«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը

Fri, 11 Sep 2026 09:45:46 +0400


Ներքին գործերի նախարարությունը խիստ վիճելի նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում է կտրուկ՝ 5-10 անգամ բարձրացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը: Տպավորություն է, թե կառավարությունն ուզում է սահմանափակել ՀՀ ելումուտը` նոր քաղաքացիներ չընդունել, հներին բաց չթողնել: Նախագծով՝ քաղաքացիության ստացման վճարը 50 հազար դրամից դառնալու է 250 հազար, իսկ քաղաքացիության դադարեցումը 150 հազարից կթռչի աստղաբաշխական՝ 1 մլն 500 հազարի:
Սա հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիություն ստացողների մեծ մասը երբեւէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել եւ անձնագիր է ստացել «099» ծածկագրով, այսինքն, նրանք փաստաթուղթը ստացել են արտերկրում՝ ՀՀ դեսպանատներում կամ հյուպատոսություններում, երբեւէ չեն հաշվառվել կամ բնակվել Հայաստանում:

Հիշեցնենք, որ, ըստ ՆԳՆ վիճակագրության, 2021-2026-ի օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիություն ստացել է 110 հազար 219 անձ, իսկ «099» ծածկագրով անձնագիր ստացել է 108 հազար 2 անձ։ Ըստ կառավարության, սա նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի իմաստը` «իրավական նշանակությունն ու հանրային արժեքը», եւ պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում:

Սա նշանակում է, որ կառավարությունը ոչ միայն տուրքեր է թանկացնում, այլեւ զուգահեռ սահմանում է Հայաստանում օրինական բնակության եւ փաստացի գտնվելու պարտադիր պահանջ՝ մի բան, որն ահռելի սփյուռք ունեցող երկրի համար անտրամաբանական է ու պարզապես կարող է վիրավորել մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Թանկացումը եւ բնակության պահանջը գործում են միասին, որպեսզի արտերկրում ապրողների համար դիմելը դառնա թե՛ ֆինանսապես ավելի ծախսատար, թե՛ իրավական առումով ավելի բարդ:
Ինչո՞ւ, ո՞րն է ՔՊ-ական կառավարության բուն նպատակը, արդյո՞ք բերված վիճակագրությունը հիմք է օրենսդրություն փոխելու, թե՞ կառավարությունն ուզում է հերթական անգամ գրպանները լցնել քաղաքացիություն ստացողների ու հրաժարվողների հաշվին: Մեր հարցերին պատասխանեց «Ազգ» թերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որը ծնվել է Լիբանանում, երկար տարիներ ապրել է սփյուռքում, 90-ականներին Հայաստանի անձնագիր է ստացել, դրա համար բավականին թանկ վճարելով՝ 1000 դոլար: «Դա էր գինը: Բարձր էր, բայց այդ օրերին այնքան քյասիբ էր Հայաստանը, հազար ու մի բանի կարիք ուներ, եւ մարդիկ ասում էին՝ ոչինչ, դա բյուջե է գնում, օգնած կլինենք, համ էլ քաղաքացիություն կստանանք: Հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն` 30 տարի է անցել, տոկոսները հաշվեն` իրենց գումարն ուզե՞ն»,- կեսկատակ ասում է Ավետիքյանը:

Ըստ նրա, այս նորամուծության նպատակը Հայաստանին սփյուռքից հեռացնելն է, հայերին բաժանելը: «Չարամիտ բան կա, հակադրություն են ուզում ստեղծել: Օրինակ, շատերը կան, որոնք ընտանիք են կազմել հայաստանցի աղջիկների կամ տղաների հետ, նրանք ի՞նչ անեն: Բաժանությունը նրանց սկզբունքն է, որովհետեւ ե՛ւ տգետ են, ե՛ւ անխելք, ե՛ւ չարամիտ»: Հակոբ Ավետիքյանը լավ գիտի սփյուռքի հոգեբանությունը եւ այն, թե այս թանկացումն ինչպես կընկալվի արտերկրի հայության կողմից: Վստահ է՝ կնեղանան մեր հայրենակիցները, կընկալեն որպես իրենց դեմ ուղղված քայլ: «Ես սփյուռքում հանդիպել եմ շատերին, ովքեր եկել են, Հայաստանի քաղաքացիություն են վերցրել եւ դրանով հպարտ են, թեեւ դա իրենց ոչինչ չի տալիս: Իհարկե, կան մարդիկ` եկած այլ երկրներից, որոնց անձնագիրն այնքան էլ օտարերկրյա վիզաներ ստանալու համար հարմար չէ, օրինակ՝ սուրիահայեր: Եվ նրանք օգտագործում են իրենց Հայաստանի քաղաքացիությունը՝ այլ տեղեր հասնելու համար։ Դա էլ կա: Բայց մարդկանց մեծ մասը վերաբերվում է հպարտությամբ՝ որ Հայաստանի պասպորտ ունեն: Հնարավոր է, թերեւս, երբեւիցե չգան Հայաստան, 1-2 անգամ եկել են, ու վերջ: Այս ամենի նպատակը հակադրելն է Հայաստանի ու դրսի քաղաքացիներին, տարբերություններ դնել նրանց մեջ, որովհետեւ հայապահպանության տեսակետից հայկական անձնագիր ստանալը շատ կարեւոր է ու շատ լավ տպավորություն է թողնում: Դրանից միայն ու միայն օգուտ կա»,- ասում է «Ազգի» խմբագիրը:

Հակոբ Ավետիքյանը փորձում է կազմել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենք-շինությունների ցուցակ ու նկատել է, որ արտասահմանում գտնվող մեր դեսպանատների ու հյուպատոսությունների շենքերի 90 տոկոսից ավելին սփյուռքահայերի գումարներով է կառուցվել ու գնվել: Սփյուռքը ոչ միայն անձնագիր է ուզել, այլեւ իր գրպանից ստեղծել է Հայաստանի դիվանագիտական դեմքն աշխարհում։ «Ոչ միայն անհատ բարերարներ են եղել, այլեւ՝ հավաքական, երբ համայնքը փող է հավաքել, որ, օրինակ, մի հատ Փարիզում ունենանք դեսպանատուն ու մի հատ էլ Լիոնում սարքեն հյուպատոսարան, մի հատ էլ Մարսելում շենք գնեն, կառուցեն: Բեյրութում, օրինակ, Նազարյաններն են շենքը նվիրել` 6 հարկանի շենք է, լավ տեղ, բլուրների վրա: Իսկ Բուենոս Այրեսի մեր դեսպանատունը պատճառ դարձավ, որ այդ պողոտան Արմենիա կոչվի, եւ սա նոր դռներ է բացում: Կահիրեի հայկական դեսպանատան ճիշտ դիմացն էլ գտնվում են հարուստ երկրների դեսպանատներ, Սաուդյան Արաբիայի դեսպանությունը, ու բոլորը նախանձով են նայում մեր դեսպանատանը, որի հարմարությունները, գազոնը, որի վրա հյուրասիրություններ, կոկտեյլ-ընդունելություններ են կատարվում, մի հրաշք է: Բարերարը հանգուցյալ է, Ջանիկի վիլլա է կոչվում այդ շենքը, նրա անձնական վիլլան է եղել, որը նվիրել է հայ համայնքին, նրանք էլ որոշել են նվիրել Հայաստանին: Սա գոհունակություն է պատճառում մարդուն, նա ավելի է կապվում հայությանը: Եվ այս մարդիկ, բնականաբար, կնեղանան Հայաստանի կառավարության այսպիսի քայլից»:

Ի դեպ, երբ ՀՀ կառավարությունը Լոնդոնում դեսպանատան համար շենք գնեց, տեղի համայնքը նեղացավ: «Հայ համայնքի անդամները վշտացել էին, ասում էին՝ Հայաստանն այդքան հարուստ երկիր չէ, մենք դա կանեինք, մենք կտայինք այդ գումարները, եւ դա էլ էր նեղացնող»,- նշում է Ավետիքյանը: Հիմա էլ, ըստ նրա, վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ անշնորհակալ է, իսկ քաղաքացիության տուրքը բարձրացնելով, ոնց որ ասեն՝ գնացեք, մեզ պետք չեք:

ՀԳ. Տուրքերի բազմապատիկ թանկացումը պետբյուջեի դեֆիցիտը քաղաքացիների եւ սփյուռքահայերի հաշվին լրացնելու ծիծաղելի փորձ է: Սփյուռքում նիկոլական իշխանությունը ցածր վարկանիշ ունի, եւ այսպիսի սահմանափակումները կարող են միտված լինել նաեւ պոտենցիալ ընտրողների կամ քաղաքականապես ակտիվ զանգվածի մուտքը Հայաստան կանխելուն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավանեսյանը հորդորում է պատվաստվե՞լ

Ավանեսյանը հորդորում է պատվաստվե՞լ Fri, 11 Sep 2026 10:40:35 +0400 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը…

8 րոպե ago

Կիևի հերթական սարսափելի գիշերը․ ռուսներն էլի հարվածել են

Կիևի հերթական սարսափելի գիշերը․ ռուսներն էլի հարվածել են Fri, 11 Sep 2026 10:30:34 +0400 Անցած…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Կնոջը փողոցում զուգընկերն ու նրա եղբայրը դաժան ծեծի են ենթարկել

«Հրապարակ»․ Կնոջը փողոցում զուգընկերն ու նրա եղբայրը դաժան ծեծի են ենթարկել Fri, 11 Sep 2026…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Մարզերի ավագանիներն էլ Երեւանից մարզեր գնացող մեքենաների մուտքը կարգելեն

«Հրապարակ»․ Մարզերի ավագանիներն էլ Երեւանից մարզեր գնացող մեքենաների մուտքը կարգելեն Fri, 11 Sep 2026 10:15:37…

33 րոպե ago

Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել

Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել Fri, 11 Sep 2026 10:04:31 +0400…

44 րոպե ago

Թուրքիան աշխարհում 2-րդն է ամենաշատ ԱԹՍ ունեցող երկրների ցանկում

Թուրքիան աշխարհում 2-րդն է ամենաշատ ԱԹՍ ունեցող երկրների ցանկում Fri, 11 Sep 2026 10:00:38 +0400…

48 րոպե ago