«Հրապարակ»․ Մի կողմից դատում են, մյուս կողմից բարձր պաշտոն տալիս
Sat, 19 Sep 2026 11:15:51 +0400

Մենք գրել էինք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Արզականի արդեն նախկին վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանին պատրաստվում է Չարենցավանի էլցանցի տնօրեն նշանակել, եւ որ վերջինս չէր հերքել այդ փաստը: Պարզվում է, որ 9 տարի Արզականը ղեկավարած Մարգարյանին կաշառք տալու եւ ստանալու միջնորդ լինելու առիթով մեղադրանք է առաջադրվել:
Հակակոռուպցիոն քրեական դատարանում 2025 թվականին քննված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Հակոբ Հովսեփյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության եւ բնակկումունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ-հողաշինարարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին այլ ապօրինի գործողության կատարման համար Արզական բնակավայրի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանի միջնորդությամբ ստացել է կաշառք: Իսկ Հայկ Տրունյանը… իր օգտին այլ ապօրինի գործողություններ կատարելու համար Արզական բնակավայրի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանի միջնորդությամբ տվել է կաշառք: Լիպարիտ Մարգարյանը, հանդիսանալով Չարենցավան խոշորացված համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարը, իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է կաշառք տվողի եւ ստացողի միջեւ կաշառքի, կաշառքի առարկայի շուրջ համաձայնության գալուն: Թիվ ՀԿԴ/0247/01/25 քրեական գործով մեղադրյալ Լիպարիտ Մարգարյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցները՝ տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, դատարանը որոշել է թողնել անփոփոխ` տնային կալանքի ժամկետը երկարացնելով երեք ամիս ժամկետով։ Լիպարիտ Մարգարյանին արգելվել է լքել բնակության վայրը՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի Բարեկամության փողոցի 1-ին նրբանցքի 1-ին տունը, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, ինչպես նաեւ՝ իր հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներից բացի շփում ունենալ այլ անձանց հետ։
Հետագայում Մարգարյանի պաշտպան Գոռ Օհանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, եւ դատարանը բավարարել է միջնորդությունը, որոշել է Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխել եւ նրա նկատմամբ գործի դատական քննության ընթացքում կիրառել վարչական հսկողություն, իսկ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։ Ինչպես նաեւ՝ վարչական հսկողության ժամանակահատվածում մեղադրյալ Լիպարիտ Մարգարյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չի կարող փոխել մշտական բնակության վայրը, արգելվել է շփվել վարույթի շրջանակներում առնչվող անձանց, ի թիվս այլնի՝ նաեւ այն անձանց հետ, ովքեր հնարավոր է լրացման փուլում միջնորդեն հարցաքննվել, եւ պարտականություն է սահմանվել` շաբաթը մեկ անգամ ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր