Քաղաքականության վախճանը
Mon, 07 Sep 2026 11:17:18 +0400

Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։
Երկրում չկան քաղաքականության համար պայմաններ, չկա քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրությունների ցուցիչները, հնարավոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրությունները, չկա ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կա անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգված քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Հետևություն պետք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատության մեջ գտնվող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թե շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։
Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։
Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհավանական ծանր ռիսկեր, եթե մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտված, անկազմակերպ։
Սեփական օրակարգ՝ էապես փոխված բովանդակությամբ
Մենք պարտավոր ենք էապես փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի և, եթե կուզեք, պայքարի ամբողջ բովանդակությունը։
Ինչի մասին պետք է լինի այսօրվա քաղաքականությունը.
1. Բռնաճնշումների դեմն առնել. անհասկանալի է, թե ինչպես կարող է այս հարցը չդառնալ միավորող օրակարգ։
2. Երկրում ներքին դեէսկալացիա, համակեցության նոր կանոնների ձևավորում: Սա ենթադրում է սոցիալական և հանրային իրական խնդիրների շուրջ հանրության հետ իրական երկխոսություն։
3. Հայաստանի այս ընթացքը հավաքական հանրությանը բացատրելը և ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։ Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցվող «4-րդ հանրապետության» այլընտրանքը ոչ թե 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պետք է խորությամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թե իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թվախաղի տակ։ Հասկանալ, բացատրել և ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակությանը։
Սա պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական միավորների, հանրային շերտերի համագործակցության տիրույթում, և ամենակարևորը՝ ներհանրային երկխոսության պայմաններում։
Սա պահանջում է Հայաստանի շահը, և սա փոխադարձ կործանանար ներքին բարիկադավորումը քանդելու ճանապարհն է։ Պետք է վերանայվի «պայքարի» ձևակերպումը, դրա բովանդակությունը։ Չի կարելի անվերջ նույն կերպ պայքարել։ Քաղաքականությունը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խոսելը չէ, թեկուզ՝ խելոք, թեկուզ՝ սուր։ Քաղաքականությունը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձևավորումն ու դրանց սպասարկումն է։ Եթե չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պետք է սպասարկվի։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր