Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Այդ ստուգումներին բանի տեղ մի դրեք, մարդիկ խոսելու թեմա են գտել` խոսում են

«Հրապարակ». Այդ ստուգումներին բանի տեղ մի դրեք, մարդիկ խոսելու թեմա են գտել` խոսում են

Fri, 11 Sep 2026 10:45:29 +0400


Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում, նրանք զիջում են Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի աշակերտներին։ Խոսքը մասնավորապես 15 տարեկանների մասին է: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) վերջին` PISA 2025 (Programme for International Student Assessment) հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է այս տարիքային խմբի աշակերտների գրագիտությունը մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից։ Ուսումնասիրության համաձայն՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատար են չինական որոշ քաղաքներ, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրն ու Թայվանը։ Լավագույն տասնյակում են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Էստոնիան։ Հայաստանն իր ցուցանիշներով զիջում է բոլոր քաղաքակիրթ երկրներին եւ անգամ տարածաշրջանի երկրներին` Ադրբեջանին, Վրաստանին եւ Թուրքիային։

Հայ աշակերտները մաթեմատիկայից, ընթերցանությունից եւ բնագիտական առարկաներից ստացել են միջինից ցածր միավորներ, մասնավորապես՝ բնագիտական առարկաներից․ նրանք միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել (OECD-ում միջինը գնահատվել է 74%), մաթեմատիկա․ հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել (OECD-ի միջինը 65%-ն է), ընթերցանություն․ 19%-անոց ցուցանիշ (OECD-ի միջինը 67% է): Հայաստանում աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, բնագիտական ոլորտում լավագույն արդյունք է արձանագրել ավելի քիչ թվով աշակերտ։ Ըստ PISA 2025-ի, մենք 91 երկրի շարքում վերջից երրորդ տեղում ենք` Պարագվայից ու Քենիայից առաջ, եւ սա խայտառակ արդյունք է, որը երեկվանից քննարկում է հանրությունը՝ արձանագրելով, որ կրթական համակարգում էլ է այս իշխանությունը կատարյալ ձախողում ունեցել:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոխտնօրեն Գեւորգ Հակոբյանի հետ:

– Հայաստանի աշակերտները գրագիտության ցուցանիշով վերջինն են տարածաշրջանում: Նախօրեին հրապարակված PISA 2025-ի ցուցանիշների համաձայն` Հայաստանում 15 տարեկան երեխաների գերակշիռ մասը գրագիտության մեծ պակաս ունի: Ձեր կարծիքով` ո՞րն է այս ցուցանիշի հիմնական պատճառը:

– Ինձ այդ միջազգային ստուգում­ներն այդքան հետաքրքիր չեն, որքան՝ կենդանի երեխաները: Պետք է այդ երեխաներից նախ հարցնել, թե նրանք ինչ կարծիքի են այդ ստուգումների մասին, եւ, ի վերջո, ինչո՞ւ են մեծերը միշտ իրենց ասածներն առաջ տանում՝ երեխաներին անտեսելով: Կարող է երեխաներն իրենք էլ շատ դժգոհ են այդ հետազոտությունից, ո՞վ ասաց, որ երեխաները գոհ են: Այնպես չէ, որ Հայաստանում կրթության որակը վատ է, ամբողջ աշխարհում էլ հանրակրթության ոլորտը խոր ճգնաժամի մեջ է: Այդ ստուգումներին բանի տեղ մի դրեք, մարդիկ խոսելու թեմա են գտել՝ խոսում են:

– Ինչո՞ւ լուրջ չվերաբերվենք, ի վերջո` միջազգային հետազոտություն է սա, եւ դժվար թե Հայաստանին միտումնավոր թերագնահատելու ցանկություն լինի:

– Գուցե առաջադրանքները, որոնք հանձնարարել են, մեր երեխաների համար անսովոր են եղել:

– Բայց դա միայն հայ երեխաներին չեն հանձնարարել, այլեւ ուսումնասիրություն իրականացված 90-ից ավելի երկրում: Եվ միայն սոսկ գիտելիք չեն ստուգել, օրինակ, ըստ այս ուսումնասիրության, 15 տարեկանների գերակշիռ մասը չի կարողացել գրքի տեքստը կարդալ ու վերաշարադրել:

– Դե, ես չեմ կարող հստակ ասել, սակայն կարծում եմ, որ բոլոր ժամանակներում էլ եղել են լավ երեխաներ, ովքեր կարդում են, սովորում են, կան նաեւ չսովորող երեխաներ։ Դա միշտ է եղել, իմ երեխա ժամանակ էլ է այդպես եղել, ո՞վ ասաց, որ մեր ժամանակ բոլորը գերազանց էին սովորում: Հիմա էլ կան շատ լավ երեխաներ, ովքեր հրաշալի տիրապետում են օտար լեզուներին, գրքեր են կարդում տարբեր լեզուներով, գիտեն լավ ֆիզիկա, մաթեմատիկա: Ասեմ նաեւ, որ միջազգային օլիմպիադաներում Հայաստանը շատ լավ է հանդես գալիս, եւ ամենեւին էլ վերջից երրորդ տեղում չենք, ոչ էլ տարածաշրջանում ենք վերջինը:

– Ի՞նչ օլիմպիադաներ են:

– Ֆիզիկա, մաթեմատիկա, աստղա­գիտություն եւ այլն: Մեր երեխաներն ամեն տարի այդ օլիմպիադաներից պարտադիր մեդալներ են ստանում:

– Իսկ աշակերտները հիմա ի՞նչ գրքեր են կարդում: Շատ են դժգոհությունները, որ այսօրվա աշակերտները միայն սեղմավեպեր են կարդում:

– Կարդում են, ուղղակի իրենց ուզած գրքերն են կարդում, եւ դա շատ ճիշտ է: Ի դեպ, ոչ միայն հայերենով են կարդում, այլեւ` ռուսերենով, անգլերենով եւ այլն: Այն գրքերը, որ չեն հավանում, այո, չեն կարդում: Կարդում են այնպիսի գրքեր, որոնք ինձ երբեմն ծանոթ չեն:

– Հավանաբար` Պաուլո Կոելյո կամ սերիալային պարզունակ հեղինակների են սիրում կարդալ:

– Չեմ կարող հստակ ասել, չգիտեմ: Բայց երեխաները կարդում են:

– Եթե Հայաստանում կրթության մակարդակը բարձր է, եթե աշակերտները լավ են սովորում, ինչո՞ւ է բուհերում ընդունելության անցողիկ շեմն այսքան իջել․ ի դեպ, դիմորդների մի ահռելի մասն էլ թափուր տեղերի մրցույթով է ընդունվում համալսարան, գրեթե առանց մրցույթի: Այդ դեպքում ո՞րն է այս իրավիճակի պատճառը:

– Եկեք նայենք աշխարհի մյուս համալսարաններին:

– Նայում ենք, կան ցուցանիշներ, անգամ Ադրբեջանի ինչ-որ մի մարզային համալսարան, ըստ հրապարակված ցուցանիշների, ԵՊՀ-ից բարձր հորիզոնականում է:

– Չգիտեմ, անկեղծ ասած, ծանոթ չեմ այդ ցուցանիշներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին

Նիկոլը փակեց գյուղնախարարությունը. գյուղն ու գյուղացին ո՞ւմ հույսին մնացին Thu, 10 Sep 2026 14:45:53 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով