Որ նրա «կիսատ մնացած գործը» նորից կիսատ չթողնենք
Wed, 02 Sep 2026 19:45:37 +0400

Վանաձորում նշվեց Զորավար Անդրանիկ Օզանյանի մահվան 99-րդ տարելիցը
«Նա հայկական Ռոբին Հուդն է, Գարիբալդին և Վաշինգտոնը՝ միասին վերցրած»։ Ամերիկացի ճանապարհորդ, գրող, հրապարակախոս Մելվիլ Չետերսի գնահատականը ամենատպավորիչ բնորոշումներից մեկն է, որ երբևէ տրվել է Զորավար Անդրանիկ Օզանյանին։ Այդ խոսքերի իմաստը հասկանալու համար բավական է կանգնել Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում՝ նրա բրոնզաձույլ հուշակոթողի առջև, և տեսնել մարդկանց, որոնք տասնամյակներ անց էլ հավաքվում են ոչ միայն պատմական դեմքի անունը հիշելու, այլև նրա կերպարի մեջ իրենց ազգային հիշողությունը վերագտնելու համար։
Օգոստոսի 31-ին այստեղ մարդաշատ էր։ Լոռեցիները հավաքվել էին նշելու հայ ժողովրդի մեծանուն զավակ, Մեծն Հայդուկապետ, Զորավար Անդրանիկ Օզանյանի մահվան 99-րդ տարելիցը և խոնարհվելու նրա հիշատակի առաջ։ Սա հերթական պաշտոնական միջոցառումը չէր։ Մարդիկ եկել էին իրենց կամքով, հիշողությամբ ու վերաբերմունքով։ Եվ ակնհայտ էր, որ Լոռին չի մոռացել Անդրանիկին։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը, ով առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, խոստովանեց, որ զարմացած է՝ տեսնելով, թե Վանաձորում ինչպիսի կազմակերպվածությամբ, սիրով ու նվիրվածությամբ են հիշում Զորավարին։ Նրա համար հատկապես ուշագրավ էր դպրոցականների ներկայությունը։ Նա մի ցավոտ համեմատություն արեց` Անդրանիկի աճյունն այսօր հանգչում է Եռաբլուրում, սակայն մայրաքաղաքում նման հիշատակի միջոցառումներն այլևս հաճախակի չեն։ Իսկ Լոռին շարունակում է իր ավանդույթը։

Միջոցառումը բացեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` օրհնության խոսքով։ Նա հիշեց Անդրանիկի կյանքի ու գործունեության մի շարք դրվագներ՝ ընդգծելով նրա բացառիկ տեղը հայ ժողովրդի հայդուկային շարժման պատմության մեջ։ Զորավարի անունը, նրա համոզմամբ, պետք է շարունակի հնչել որպես հայ ազատամարտի և ազգային ոգու խորհրդանիշ: Այդ խոսքերի մեջ մի պարզ ճշմարտություն կա. Անդրանիկի կերպարը ժամանակի հետ չի փոքրացել։ Ընդհակառակը՝ պատմության հեռավորությունից նա ավելի ու ավելի է վերածվում խորհրդանիշի։
Վանաձորում Անդրանիկի և ԱՍԱԼԱ-ի հերոս մարտիկներին նվիրված միջոցառումների մշտական մասնակից, բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, հրապարակախոս, Անդրանիկագետ Կարո Վարդանյանը ներկայացրեց Զորավարի կյանքին ու գործունեությանը վերաբերող հայտնի և ոչ այնքան հայտնի դրվագներ։ Նա ազգային-ազատագրական պայքարի գործիչ էր, ժողովրդի ինքնապաշտպանության պայքարի առաջնորդ, որի հեղինակությունը ծնվել էր ոչ թե կաբինետներում, այլ մարտի դաշտում՝ Սասունում, Մուշում, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում՝ ժողովրդի կողքին։ Վտանգի պահին ժողովուրդը նրա մեջ տեսնում էր իրենից մեկին։ Անդրանիկը միայն մեր հերոսը չէր, նրան ճանաչում են Հայաստանի սահմաններից դուրս։ Բայց նրա մեծությունն այն է, որ նրան ճանաչել է եւ հիշում է իր ժողովուրդը, որն էլ նրան տվել է մի անուն, որը պաշտոնական որևէ կոչումից բարձր է՝ Զորավար Անդրանիկ։
Այդ օրը ես էլ ելույթ ունեցա։ Ասացի, որ մենք հավաքվել ենք ոչ միայն հիշելու մի մարդու, որը մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու՝ 99 տարի առաջ, այլ հավաքվել ենք անմար պահելու մի գաղափար, որի համահավաք անունն Անդրանիկ է։ Անդրանիկի կյանքի վերջին տարիները ծանր էին` նա հեռու էր հայրենիքից, հիվանդ էր, ծանր հոգեբանական վիճակում էր։ 1920-ականների սկզբին հաստատվել էր ԱՄՆ-ում, իսկ առողջական վիճակի վատացումից հետո բուժվում էր Կալիֆոռնիայի Ռիչարդսոն Սփրինգս առողջարանում՝ կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի հետ։ Այնտեղ էլ՝ 1927 թվականի օգոստոսի 31-ին նա մահացավ։ Սկզբում նրան հուղարկավորեցին Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատանը, հետագայում աճյունը տեղափոխվեց Փարիզ և ամփոփվեց Պեր Լաշեզում, իսկ 2000 թ. Զորավարի աճյունը վերադարձվեց Հայաստան և վերահուղարկավորվեց Եռաբլուրում։ Մարդը մահացավ օտար հողի վրա, բայց ժողովուրդը նրան տուն վերադարձրեց։ Եվ գուցե հենց այստեղ է Անդրանիկի կյանքի խորհուրդը. մարդը կարող է հեռանալ հայրենիքից, մահանալ հազարավոր կիլոմետրեր հեռու, բայց եթե նրա կյանքը կապված է հայրենիքի հետ, նա մի օր վերադառնում է՝ նաև աճյունով, նաև ժողովրդի հիշողության մեջ։

Անդրանիկի կյանքի վերջին շրջանին վերագրվող ամենահայտնի խոսքերից մեկն է՝ «Գործս կիսատ մնաց…»։ Երեք բառ, որ ժամանակի հետ վերածվել են պատգամի։ Որովհետև Անդրանիկի «գործը» միայն պատերազմը չէր։ Դա միայն հաղթանակների կամ ռազմական գործողությունների շարք չէր, այլ հայրենիքի ազատության, ժողովրդի անվտանգության, ազգային արժանապատվության և կորցրած հայրենիքի նկատմամբ հավատքի գործն էր։ Անդրանիկի անունը մնալու է պատմության էջերում, հուշարձանների վրա, դպրոցական դասագրքերում, բայց նրա կյանքի իրական խորհուրդը շատ ավելի մեծ է։ Պարտավոր ենք ոչ միայն հիշել Անդրանիկին, այլև ապրել այնպես, որ նրա «կիսատ մնացած գործը» նորից կիսատ չթողնենք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր