«Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու
Wed, 16 Sep 2026 11:15:55 +0400

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, այս տարի անցավ ընդգծված «ընտանեկան» ու փակ մթնոլորտում։ Օրակարգը հաստատելուն պես իշխանությունները շտապել են փակել դռները լրատվամիջոցների առաջ՝ թերեւս հանրության ու սփյուռքի մասին սուր հարցերից պաշտպանվելու համար: Նախկինում՝ հատկապես մինչեւ 2018-ի իշխանափոխությունը եւ դրանից անմիջապես հետո, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերն ունեին բոլորովին այլ ձեւաչափ. լրագրողները հնարավորություն ունեին հետեւելու նիստի մեծ մասին, որտեղ սփյուռքի ներկայացուցիչները, ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ, ՌԱԿ, եւ Եկեղեցու ներկայացուցիչները բաց, երբեմն նույնիսկ բավականին սուր բանավիճում էին երկրի նախագահի կամ կառավարության հետ: Իրավիճակը կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ իշխանությունը հիմնադրամի հավաքած միլիոնավոր դոլարները փոխանցեց պետական բյուջե, ինչի իրավունքը չուներ: Սփյուռքի վստահությունն այդ ժամանակ կոտրվեց, հարցադրումները դարձան անհարմար` կառավարության համար, հիմնադրամի նիստերն աստիճանաբար վերածվեցին փակ կաբինետային հավաքների:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ հանրապետության նախագահը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի զարգացման եռամյա ռազմավարության եւ ծրագրային հիմնական առաջնահերթությունները։ Քննարկվել են նաեւ հիմնադրամի 2025 թ. գործունեության ամփոփ հաշվետվությունը եւ 2027-2029 թթ. բյուջեն»,- ասված է «Հայաստան» հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ: Թե ում փողերն են պատրաստվում տնօրինել դռնփակ ռեժիմով, երբ համահայկական վստահությունը վաղուց սպառված է, երբ հայկականությանը պատերազմ է հայտարարված, հայտնի չէ:
Դիտելով տարածված լուսանկարները՝ նկատեցինք, որ նիստի մասնակիցներն էլ նախկինի պես շատ չեն եղել: Ալեն Սիմոնյանի փոխարեն, բնականաբար, Ռուբեն Ռուբինյանն է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա չէ, եւ ընդհանրապես՝ հոգեւոր դասի որեւէ ներկայացուցիչ չկա․ վստահ ենք` չեն հրավիրել։ Իշխանությունը, որ տարիներ շարունակ հետեւողականորեն քանդում է կապերը Եկեղեցու եւ սփյուռքի ավանդական կառույցների հետ, հիմնադրամը փաստացի թողել է առանց հոգեւոր մասնակցության եւ օրհնության։ Դահլիճում չկար նաեւ տնային կալանքի տակ պահվող Սամվել Կարապետյանը, թեեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 44-օրյայից հետո նա ընդհանրապես չի մասնակցել նիստերին, բոյկոտում էր` սփյուռքի հավաքած միջոցները պետական բյուջե փոխանցելու հետ կապված սկանդալից հետո:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր