարգմանելով իրենց լեզվին համապատասխան տարբերակով:
Լինչի և Օսվալդի «Հայաստան և հարևան երկրներ» քարտեզի վրա (հայերեն հրատարակությունը՝ Ա. Աբեղյանի խմբագրությամբ) կարդում ենք բազմաթիվ հայկական գյուղերի անվանումներ, որոնք փոփոխված են թուրքերի կողմից: Ավելին՝ կարելի է Ճորոխի ավազանում հանդիպել մի քանի տասնյակ հայկական գյուղերի անվանումների, որոնք ոչ միայն փոխվել են, այլև բռնի կերպով դավանափոխ են արել այնտեղ ապրող հայերին՝ դարձնելով մահմեդական, թեև նրանք իրենց դեռևս հայ էին համարում:
«Թուրքական պետության համար մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն հայերը, այլև նրանց մշակույթը, նույնիսկ տեղանունները»,– գտնում էր Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթը: Նա Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղված գրությամբ հրահանգում է. «…ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում»: 1920-ական թվականների վերջին Թուրքիայում սկսվել է Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթացը. այդ նպատակով ստեղծվել է հատուկ վարչություն: Համընդհանուր ճանաչում ստացած «Հայկական լեռնաշխարհ» անվանումը փոխեցին, դարձրին «Արևելյան Անատոլիա», որը թարգմանաբար նշանակում է «արևելյան արևելք»:
Ըստ Զորյան հաստատության (ԱՄՆ) տվյալների, Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90 տոկոսը թրքացվել է: Նույն կերպ են վարվել ներկայիս Ադրբեջանի իշխանությունները հատկապես իրենց կողմից բռնակցված բուն հայկական տարածքներում: Այս ամենն ավելի է ամրապնդում Ի. Չառնիի** այն տեսակետը, որ «…մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ)»: Ասվածին կարելի է ավելացնել, որ տեղանունները փոխելը բանավոր խոսքում ու տպագիր միջոցներով՝ գրքեր, ուղեցույցներ, թերթեր, ամսագրեր, նաև հեռուստատեսություն, համացանց և այլն, նույնպես պետք է արժանանա նման դատապարտման: 1990 թվականից սկսած Роскартография-ի կողմից հրատարակվող քարտեզներում օգտագործվում է նաև Նախչվան (Нахчван) անվանաձևը, որը նույնպես անընդունելի է:
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում մեծ աշխատանքներ են կատարվել տեղանունների վերականգնման ուղղությամբ՝ հիմք ընդունելով հնության աստիճանը: Նման պարագայում սկզբնաղբյուր են հանդիսանում մատենագրական տվյալները, մանավանդ եթե տեղանունները հիշատակված են պատմական վաղ իրադարձությունների կապակցությամբ: Զարմանալի է, ինչպես կարելի է փոխել Արարատ լեռան հինավուրց աստվածաշնչյան անունը, դնել Ագրիդաղ, և դեռ հանդուրժվում է թուրքերի նման, մեղմ ասած, հակապատմական վարքագիծը: Չմոռանանք, որ քրիստոնյա աշխարհը կարդում և ուսումնասիրում է Աստվածաշունչ, որտեղ Արարատը հանդես է գալիս որպես փրկարար լեռ:
Պատմական տեղանունները ոչ միայն տվյալ տարածքում բնակվող ժողովրդի սեփականությունն են, այլև հանուր քաղաքակիրթ մարդկության: Դրանց մի զգալի մասը օգտագործվել է դեռևս սեպագիր արձանագրություններում, պապիրուսե և մագաղաթե ձեռագրերում՝ կապված պատմական դեպքերի և դեմքերի հետ, և պետք է պահպանել դրանք որպես անգնահատելի ժառանգություն:
Եթե փորձենք ժամանակակից Հայաստանի քարտեզներում տեղանունների համեմատություն կատարել, ապա առաջին տպավորությունը կլինի այն, որ տեղանուններից շատերը բուն անվան աղավաղված կամ նորացված ձևերն են: 1930-ականների առավել զանգվածային վերանվանումները իրականացվել են ի պատիվ կուսակցության երեք առաջնորդների՝ Կիրովի, Կույբիշևի, Օրջոնիկիձեի, նրանց անուններով են կոչվել հարյուրավոր բնակավայրեր, ձեռնարկություններ և հաստատություններ, ինչպես նաև մի շարք աշխարհագրական օբյեկտներ: Ավելին, անվանափոխման և անվանակոչման այդ գործընթացն անցավ բոլոր սահմանները, մի քանի բնակավայրեր միաժամանակ ստացան նույն անունը: Վանաձոր քաղաքը 1935 թվականին անվանվեց Կիրովական (1991 թվականին վերանվանվել է Վանաձոր): Կիրովի անունով է կոչվել Ամրակից գյուղը՝ Կիրովո (Ստեփանավանի տարածաշրջանում), որը հիմնադրվել է 1840-ական թվականներին պատմական Ամրակ գյուղի տեղում (Ամրակից է վերանվանվել 1991 թվականին): Նման բազմաթիվ դեպքեր կան Հայաստանում։ Բերենք Գյումրի քաղաքի անունը: Ի սկզբանե այն կոչվել է Կումայրի, որը գրաբարով նշանակում է «շտեմարան», հետագայում, մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840‒1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924‒1990 թվականներին՝ Լենինական, 1990‒1992 թվականներին՝ Կումայրի: Ամենահին սկզբնաղբյուրը, որ թվագրված է մ. թ. ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Այդպես է անվանվել նաև մ.թ. VIII դարում։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին, քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ. Ի. Լենինի անունով։
Հայաստանի անկախացումից հետո, 1991 թվականին, շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։ Նշված տարբերակների մեջ Կումայրին բուն անվանումն է եղել, որը գոյություն է ունեցել ավելի վաղ, և ժողովրդի համար հարազատ է Կումայրի տեղանունը. այն այնքան տպավորիչ է և ուժեղ, որ թափանցել է ժողովրդի մեջ, և պատահական չէ, որ հաճախ օգտագործվում է Կումայրի ձևը: Քարտեզներում հաճախ ենք հանդիպում նշված անուններին՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի:
Խորհրդային տարիներին Հայաստանում մի նոր աստիճանի հասավ տեղանունների բառարանագրությունը (տեղանվանաբանությունը՝ տոպոնիմիկան), հրատարակվեց Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը գիտնականներ Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի, Հ. Բարսեղյանի ղեկավարությամբ և մի շարք գիտաշխատողների բազմաբովանդակ ուսումնասիրությունների շնորհիվ (Երեւանի համալսարանի հրատարակչություն, Երեւան, 1986-2001)։ Նրանք օգտագործել են պատմահայր Մովսես Խորենացու, այնուհետև միջնադարյան ողջ հայ պատմագրության, ինչպես նաև Ղ. Ինճիճյանի, Ղ. Ալիշանի և այլոց աշխատանքներում տեղ գտած բնիկ հայկական տեղանունները:
Սեն Հովհաննիսյան
Քարտեզագետ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր