Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Թատրոնն ինքն է որոշում` ունենա՞լ գեղարվեստական ղեկավար, թե՞ ոչ, մենք որոշել ենք չունենալ

Թատրոնն ինքն է որոշում` ունենա՞լ գեղարվեստական ղեկավար, թե՞ ոչ, մենք որոշել ենք չունենալ

Sat, 19 Sep 2026 13:15:06 +0400


«Հրապարակը» օրերս անդրադարձել էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկին, և գրել էր, որ Սունդուկյանի խաղացանկում կարելի է հանդիպել հայ եւ համաշխարհային թատերական դասական հայտնի գործերի, սակայն ժամանակակից հեղինակների պիեսների եւ նոր դրամատուրգիական խոսքը սահմանափակ է կամ ընդհանրապես բացակայում է։ Օրինակ, սեպտեմբերի 18-ին Սունդուկյանի անվան թատրոնում հանդիսատեսին է ներկայացվելու «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը: Ճիշտ է՝ Շեքսպիրը բոլոր ժամանակների ամենադրամատուրգն է, բայց մեր խելահեղ վազքի ու այֆոնների դարում ո՞վ է Շեքսպիր դիտելու։ Մենք նաև գրել էինք, որ Հայաստանում օրեցօր թատրոնների թիվն ավելանում է, եւ հանդիսատեսն էլ է շատանում։ Ի տարբերություն, օրինակ, նախորդ տասնամյակի, այժմ թատրոններում ազատ տեղեր գրեթե չկան, վերջին տարիներին նոր թատրոններ են ասպարեզ եկել, ժամանակակից, մասնավոր թատրոններ, որտեղ նոր լուծումներ են գտնում, եւ որոնք մեծ լսարան ունեն։ Սակայն, այս ամենին զուգահեռ, մենք նկատում ենք, որ պետական ֆինանսավորում ունեցող թատրոնները, օրինակ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, բացառապես դասական եւ մեր ժամանակների համար ոչ այնքան ակտուալ գործեր է բեմադրում: Մենք նաև տեղեկացել էինք, որ մայր թատրոնը տևական ժամանակ է չունի գեղարվեստական ղեկավար, իսկ երկարամյա գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը տևական ժամանակ է, ինչ թատրոնի գեղարվեստական ղեկավարը չէ:

Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար, ի՞նչ պատճառով է Արմեն Էլբակյանը հեռացել այդ պաշտոնից, և ե՞րբ թատրոնը կունենա նոր գեղարվեստական ղեկավար: Մկրտչյանը մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասաց. «Ես կարդացել եմ Ձեր նախորդ հոդվածը, և, անկեղծ ասած, համաձայն չեմ Ձեր պնդումների հետ: Համաձայն չեմ այն առումով, որ թատրոնը երբեք չպետք է լինի այսօրեական: Ինչ վերաբերում է թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ապա թատրոնն ինքն է որոշում ունենա՞լ գեղարվեստական ղեկավար, թե՞ ոչ: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը մենք ներկայացնում ենք շատ նոր մոտեցմամբ, ֆանտաստիկ գրախոսականներ ենք ստանում այդ ներկայացման մասին: Պրեմիերան տեղի է ունեցել Վերոնայում, արձագանքները ֆանտաստիկ էին, և դրանք բոլորը ուղղված էին հայ թատրոնին, բայց Ձեր հոդվածում լրիվ հակառակ մտքերի հանդիպեցի: Սունդուկյան թատրոնը պարտավոր չէ լինել այսօրեական, և այսօրեական թեմաներ արծարծել: Ձեր ասածները ստենդափերները անում են, թատրոնը պետք է խոսի ժամանակակից ձևաչափով հավերժական թեմաների մասին, կարող ենք նաև խոսել այսօրվա թեմաներից, դա չէ հարցը, սակայն այդպիսինները մեր ռեպերտուարում շատ են: Ասեմ, որ մենք ունենք նաև ժամանակակից գործեր, օրինակ Սարա Ռուլի «Էվրիդիկե» պիեսն ենք բեմադրում, բեմադրում ենք նաև` Հրաչ Բեգլարյանի, Լիլի Էլբակյանի, Սամսոն Մովսեսյանի, Շառլոտտա Ջոնսի, Նոդար Դումբաձեի, Մանե Մկրտչյանի և այլ ժամանակակիցների գործեր»:

Սունդուկյանի դերասանները մեզ հետ զրույցներում նշում են, որ ներկայացումները բեմադրվում են կիսադատարկ դահլիճներում, մենք էլ երբեմն նկատում ենք այդ երևույթը, մայր թատրոնի հանդեպ, կարծես, հետաքրքրությունը նվազել է, նկատեցինք տնօրենի հետ զրույցում. «Այդ ո՞ր դերասանն է դժգոհել», կիսազայրացած ձայնով հարցրեց տնօրենը: «21-րդ դարի Սունդուկյան թատրոնը տարվա կտրվածքով խաղում է ավելի քան 150-160 ներկայացում: Այսպիսի թվերի կարող է հանդիպեիք միայն ԽՍՀՄ տարիներին: Հանդիսատեսի ահռելի աճ կա: Եթե այդքանից հետո կա դերասան, որ ասում է` դահլիճները դատարկ են, ապա պետք է ասեք, թե ո՞ր դերասանն է նման բան ասել: Այո, եղել են ներկայացումներ, որոնք լավը չեն եղել, ի՞նչ է փոխվում դրանից, դա չի նշանակում, որ մենք գլոբալ առումով ունենք հանդիսատեսի խնդիր: Ոչ ոք ինձ չի կարող ցույց տալ մի թատրոն, որն ուղիղ գծով բարձրանում է վեր: Թատրոնի ողջ էությունն այն է, որ կարող է ունենալ թե հաջողված, և թե անհաջող ներկայացումներ: Դա բնական պրոցես է»:
Թատրոնի տնօրենը նաև խոսեց գեղարվեստական ղեկավարի թափուր տեղի մասին, հարցին` ի՞նչ խնդիր եք ունեցել Արմեն Էլբակյանի հետ, և ինչո՞ւ նա այլևս հանդես չի գալիս որպես գեղարվեստական ղեկավար, մեր զրուցակիցն ասաց. «Թատրոնն, այո, այս պահին շարժվում է առաջ առանց գեղարվեստական ղեկավարի: Ես Արմեն Էլբակյանին առաջարկել եմ լինել խորհրդական, նա ընդունել է իմ առաջարկը»: Ունեցե՞լ եք տարաձայնություններ, Մկրտչյանը ասաց. «Այս պահին չեմ կարող ավելին ասել: Առաջիկայում գեղարվեստական ղեկավար չի ունենա թատրոնը»: Մենք նաև հետաքրքրվեցինք` ո՞վ է այժմ ընտրում մայր թատրոնի խաղացանկը. մեր զրուցակիցը շեշտեց. «Ես առաջարկել եմ մեկ տարվա գեղարվեստական ծրագիր, ներկա է եղել ողջ ստեղծագործական կազմը, և բոլորը մեծ խանդավառությամբ են ընդունել իմ մեկ տարվա ծրագիրը: Ամեն դեպքում` պետք է հրաժարվել այն մտքից, որ թատրոնները պետք է լինեն այսօրեական, դա չստացված միտք է, դրա համար կան թատրոնի այլ տեսակներ»:

Մենք նաև հետաքրքրվեցինք թատրոնի տնօրենից, թե որքա՞ն գումար է ստանում մայր թատրոնը պետությունից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունից ստանում են շուրջ 370 միլիոն դրամ տարվա համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են Sat, 10 Oct 2026 10:20:29 +0400 Ռուս քաղաքագետ Ալեքսեյ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով