Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Առողջապահության նախարարությունը՝ «Արմեդ» համակարգի խնդիրների մասին

«Հրապարակ». Առողջապահության նախարարությունը՝ «Արմեդ» համակարգի խնդիրների մասին

Fri, 04 Sep 2026 12:15:04 +0400


«Արմեդ» համակարգի շուրջ վերջին շրջանում դժգոհությունների լուրջ ալիք է բարձրացել։ Համակարգից բողոքում են ոչ միայն բուժառուները, այլ նաեւ բժիշկներն ու բուժհաստատությունները։ Մեր ստացած ահազանգերում բարձրացված խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում էինք ուղարկել առողջապահության նախարարություն։ Ներկայացնում ենք նախարարության տված պարզաբանումները։

– Ո՞ւմ է պատկանում «Արմեդ» համակարգում հավաքագրվող՝ քաղաքացիների անձնական եւ բժշկական տվյալների հսկայական բազայի սեփականության իրավունքը (պետությա՞նը, թե՞ մասնավոր օպերատորին): Ի՞նչ իրավական եւ տեխնիկական մեխանիզմներով է պետությունը երաշխավորում քաղաքացիների՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալների պաշտպանությունը եւ բացառում դրանց հնարավոր արտահոսքը կամ առեւտրային նպատակներով վաճառքը/օգտագործումը երրորդ անձանց կողմից:

– Համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվությունը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով։ Էլեկտրոնային առողջապահության համակարգում տեղեկատվությունը գաղտնի է եւ պաշտպանված: Միաժամանակ, «Արմեդ» համակարգը սերտիֆիկացված է ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման միջազգային ստանդարտով, որը սահմանում է տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման եւ կիբեռդիմակայունության ապահովման միջազգային բարձր չափանիշներ:

– Ի՞նչ իրավական հիմնավորմամբ եւ հաշվարկ-հիմնավորումներով են վերջին 6 ամսվա ընթացքում էապես (առնվազն կրկնակի) ավելացել բուժհաստատությունների կողմից համակարգին վճարվող գումարները: Ի՞նչ տրամաբանությամբ է պացիենտի մեկ այցելության ընթացքում տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում բացվում մի քանի առանձին ամբուլատոր քարտ, եւ ինչո՞ւ է «Արմեդ»-ը գումար գանձում յուրաքանչյուր բացված քարտի համար: Ի՞նչ ծառայությունների մատուցման դիմաց է օպերատորը գանձում 0,25% միջնորդավճար բուժհաստատությունների ամեն վճարովի ծառայությունից, եւ ինչպե՞ս է ձեւավորվել այդ տոկոսադրույքը:

– «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, դրանց դիմաց նախատեսված վճարները եւ կողմերի համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են պետության ու Оպերատորի միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագրով։ Օպերատորի սակագները իրավական եւ պայմանագրային կարգով վերջին երկու տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվել։ Միաժամանակ, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ պայմանավորված՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով իրականացվող գործարքների եւ մատուցվող ծառայությունների ծավալը զգալիորեն աճել է։ Դրան զուգահեռ աճել է նաեւ «Արմեդ» համակարգի տեխնիկական սպասարկման, սերվերային հզորությունների եւ այլ ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունը։ Հետեւաբար, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվող ընդհանուր գումարների հնարավոր աճն ինքնին չի վկայում սակագների բարձրացման մասին եւ պետք է դիտարկել համակարգի օգտագործման եւ գործարքների ծավալի փոփոխության համատեքստում։ Ինչ վերաբերում է վճարովի բժշկական ծառայություններից գանձվող 0.25% միջնորդավճարի վերաբերյալ պնդմանը, ապա գործող սակագների շրջանակում «Արմեդ» համակարգի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջեւ նման առանձին սակագին սահմանված չէ։ Հարկ է նաեւ նշել, որ մեկ ամբուլատոր այցի շրջանակում տարբեր ծառայությունների մատուցումը «Արմեդ» համակարգի կառուցվածքով հնարավոր է մուտքագրել նույն այցի շրջանակում:

– Տեղյա՞կ է արդյոք նախարարությունը, որ համակարգը պարբերական «կախում է», եւ վճարումները չեն հաստատվում, ՀԴՄ կտրոնների հետ կապված տեխնիկական խնդիրներ են ծագում, որոնք բուժհաստատությունների համար առաջացնում են հարկային ռիսկեր եւ աշխատաժամանակի կորուստ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում օպերատորին պայմանագրային պատասխանատվության ենթարկելու համար: Ինչո՞ւ համակարգում մինչ օրս բացակայում է մասնակի գումարի ընդունման կամ մասնակի վերադարձի (ՀԴՄ կտրոնով) տեխնիկական հնարավորությունը:

– «Արմեդ» համակարգի առանձին օգտագործողների կողմից տեխնիկական դժվարությունների վերաբերյալ դիմումների կամ հաղորդումների առկայությունն ինքնին չի նշանակում, որ արձանագրվել է համակարգի ամբողջական կամ պարբերական տեխնիկական խափանում։ «Արմեդ» համակարգի աշխատանքի հետ կապված յուրաքանչյուր դեպք գնահատվում է կոնկրետ տեխնիկական տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով խափանման բնույթը, տեւողությունը, պատճառը, ազդեցության շրջանակը եւ համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ժամկետը։ Առողջապահության նախարարությունը եւ Օպերատորը պարբերաբար համագործակցում են «Արմեդ» համակարգի աշխատանքի շարունակական մոնիթորինգի, արձանագրվող խնդիրների պատճառների բացահայտման եւ դրանց հնարավորինս օպերատիվ լուծման ուղղությամբ: Միաժամանակ հայտնում ենք, որ «Արմեդ» համակարգի միջոցով գեներացվող ՀԴՄ կտրոնների դեպքում մասնակի վճարման հնարավորություն առկա է։

– Ինչո՞ւ է ձգձգվում բուժհաստատությունների ներհիվանդանոցային ծրագրերի «Արմեդ» համակարգին ամբողջական ինտեգրումը, ինչը ստիպում է անձնակազմին նույն տվյալները կրկնակի մուտքագրել: Ինչո՞ւ Կառավարության որոշմամբ նախատեսված միասնական հերթագրման համակարգը մինչ օրս լիարժեք չի գործում «Արմեդ»-ում, եւ ի՞նչ վերջնաժամկետ է սահմանված դրա ամբողջական գործարկման համար:

– Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ներհիվանդանոցային տեղեկատվական համակարգերի «Արմեդ» համակարգին ինտեգրումը բազմափուլ տեխնիկական եւ կազմակերպական գործընթաց է եւ չի սահմանափակվում միայն համակարգերի միջեւ տեխնիկական կապի ապահովմամբ։ Այն իրականացվում է՝ հաշվի առնելով գործող օրենսդրության, տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության, տվյալների փոխանակման եւ փոխգործելիության պահանջները, ինչպես նաեւ՝ համապատասխան տեխնիկական չափորոշիչները։ Հետեւաբար, յուրաքանչյուր բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության տեղեկատվական համակարգի ինտեգրման ժամկետը կարող է պայմանավորված լինել ինչպես «Արմեդ» համակարգի տեխնիկական պահանջների, այնպես էլ տվյալ բուժհաստատության կողմից օգտագործվող ծրագրային լուծման տեխնիկական պատրաստվածության, տվյալների կառուցվածքի եւ փոխգործելիության համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ընթացքով։ «Արմեդ» համակարգի ինտեգրումն այլ ծրագրերի հետ սռողջապահության նախարարության ընթացիկ աշխատանքների առաջնահերթությունն է:

– Ի՞նչ մեխանիզմներով է պետությունը վերահսկում «Արմեդ» համակարգի մոնոպոլ դիրքի հնարավոր չարաշահումները, եւ դիտարկվո՞ւմ է օպերատորի փոփոխության կամ այլընտրանքային մրցակցային համակարգերի ներդրման հնարավորություն:

– «Արմեդ» համակարգը ՀՀ սեփականությունն է, իսկ Օպերատորը հանդիսանում է ոչ թե համակարգի սեփականատերը, այլ դրա կառավարումն ու շահագործումն իրականացնողը։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի հետագա շահագործումն ու զարգացումն ապահովելու նպատակով 2017 թվականին անցկացվել է մրցույթ՝ համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնելու համար։ Կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 866-Ն որոշման հիման վրա մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերության հետ կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ որոշակի ժամկետով։ Այսպիսով, համակարգի կառավարումն ու շահագործումն Օպերատորի կողմից իրականացվում է ոչ թե համակարգի նկատմամբ սեփականության իրավունքի կամ ինքնուրույն ձեւավորված բացառիկ դիրքի հիման վրա, այլ մրցութային ընթացակարգի արդյունքում կնքված եւ որոշակի ժամկետով գործող կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում։ Օպերատորի իրավասությունների շրջանակը, պարտականությունները, ինչպես նաեւ համակարգի շահագործման եւ սպասարկման պայմանները սահմանված են համապատասխան կոնցեսիոն պայմանագրով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․

Ռուսաստան, դու պարտավո՛ր ես, մենք՝ ինքնիշխան․․․ Tue, 01 Sep 2026 13:45:59 +0400 Միրզոյանը Ռուսաստանին հիշեցնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով