Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների
Fri, 28 Aug 2026 15:45:14 +0400

Դե ինչ, Հայաստանի այսպես կոչված «խորհրդարանի» առաջին քառօրյան և ոչ լեգիտիմ «կառավարության ծրագրի» քննարկումը միայն հաստատեցին ամենավատ կանխատեսումները։
Արձանագրված է գլխավոր փաստը․ ներկայիս խորհրդարանը և, հետևաբար, կառավարության ընդունված «ծրագիրը» բացարձակապես լեգիտիմ չեն։ Դրանք լեգիտիմ չեն ո՛չ ձևով, ո՛չ էլ բովանդակությամբ։ Այս գործընթացը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի կամքը, իսկ խորհրդարանի ներկայիս իշխանական կազմը և նրանց գործողությունների ծրագիրը հնարավոր են դարձել բացառապես հակասահմանադրական գործընթացների, կեղծիքների, շանտաժի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների բացահայտ հափշտակության շնորհիվ։
Երբ հետևում ենք իշխանության բացահայտ հեգնական, լկտի, ամբարտավան և ադրբեջանամետ խոսույթին ու նպատակներին, տպավորություն է ստեղծվում, որ գտնվում ենք արդեն «Արևմտյան Ադրբեջանի» շնորհանդեսին, ոչ թե ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում։
Սակայն խնդիրը դրանով չի սահմանափակվում։ Ոչ լեգիտիմ ընտրությունները, որպես այս շինծու խորհրդարանի ձևավորման հիմք, վերջնականապես զրկում են այն՝ ժողովրդից ստացված մանդատի մասին խոսելու ցանկացած բարոյական և քաղաքական իրավունքից։
Հիշենք, որ իշխանության նախընտրական քարոզարշավը կառուցված էր վախի, շանտաժի, ատելության, վարչական կամայականության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բացահայտ ոտնահարման վրա։ Դրա հետ մեկտեղ անպայման ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք գրեթե յուրաքանչյուր ելույթում հասարակությանը հիշեցնում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների գողության և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող աղաղակող անարդարության մասին։
Այժմ՝ ամենագլխավորի մասին։ Ոչ լեգիտիմ իշխանությունը միշտ փորձում է մարդկանց վստահության բացակայությունը փոխհատուցել բռնաճնշումներով, տեղեկատվական տոտալ ճնշմամբ և էժանագին սադրանքներով։ Հենց դա էլ մենք, ամենայն հավանականությամբ, տեսնելու ենք նորընտիր, շինծու խորհրդարանի յուրաքանչյուր նիստի ընթացքում։
Երկրի ծանրագույն խնդիրները լուծելու փոխարեն՝ գործադիր իշխանությունն ու խորհրդարանական մեծամասնությունը կփորձեն հասարակությանը ներքաշել անվերջ սկանդալների, արհեստական հակամարտությունների և քաղաքական ներկայացումների մեջ, որոնց միակ նպատակը Հայաստանի գործող իշխանությունների կողմից թուրքական և ադրբեջանական հրահանգների կատարման փաստից հասարակության ուշադրությունը շեղելն է։ Հետևաբար, խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է հնարավորինս արագ մշակել արդյունավետ հակազդման ռազմավարություն։
Միանգամից պետք է արձանագրել, որ միայն «սուր» ելույթներով, հուզական հայտարարություններով և կոշտ բանավեճերով իրավիճակն այլևս հնարավոր չէ փոխել։ Իշխանությունն ինքն է ամեն ինչ անելու՝ մշտապես նյարդային և սկանդալային մթնոլորտ ձևավորելու համար։ Ուստի արձանագրենք․ միայն ելույթներն ու բանավոր քննադատությունը բավարար չեն։ Ավելին՝ իշխանությունը խորապես անտարբեր է նույնիսկ խորհրդարանական ընդդիմության ամենակոշտ ելույթների ու բացահայտումների հանդեպ։ Փաշինյանին և նրա թիմին դա պարզապես չի հետաքրքրում։
Ընդդիմությունը պետք է միշտ հիշի, որ ոչ լեգիտիմ իշխանությունը սեփական լեգիտիմության աղբյուրը մշտապես լարվածությունը սրելու մեջ է տեսնում։ Այդ իշխանության համար վաղուց այլևս գոյություն չունեն ո՛չ կարմիր գծեր, ո՛չ էլ բարոյական սահմաններ։ Կա միայն արտաքին խաղացողների, մասնավորապես՝ Բաքվի և Անկարայի շահերին համապատասխանող քաղաքական հրահանգների կատարումը։
Հենց այդ պատճառով ընդդիմությունը պարտավոր է գործել համակարգված, արագ և ստեղծագործաբար՝ ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ դրանից դուրս, որպեսզի թույլ չտա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչնչացումը, հայկական պետականության ապամոնտաժումը և երկրի ինքնիշխան տարածքների հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին՝ կեղծ «սահմանազատման և սահմանագծման» անվան տակ։
Այս համատեքստում արձանագրենք նաև, որ ներկայիս իշխանության պարադոքսը նրանում է, որ նրա ոչ լեգիտիմությունը միաժամանակ և՛ նրա ուժն է, և՛ նրա թուլությունը։
Ուժը՝ որևէ սահմանափակող գործոնի բացակայությունն է։
Քաղաքական լեգիտիմությունը կորցրած մարդիկ պատրաստ են ցանկացած քայլի՝ իշխանությունը պահպանելու համար։ Սակայն հենց այստեղ էլ թաքնված է նրանց գլխավոր թուլությունը։ Նրանք վերջնականապես կորցրել են այն վերջին փաստարկը, որով տարիներ շարունակ արդարացնում էին Արցախի հանձնումը և հակահայկական քաղաքականության իրականացումը՝ պնդելով, թե իրենց թիկունքին կանգնած է Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը։
Նրանք կարող են անվերջ կրկնել, թե իրենց ընտրել է ժողովուրդը։ Սակայն սուտը չի դադարում սուտ լինել միայն այն պատճառով, որ այն ամեն օր են կրկնում։
Հայաստանի ժողովուրդը նրանց չի ընտրել… Վե՛րջ։
Հենց այս փաստն այսօր պետք է դառնա ընդդիմության կարևորագույն քաղաքական գործիքներից մեկը։ Որովհետև, եթե խորհրդարանական ընդդիմությունը կրկին սահմանափակվի միայն բարձրաձայն հայտարարություններով և «սուր» ելույթներով, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի հարյուր հազարավոր մարդկանց խոր հիասթափությանը, որոնք իրենց հույսը կապում են ընդդիմության հետ։
Ինչպե՞ս խուսափել դրանից։ Չգիտեմ։ Բայց մեկ այլ բան գիտեմ։
Ստանձնելով խորհրդարանական մանդատները՝ ընդդիմությունը կամավոր իր վրա վերցրեց հասարակության առջև հսկայական պատասխանատվություն։
Եվ այդ պատասխանատվությունն այլևս ժամանակ չի թողնում ո՛չ սպասելու, ո՛չ զգուշավորության, ո՛չ էլ ավելի հարմար պահի ակնկալիքի համար։
Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում։
Մարդիկ սպասում են ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ։
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր