«Հրապարակ»․ 3 ամիս առաջ էլ գրել էր, որ Փաշինյանին պետք է արգելել այցելել Զանգեզուր
Fri, 18 Sep 2026 09:15:28 +0400

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ ծաղրելով նրան եւ պահանջելով «բաժանել» Սեւանա լիճը։ «Դու «коз..л», քանի դեռ լիճը չենք բաժանել, մի մտիր մեր «Գյոյչան»… թե չէ մենք էլ կլողանանք»,- գրել էր նա։ Ադրբեջանական կողմը` հակառակ Հայաստանի իշխանությունների խաղաղասիրական լոզունգներին, շարունակ ծաղրում է Հայաստանը եւ հենց նրանց` Ադրբեջանի նկատմամբ նրբանկատություն ցուցաբերելու ջատագովներին: Օրեր առաջ էլ Բաքվի բռնապետ Ալիեւի օգնական Հաջիեւն էր Գանձասարում Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների ներկայությամբ ծաղրել հայկական գրերը:
Թոֆիգ Զուլֆուգարովը նախկին նախարար է, սակայն բռնապետական Ադրբեջանում չկան ներկա ու նախկին պաշտոնյաներ` բոլորը միասնական են հայերի հանդեպ ատելության եւ Հայաստանը գրավելու ցանկության հարցում:
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ ազդեցություն ունի այժմ Թոֆիգ Զուլֆուգարովի խոսքն Ադրբեջանում, արժե՞ նրա գրառումներին լուրջ վերաբերվել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Թոֆիգ Զուլֆուգարովն 90-ականներին կարճատեւ ժամանակ եղել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը` հազիվ մեկ-երկու տարի: Ասեմ, որ նա շատ անհաջող նախարար է եղել, եւ երկար տարիներ նրա ձայնը դուրս չէր գալիս ընդհանրապես: Զուլֆուգարովն ակտիվացել է 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո: Նրան ոչ թե որպես նախկին նախարար պետք է դիտարկենք, այլ որպես հասարակական գործիչ: Նա որպես հասարակական գործիչ, այսպես ասած, կայացավ Մեհրիբան Ալիեւային քծնելով, որպես համացանցի հայտնի օգտատեր: Նա սկսեց համացանցում կարծիք ձեւավորել, հետագայում ներգրավեցին նրան պաշտոնական քաղաքական թեզերի համար: Նա Ֆեյսբուքում գովերգում էր Ալիեւային, նրա մտքերով էր կիսվում եւ այդ ամենի արդյունքում քաղաքական կարծիք ձեւավորող անձ դարձավ Ադրբեջանում: Ասեմ Ձեզ, որ առաջին անգամ չէ, որ նա անդրադառնում է Նիկոլ Փաշինյանին, նա մոտ 3 ամիս առաջ էլ, երբ Փաշինյանը գնացել էր Սյունիք, գրել էր, որ Փաշինյանին պետք է արգելել այցելել օկուպացված Զանգեզուր, քանի որ այն իրենց պատմական տարածքն է: Այժմ հերթը Սեւանինն է: Եթե մենք հաշվի չառնենք, որ այդ գրառման հեղինակը Թոֆիգ Զուլֆուգարովն է, ապա պետք է ասենք, որ այս մոտեցումը շատ կարեւոր տեղ է գրավում Ադրբեջանում: Այն «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարի մի մասն է: Ըստ ադրբեջանական կողմի` Սյունիքը «Արեւմտյան Զանգեզուրն» է, որը համարվում է ադրբեջանական պատմական տարածք, ինչը Փաշինյանն իրենց պետք է վերադարձնի։ Նույնն ասում են Սեւանի մասին եւ պնդում, որ Սեւանի առնվազն կեսը պետք է իրենց տիրապետության տակ լինի: Այսինքն` Սեւանա լիճը փորձում են դարձնել սահմանամերձ լիճ: Այնպես որ, այս թեզն Ադրբեջանում ակտուալ թեզ է, իսկ Ադրբեջանի իշխանությունները քայլ առ քայլ մոտենում են իրենց երազանքին: Թե հիմա Թոֆիգ Զուլֆուգարովն Ադրբեջանի իշխանության թեզերը կհնչեցնի, թե Ադրբեջանի իշխանությունը կասի իր պաշտոնական դիրքորոշումը, դա ընդհանրապես էական չէ: Կարեւորն այն է, որ Ադրբեջանն ունի նման ծրագիր, որը պաշտոնապես ներառված է իր պլանների մեջ»:
Կարո՞ղ ենք դիտարկել, որ Թոֆիգ Զուլֆուգարովը Մեհրիբան Ալիեւայի խոսափողն է։ «Ես նման բան չեմ պնդի, բայց կասեմ, որ հայկական կողմից սպասելիքներ չունեմ: Վաղը եթե անգամ Թոֆիգ Զուլֆուգարովը Փաշինյանից պահանջի իր երեխաներից մեկի երիկամը, նա առանց մեկ վայրկյան մտածելու, կհանի-կտա: Փաշինյանից ոչ մի բան պետք չէ ակնկալել այս առումով: ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը չորեքշաբթի օրը ուղիղ տեքստով ասաց, որ եթե անգամ ադրբեջանցիները կրակեն Հայաստանի վրա, Հայաստանը չի պատասխանելու դրան, քանի որ այն կարող է խանգարել խաղաղությանը: Մի իշխանություն եթե անգամ ռազմական ագրեսիային չի պատրաստվում արձագանքել, ի՞նչ կարող է անել այն պարագայում, երբ Թոֆիգ Զուլֆուգարովը ծաղրում է իրենց»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր