Ալիեւն ընտրակաշառք է բաժանել եւ իշխանության բերել Փաշինյանին
Tue, 15 Sep 2026 19:45:55 +0400

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը թանկացան միանգամից 30 դրամով․ սեպտեմբերի 10-ի երեկոյան բենզինն արժեր 550 դրամ, 11-ի առավոտյան դարձավ 580 դրամ, նույն դիզվառելիքը 10-ի երեկոյան արժեր 650 դրամ, մի քանի ժամ հետո դարձավ 680 դրամ: Կարող են ասել, որ Հայաստանից ոչինչ կախված չէ, որ նավթի համաշխարհային գները բարձրացել են, դրա հետեւանքով նավթից արտադրվող բենզինն ու նավթը թանկացել են ամբողջ աշխարհում, ուստի Հայաստանը չէր կարող բացառություն լինել: Այն, որ նավթի համաշխարհային գները թանկացել են, մենք էլ գիտենք, բայց բենզինի եւ դիզվառելիքի թանկացումը թույլ է տալիս մի քանի արձանագրումներ անել:
Առաջինը․ բենզինն ու դիզվառելիքը թանկացան Հայաստանի բոլոր ցանցերում եւ միաժամանակ, մի կետից տրված հրահանգով: Սա նշանակում է որ Հայաստանում չկան ազատ շուկա, ազատ մրցակցություն, կա մի կետից կառավարվող տնտեսություն՝ հակամենաշնորհային պայմանավորվածություններով: Հայաստանի հակամենաշնորհային մարմինները, որպես այդպիսին, չկան, չեն գործում: Այս արձանագրումն այնքան էլ նոր կամ ցնցող չէ, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգ գոյություն չունի, ոչ միայն հակամենաշնորհային մարմիններն են անգործունակ, այլեւ՝ կառավարման մյուս բոլոր մարմինները՝ անկախ անվանումից կամ գործունեության ոլորտից: Հիմա անցնենք կարեւորին:
Մինչեւ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանը սկսեց Հայաստան մատակարարել բենզին եւ դիզվառելիք, այդ բենզինն ու դիզվառելիքը վաճառվում էին շուկայականից անհամեմատ ավելի ցածր գնով, եւ նիկոլամեռ զանգվածը, գնելով այդ բենզինն ու դիզվառելիքը, խնայելով մի քանի հարյուր դրամ, հայտնվել էր լիակատար երջանկության մեջ: Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում էր որպես Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունից բխող հսկայական առավելություն եւ իր նախընտրական հանդիպումների ժամանակ անընդհատ շեշտում էր բենզինի եւ դիզվառելիքի գնի էժանացման փաստը․ սա իր իշխանության նախընտրական հաջողությունն էր, ինքն էր բերել այդ էժանացումը: Հիմա ո՞ւր է այդ էժան ադրբեջանական բենզինը կամ դիզվառելիքը՝ չկա, ո՞ւր է 430 դրամանոց բենզինը՝ չկա: Չկա, որովհետեւ Ադրբեջանն այլեւս կարիք չունի իր գնից էժան բենզին վաճառելու Հայաստանին: Իսկ թե ինչու էր մինչեւ ընտրությունները վաճառում, որովհետեւ դրանով աջակցում էր Փաշինյանի իշխանության վերարտադրությանը: Փաստացի, խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում Իլհամ Ալիեւը, հօգուտ Փաշինյանի, ընտրակաշառք է բաժանել եւ դրանով էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իմացել է դրա մասին, այլեւ այդ ընտրակաշառքն օգտագործել է իր քարոզչության մեջ: Փաշինյանն իր իշխանության համար պարտական է Ադրբեջանին եւ Ադրբեջանի նախագահին, հիմա փորձում է վճարել դրա դիմաց, վճարել Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների հաշվին:
Մյուս կարեւոր արձանագրումը. եթե կամ երբ Հայաստանը կտրվի ԵԱՏՄ-ից, ոչ միայն բենզինը եւ դիզվառելիքը, այլեւ ընդհանրապես բոլոր ապրանքներն են վաճառվելու միջազգային շուկայական գներով: Հիմա նավթի համաշխարհային գինը մեկ բարելի համար 107 դոլար է։ Սա ռեկորդ չէ, 2008 թվականին նավթի համաշխարհային գինը հասել էր 140 դոլարի, բայց Հայաստանում բենզինի եւ նավթի գների էական տատանում տեղի չունեցավ, որովհետեւ եվրոպական ներմուծմանն այլընտրանք կար` ներմուծում Ռուսաստանից: Ռուսաստանը հիմա պատերազմի մեջ է, եւ նրա նավթավերամշակման գործարանները ենթարկվում են հարձակման, Ռուսաստանն ինքն է բենզին եւ դիզվառելիք ներմուծում հարեւան եւ բարեկամ երկրներից: Բայց, չնայած դրան, Ռուսաստանում բենզինը Հայաստանից կրկնակի անգամ էժան է 65-70 ռուբլով, որը համարժեք է 300 դրամին: Պատերազմն ի վերջո կավարտվի, ավարտը մոտ է թվում, եւ եթե մենք մնանք Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում, բենզինը եւ դիզվառելիքը եւս հնարավոր կլինի ստանալ ռուսական, ոչ թե համաշխարհային գներով:
Մի հզոր սորոսաթուրքական պատգամավորուհի կա, մտքի իսկական գիգանտ, օրերս ասում էր՝ եթե Ռուսաստանը գազը կտրի կամ թանկացնի, Հայաստանը գազ կունենա, Հայաստանը գազի կաթսայի վրա է գտնվում՝ երեւի նկատի ունենալով, որ Հայաստանի շրջապատում գազ ունեցող այլ երկրներ էլ կան: Հայաստանը նաեւ նավթի կաթսայի վրա է՝ մեր հարեւան Իրանը հսկայական նավթի պաշարներ ունի, բայց Հայաստանն այնքան ինքնիշխան է, որ ԱՄՆ-ն Հայաստանին թույլ չի տալիս Իրանից նավթ կամ նավթամթերք ներմուծել: Գազն էլ թողնում է, որովհետեւ գումարի հետ կապված գործարք չկա, պարզ ապրանքափոխանակում է․ Հայաստանը գազ է վերցնում՝ տեղը էլեկտրաէներգիա տալիս: Չնայած մի օր կարող է դա էլ արգելել, ու սրանք խելոք կենթարկվեն:
Իրականում, երբ ՔՊ-ականներն ասում են, որ Հայաստանը գազի կաթսայի վրա է գտնվում, մեզ մնում է միայն դրանից օգտվել, պետք է հասկանալ այլ կերպ․ որ Ադրբեջանը Հայաստանին մտցրել է մի կաթսայի մեջ, տակը գազի կրակ վառել ու եփելու է այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանն այլեւս չլինի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր