Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Նման նշանակումները կարող են լինել նաև ներիշխանական սակարկությունների արդյունք

Նման նշանակումները կարող են լինել նաև ներիշխանական սակարկությունների արդյունք

Wed, 09 Sep 2026 20:45:10 +0400


Կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։ Կառավարությանը մոտ կանգնած նույն աղբյուրները փոխանցում են, որ Վահրամ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի իշխանությունների համաձայնությանը։ Հատկանշական է, որ Վահրամ Դումանյանը երկար տարիներ զբաղեցրել է կրթության և գիտության ոլորտի պաշտոններ` ԿԳՄՍ նախարար է եղել, ԵՊՀ Կիրառական ֆակուլտետի դեկան, վարչապետի խորհրդական, այսինքն երբեք դիվանագիտական գործունեություն չի ծավալել եւ համապատասխան գիտելիքներ էլ չունի, և իսկ սեպտեմբերի 9-ին նա դարձավ 64 տարեկան, այսինքն` երիտասարդ էլ չէ, որ ասենք` կսովորի, նոր մասնագիտություն կյուրացնի: Մանավանդ հաճախ են քննադատվում դեսպանների պաշտոնում քաղաքական նշանակումները` երբ մարդը պրոֆեսիոնալ դիվանագետ չէ:

Արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «ՀՀ օրենսդրությունը դեսպանի պաշտոնի թեկնածուների համար մասնագիտական որակավորման հատուկ պահանջներ կամ տարիքային սահմանափակումներ չի սահմանում։ Հետևաբար, դիվանագիտական փորձի բացակայությունը կամ նշանակված անձի տարիքը ֆորմալ առումով խնդրահարույց չէ։ Մոտիկից ծանոթ չլինելով պր-ն Դումանյանին՝ ձեռնպահ կմնամ նրա անձնական և մասնագիտական հատկանիշները գնահատելուց։

Մինչդեռ՝ ցանկացած դեսպանի նշանակման որոշման հիմնավորվածությունը պետք է գնահատել նախևառաջ այն խնդիրների համատեքստում, որոնք կառավարությունը դնում է նշանակվող անձի առջև։ Քանի որ հայ-մեքսիկական հարաբերություններն աչքի չեն ընկել իրենց բովանդակային հագեցվածությամբ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ակնկալվում դրանցից նոր նշանակմամբ։ Շփումների ներկա մակարդակի պահպանումն ու հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելը միանգամայն տարբեր խնդիրներ են։ Հենց դրանցից ելնելով էլ պետք է գնահատվի նման նշանակումների նպատակահարմարությունն ու թեկնածուի համապատասխանությունն առաջիկա աշխատանքին։ Եթե դիվանագիտական առաքելության հիմնական նպատակներն ու աշխատանքի արդյունքների գնահատման չափանիշները սահմանված չեն, նշանակված անձի մասնագիտական հատկանիշները կարևոր չեն։ Միևնույն ժամանակ, ինչպես հուշում է փորձը, նման նշանակումները կարող են լինել նաև ներիշխանական սակարկությունների արդյունք։ Եվ այդ դեպքում հանրությանը հայտնի է դառնում միայն նշանակված անձի կենսագրական տվյալները, բայց ոչ նրա ընտրության հիմքերը։ Ամեն դեպքում գործընկերոջս մաղթում եմ հաջողություններ՝ ի բարօրություն Հայաստանի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի արտաքին հենարանը փլուզվում է

Փաշինյանի արտաքին հենարանը փլուզվում է Wed, 09 Sep 2026 18:15:35 +0400 Երբ որեւէ երկրի իշխանություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով