«Հրապարակ». Ինչքան նայում ես, այնքան նայվում է, ինչքան ուզում ես, այնքան տալիս է, ինչքան սիրես, այնքան սիրվում է
Wed, 09 Sep 2026 12:45:54 +0400

Հարցազրույց գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի հետ
– Շմավոն Շմավոնյանը, տեսնելով աշխարհի բազմերանգությունը, կարողացա՞վ իր երանգը ստեղծել: Փորձենք գնալ դեպի արմատը, թե որտեղից է գալիս այն տարբերվողը, որ Ձեր երանգն է:
– Առաջնահերթ՝ գալիս է իմ երկրից, իմ հայրենիքից, ինչ որ կա տալու, հայրենիքն է տալիս: Երբ դու զավակն ես, հայրենիքն էլ շարունակ քո մեջ է եւ հրաշք երեւույթ է: Երկրորդ․ իմ տեսակի, էության ձեւավորման մեջ իմ ծննդավայրն է` Արարատյան դաշտը, որտեղ մեծացել, տեսել եմ: Յուրաքանչյուր մարդ ձեւավորվում է իր շրջապատի, տեղանքի մեջ: Իսկ լավագույնը իմ ծնողներն են եղել, եւ ինչքան լավ բան կա իմ մեջ, իմ ծնողներից է գալիս, նաեւ՝ իմ պապերից ու նախապապերից: Կարծես յուրաքանչյուրը նմանակում է իր գեներին եւ այն ամենին, որտեղից ինքն առաջացել է, իր ամբողջ էությունը, գաղափարը եւ կյանքը:
– Դուք ծնվել եք Վերին Արտաշատ գյուղում, եւ ծննդավայրն իր երանգն ունի Ձեր կտավներում: Բայց Ձեր ներկապնակը Հայաստանի բնաշխարհն է, դրա տերը` իր ստեղծածով, տեսարաններով եւ կենցաղով: Այդպիսի՞ն է Ձեր կտավների բուն էությունը:
– Երբ ասում եմ Արարատյան դաշտ, տեղանք, բնություն, իմ կտավներում այդ ամենի ազդեցությունը կա, բնականաբար, բայց նկարչի երեւակայական աշխարհը գալիս է ի վերուստ իրեն տրվածից, իր էության մեջ է: Իմ կոմպոզիցիոն աշխատանքներում, որոնք տարբեր տեղեր են՝ ե՛ւ թանգարաններում կան, ե՛ւ ԱՄՆ-ի մի քանի մեծ հիվանդանոցներում, դրանցում տրված են իմ ներսի ուրախության, գեղեցկության շարժումը, մաքրությունը, գունեղը: Իսկ բնությունն ինձ առավելություն է տալիս, որ իմ ներսի գեղեցկությունը, այդ էներգիան վերցնեմ եւ փոխանցեմ կտավի վրա: Եթե յուրաքանչյուր նկարչի նայում ենք, իր մեջ իր տեսակը կա, իր էությունը կա, իր միտքը, եւ տեսնում ենք, որ բնության խրախճանքը կա: Նաեւ՝ բնությունն ունի իր խրախճանքը, այ, դա տեսնելն է կարեւոր:
– Ինչպե՞ս է հաջողվում նկարչին՝ գույների բազմերանգ աշխարհում ստեղծել իր երանգը` տարբերվող, առանձնացող, որ իր վրձինն է միայն:
– Երբ նկարում ավարտում ես կտավը, թվում է` ասացիր, ինչ պետք էր: Բայց անցնում է մի փոքր ժամանակ, եւ տեսնում ես մի նոր արարում: Ընդհանրապես, կերպարվեստն ունի մեծ խորություն, գեղեցկության խորություն, եւ այդ տրվածը նկարիչը բնությունից վերցնելով, իր միջով անցկացնելով, իր ներաշխարհի հետ ներդաշնակելով` կառուցում է կերպարվեստի աշխարհը: Դրա համար նկարչությանն ինչքան նայում ես, այնքան նայվում է, ինչքան ուզում ես, այնքան տալիս է, ինչքան սիրես, այնքան սիրվում է, եւ ինքդ քեզ հետ կարողանում ես ներդաշնակվել: Նկարչությունն այն տարածքն է, որտեղ ոչ ոք չի կարող քեզ միջամտել, բացի քեզնից, որովհետեւ դու եւ նկարը պետք է լինեք: Դրանից է, երբ նայում ես մի լավ կտավի, մեջդ մեծ զգացմունքներ են առաջանում, որովհետեւ նկարչությունը հույզ եւ տրամադրություն է, որն էլ քեզ տալիս է այդ խանդավառ աշխարհը` նկարչությունը: Դրա համար է, որ նկարչությունն ապրեցնում է մարդկանց, ժողովուրդներին: Սկսենք Վերածննդից, նկարն ապրում եւ շնչում է իր ժամանակի մեջ եւ գալիք ժամանակի մեջ։ Այ, սա է կերպարվեստի գաղտնիքը եւ արժեքային իմաստը:
– Որո՞նք են նկարչին բնորոշ առանձնահատկությունները, ինչպիսի՞ն պետք է լինեն նկարչի հոգեկերտվածքը, հայացքը, ինչո՞վ է առանձնանում:
– Յուրաքանչյուր արվեստագետ իր ուրույն կյանքով է ապրում` ամփոփված իր մեջ, բայց իրեն շրջաապատող աշխարհում: Իրականում նույնն է, ինչպես մյուս բոլոր մարդիկ, պարզապես արվեստագետը շատ սիրել գիտի եւ միշտ նոր բացահայտումներ է անում իր համար, դրանով է առանձնանում: Այնպիսի առեղծվածային բաներ կան, որոնք մտնում են քո մեջ, եւ քո ամբողջ ներաշխարհն է փոթորկվում, ուրախանում, լավատեսությամբ լցվում: Երբ իմ մի լավ նկար է ստացվում, ես մի այլ աշխարհի մեջ եմ ինձ զգում: Ընդունել, շատ սիրել գեղեցկությունը, որ կախարդական աշխարհ է, եւ այդ աշխարհի մեջ պետք է լինել: Երբ լինում ես այդ կախարդանքի մեջ, ապա ստեղծվում է ստեղծագործությունը, իսկ ստեղծագործությունից ստեղծվում են մեծ արժեք ունեցող կտավներ աշխարհում:
– Կոնկրետ ո՞րն է Շմավոնյանի հայացքը, հավա՞տը, սե՞րը…
– Սերն է, միայն սերը, միայն գեղեցկությունը, հավատացեք: Դուք բանաստեղծ եք, ես` նկարիչ, տարբեր ենք, բայց մենք պետք է անենք բոլորի համար եւ պետք է կարողանանք մատուցել, որ հասանելի լինի եւ առաջացնի մարդկանց մեջ գեղեցկության սիմֆոնիա, մի բան, որ ինքը մտածել էր, բայց չէր գտել, եւ հանկարծ տեսնում է ու դրա հրճվանքով ապրում։ Դա է արվեստի գաղտնիքը եւ ուժը:
– Իսկ ինչպե՞ս է ստեղծագործում Շմավոնյանը, ի՞նչ պայմաններում է աշխատում, փորձենք խոհանոց մտնել:
– Արվեստում կան տարբեր ժանրեր, բայց ամենադժվարը նկարչության ժանրն է: Նախ՝ այդքան ներկեր, այդքան նյութեր հայթայթելը շատ դժվար է եւ թանկ, բայց պետք է հաղթահարել: Ունեմ իմ մելամաղձոտ աշխարհը, իմ ներքին տրամադրությունը, երբեմն շատ քչերի հետ կարող եմ կիսվել իմ ներաշխարհով: Ի՞նչ բան է արվեստագետը, միշտ մտածում ենք գտնել այնպիսի մեկին, որ ինքը ներկայացնի իր տրամադրությունը եւ հասանելի լինի բոլորին: Դա դժվար է, որովհետեւ դժվարին բաներ կան մարդու մեջ: Երբեմն կարող է լինել ներքին անկում, եւ չլինի տրամադրություն, իսկ եթե չեղավ տրամադրություն, ես չեմ կարող ստեղծել: Պետք է կարողանամ ստեղծել իմ տրամադրությունը, երբեմն երաժշտություն լսելով կամ զանգահարելով ընկերներիս, տեսնել-շփվելով: Եվ շփվելուց հետո տեսնում ես, որ մաքրվում ես, միջիցդ դուրս է գալիս մռայլությունը, ու սիրուն, պարզ, մի զուլալ տրամադրություն է առաջանում, նոր այդ ժամանակ ուզում ես ստեղծագործել: Կտավը հենց այդպես է ծնվում:
– Մեկ շնչո՞վ եք ավարտում նկարը, թե՞ նկարում եք, հետո ծածկում գույնով, վրան նորից նկարում, ինչպես պոետն է երբեմն գրում ու ջնջում:
– Ամեն նկարիչ ունի իր մոտեցումը նկարչության մեջ: Կարող է մի սեանսով նկար ավարտել, կարող է մի քանի անգամ անդրադառնալ` հասունացնելով նկարը, գույները, շերտերը: Դրանք ընթացքներ են, որ պետք է բերես հասցնես մի արժեքավոր պատկերի, նայած, թե ինչ ես մտածում, նկարում: Այդ բոլորը վերցնում ես բնությունից եւ այն, ինչը տրված է քո մեջ: Պահը գիտի, կարող եմ մի փոքր բան անել, արդեն ստացված կտոր լինի, բայց երբեմն կարող է մի ընկեր գալ, նայել, եւ իր հայացքով սկսեմ տեսնել, աշխատել:
– Ի՞նչ գույներ եք նախընտրում վրձնել կտավին, ինչպիսի՞ն է Շմավոնյանի ներկապնակը:
– Երբ դուրս եմ գալիս բնության մեջ, ընտրում եմ այնպիսի մի տեղ, որ լավ զգացմունք է առաջացնում, ժպիտ է գալիս երեսիս: Իսկ իմ նախաբանը միշտ եղել է` ուրախ գույներով նկարել, եւ նկարը լինի ուրախ, երբ մեկը տեսնի, ասի` ես եմ, իմն է, բոլորինս է: Այս է, նկարչությունն իր օրենքներն ունի: Բայց երբեք չեմ սիրել մռայլ նկարել, մռայլության մեջ չեմ տեսել, ինչքան կարողանում եմ տալ այդ ուրախ, ներդաշնակ նկարչությունը, որ մարդկանց համար պարզ, հասանելի եւ ըմբռնելի լինի:
– Իսկ արվեստանոցից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք, որ գուցե բերում-հասունացնում է կտավը:
– Սիրում եմ ընկերներիս հետ գնալ բնության մեջ խրախճանքի, հիշել, որ այնտեղ մի գեղեցիկ բան կա, եւ ուզում եմ տեսնել: Սիրում եմ ընկերներիս զանգ տալ, ինչ-որ առիթ սարքել, հավաքվել, մի թեմայի շուրջ զրուցել, ինչո՞ւ չէ՝ մի բաժակ էլ բարձրացնել: Ընկերներիս ասում եմ` սեղանը միայն կշտանալիք չէ, դա մեր մեջ մեծ մշակույթ է, հարաբերվելու ամենամեծ իմաստը: Այ, էդ եմ սիրում: Նաեւ շատ սիրում եմ հնությունը եւ հնագիտությունը, որն ինձ համար միշտ հոբբի է եղել, որովհետեւ ծնվել եմ մի վայրում, որտեղ Դվին մայրաքաղաքն է եղել: Ինձ համար միշտ առեղծվածային է թվացել, երբ հողի շերտերը հեռացնելով` հրաշք բաներ են բացվել: Իսկ հողի տակից ինչ դուրս է գալիս, ինձ համար նշխար է, որովհետեւ մարդու ձեռքի կպածն է, շունչ կա, հոգի կա մեջը: Եվ մթության տակ ծածկված լինելով` հանկարծ բացվում է, եւ արեւի լույսը տալիս է իրեն այն տեսքը, որ ունեցել է դարեր առաջ:
– Երբ նկարիչը սիրահարվում է, ինչպե՞ս է արտահայտվում այդ սերը կտավի վրա: Սիրահարված պոետը խելքից դուրս բանաստեղծություններ է գրում: Ունե՞ք սիրած կնոջ նկար:
– Սերը միշտ էլ լավ է անդրադառնում, որովհետեւ իր մեջ ունի բոլոր զգացմունքները: Հիմա էլ եմ ես սիրահարվում, բայց լավ արվեստին, որ կարոտում եմ եւ անպայման ուզում եմ գնալ, տեսնել, շնչել: Սերը միշտ էլ այդպես կա, առանց սիրո ո՞նց կարող է ապրել հատկապես արվեստագետը: Իսկ սիրո մեջ այնքան նուրբ, գեղեցիկ ճաշակ կա, որ պետք է քո ստեղծագործության համար ծառայի, եւ դու ազատ, հանգիստ ստեղծես: Սերը միշտ էլ առաջնորդում է: Երբեմն նկարել եմ կին, որ ինձ համար ավելի շատ սիրո արտահայտություն է եղել: Ունեմ, իհարկե, ունեմ:
– Այսօր աշխարհում կոմերցիոն արվեստն է թելադրվում, մենք կա՞նք այդ կոմերցիայի մեջ: Աշխարհում ճանաչո՞ւմ են մեր նկարիչներին, թե՞ փոքր երկրի անաստղ նկարիչներ են հայերը:
– Նախ, արվեստը պետք է քեզ հավատարիմ լինի, դու չպետք է մտածես, թե ինչ նկարես, որ վաճառվի: Որովհետեւ ազնիվ չի լինի քո մոտեցումը քո արվեստի հետ: Պարզ երեւում է այդ բոլորը: Արվեստը մաքուր հողի վրա է ծնվում: Իսկ այսօր մենք ունենք հրաշալի արվեստագետներ, հրաշալի ստեղծագործություններ, հավատացեք, որոնք աշխարհի ժամանակի մեջ ունեն եւ կունենան իրենց ուրույն տեղը: Այդ ամենը կախված է լավ երկիր ունենալուց: Ճիշտ արվեստը կայանում է կայացած երկրում, եթե մենք պատմությանը նայեք, կտեսնենք, որ բոլոր արվեստագետները կայացել են այն երկրներում, որոնք կայացած են եղել: Մեծ գործերը, հրաշալիքները, որոնք ուղեցույց են մեզ համար, չէին ստեղծվի, եթե չլինեին այդ երկրի տերերը եւ չհովանավորեին: Նկարչին ընդառաջում է իր հովանավորը, իր երկիրը: Երանի գա այն ժամանակը, այն հասունացման պահը մեզ մոտ, որ ճեղքվի, եւ հասնենք դրան: Ինչ ասեմ, հավատացած եմ, որ գուցե մեր երկիրն էլ պիտի լինի այդպես կայացած երկիր: Իսկ կայացած երկրում արվեստագետները հզորանում են եւ հզորության ուժ տալիս իրենց երկրին: Երկիրը դրանով է առաջնորդվում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր