Ինչպես է ստեղծվել Reuters-ը եւ ինչ ուղի է անցել
Sat, 05 Sep 2026 21:00:05 +0400

Համաշխարհային լրահոսի ինչ-որ հատված Reuters լրատվական գործակալության տարածած հրապարակումներն են։ Reuters-ն աշխարհի ամենահեղինակավոր ու ազդեցիկ լրատվական գործակալություններից է, որն արդեն 175 եւ ավելի տարիների պատմություն ունի։ Լրագրության պատմության մասնագետները նշում են, որ, հետեւելով Reuters-ի պատմությանը, կարելի է մոտավորապես պատկերացում կազմել, թե ինչ ճանապարհ է անցել լրագրությունն առհասարակ, մինչեւ հասել է մեր ժամանակները։ Այն բազմիցս փոխել է իր «տեխնիկական կեղեւը», սակայն գլխավոր խնդիրը, որը դրել է իր առաջ, այն է՝ ապահովել արագ եւ հավաստի լրատվություն, պահպանել է տանամյակներ շարունակ։
Այսօր Reuters-ն ամենօրյա ռեժիմով, 16 լեզվով լրատվություն է տրամադրում աշխարհի տարբեր անկյուններից։ Reuters-ը հիմնադրվել է 19-րդ դարում՝ գերմանացի գործարար եւ լրագրող Պաուլ Յուլիուս Ռոյթերի կողմից։ Նա ծնվել է 1816 թվականին, Քասել քաղաքում։ Երիտասարդ տարիքում զբաղվել է հրատարակչական եւ լրագրողական գործունեությամբ։ 19-րդ դարի կեսերին Եվրոպայում իրական կոմունիկացիոն հեղափոխություն եղավ։ Երկաթուղիները զգալիորեն կրճատեցին ճամփորդությունների տեւողությունը, իսկ էլեկտրական հեռագիրն առաջին անգամ թույլ տվեց հաղորդագրությունները գործնականում ակնթարթորեն ուղարկել մեծ հեռավորությունների վրա։ Գործարար աշխարհի համար դա ահռելի մեծ նշանակություն ուներ։ Հատկապես կարեւոր նշանակություն ունեին բաժնետոմսերի, ապրանքների, արժութային գների մասին տեղեկությունները։ Ինֆորմացիան, որը բորսայական առեւտրականին հասնում էր մրցակցից մի քանի ժամ շուտ, բառացիորեն դառնում էր փող աշխատելու երաշխիք։
Պաուլ Ռոյթերն առաջինն էր, որ հասկացավ այդ օրինաչափությունը եւ 1850 թվականին սկսեց կիրառել յուրօրինակ կոմբինացիա՝ միքսելով հեռագիրն ու փոստային աղավնիներին։ Աղավնիները բորսայական լուրերն էին հասցնում Բրյուսելից Ախեն եւ հակառակ ուղղությամբ, քանի դեռ հեռագիրը չէր կարողանում լիարժեք կապ ապահովել այդ երկու բնակավայրերի միջեւ։ Փոստային աղավնիները՝ 200 թռչուն։ Այսօր ինֆորմացիայի նման փոխանցումը կարող է ծիծաղելի թվալ, սակայն 19-րդ դարի կեսերին դա ամենառացիոնալ տարբերակներից էր։ Ըստ էության, Ռոյթերը կիրառում էր իր ժամանակի ամենահասանելի եւ արագ կապի միջոցը, որքան էլ որ այն լիներ անսովոր։ 1851 թվականին Ռոյթերը տեղափոխվում է Լոնդոն եւ բացում է իր առաջին գրասենյակը՝ 1 Royal Exchange Buildings հասցեում։ Այն գտնվում էր ֆինանսական եւ հեռագրական հաստատությունների հարեւանությամբ։ Նոր ստորջրյա հեռագրական կաբելը Դուվրի եւ Կալեի միջեւ ապահովեց, որպեսզի Ռոյթերը Եվրոպա հասցնի լոնդոնյան բորսայական տվյալները։ Այդպիսով, Reuters-ը սկզբնական շրջանում ոչ թե թերթ էր, այլ լրատվական ծառայություն, որը մեդիահամակարգին եւ ֆինանսական շուկայի խաղացողներին տրամադրում էր արագ եւ հասանելի ինֆորմացիա։ Լրատվական գործակալության յուրահատկությունը, ըստ էության, սահմանվեց։
Մեկ գործակալությունը կարող էր միանգամից մի քանի պարբերականի տրամադրել ինֆորմացիա, մինչդեռ դասական իմաստով՝ թերթերն իրենց թղթակիցների միջոցով միայն իրենց էջերում էին արտացոլում ինֆորմացիան։ Ստեղծվեց, այսպես ասած, ինֆորմացիայի մատակարարման շղթա։ Աստիճանաբար, քայլելով ժամանակին համընթաց, Reuters-ը ստեղծեց իր գլոբալ թղթակցական ցանցը եւ ինֆորմացիոն կապերը։ Արդյունքում դարձավ շատ ԶԼՄ-ների համար ինֆորմացիայի մատակարար, որոնք ֆիզիկապես չէին կարող տարբեր երկրներում ունենալ իրենց թղթակիցները։ 19-րդ դարում նմանատիպ լրատվական գործակալություններ էին նաեւ գերմանական Wolffs Telegraphisches Bureau-ն եւ ֆրանսիական Havas-ը։ Ահա՝ այսպես է առաջացել այժմյան համաշխարհային ամենաազդեցիկ ու հեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր