Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում
Mon, 21 Sep 2026 22:15:21 +0400

Անկախության 35-ամյակը Հայաստանը դիմավորում է ծնկաչոք: Այն թշնամու առաջ, որին ավելի քան 30 տարի առաջ ստիպել էր զինադադար աղերսել: Իսկ 25-ամյակին ընդառաջ թշնամին փորձել էր ռեվանշ իրականացնել ու ջարդվել էր: Իհարկե, նրան հաջողվել էր մի բլուր գրավել, սակայն մարտերը դադարեցնելու խնդրանքով կրկին Մոսկվային դիմողն ինքն էր: Բայց շատ արագ պարզվեց, որ այն սոսկ բլուր չէր, այլ ինչ-որ բանի խորհրդանշան: Թշնամու համար այն հետագա հաղթանակի նախանշան էր: Ինչևէ, Անկախության 25-ամյակը հաղթանակի տոնահանդես էր թե՛ գետնի վրա՝ զորահանդեսի, և թե՛ մարդկանց հոգիներում՝ «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգի տեսքով:
Այնուհետև դրան հաջորդեցին տղամարդավարի տված խոստումը դրժելն ու ժողովրդի կողմից մերժվելը, ինչը բերեց սկզբում իշխանափոխության, իսկ հետո դաժան ու խայտառակ պարտության՝ արդեն նոր «գերագույնի» հրամանատարության ներքո: Եվ երեք տասնամյակ առաջ թշնամուն հաղթած ու դրա շնորհիվ ցեղասպանության բարդույթից ազատագրման ճանապարհը բռնած ժողովուրդը կրկին ընկղմվեց այդ բարդույթի մեջ: Ընկղմվեց շատ ավելի խորը, քան այդ երևույթն առկա էր նախքան «88»-ի ազգային զարթոնքը: Այն աստիճան խորը, որ անկախական ու հայրենասեր համարվեցին պարտության խորհրդանիշ անձն ու նրա կամակատարները:
Այսօր անդրադառնամ Անկախության 35-ամյակի կապակցությամբ ԱԳՄԱ նախարար Միրզոյան Արարատի այն զգացողությանը, որ Հայաստանը «նոր-նոր է պետություն դառնում, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, երկիրն առաջին քայլերն է անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ, և սա դրսևորվում է առաջին հերթին և գլխավորապես արտաքին քաղաքականության բնագավառում, այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններում»:
Ասեմ, որ մեջբերված հատվածում օգտագործված «մենք»-ը ես դարձրել եմ «Հայաստան»-ը և «երկիր»-ը: Քանի որ չունեմ այն զգացողությունը, որ ունի Արոն: Եվ չեմ կարող նրան ու նրա նմաններին պատկերացնել մեր ընդհանրական «մենք»-ի մեջ: Որովհետև իրականում մենք պետություն էինք դարձել Անկախության հռչակագրի շնորհիվ: Եվ ոչ թե նիկոլական արոների իշխանության գալու և 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության «շնորհիվ»: Ինչ մնում է «անկախ պետություն ունենալու ուղղությամբ առաջին քայլերն անելուն», ապա դա արվել է 35 տարի առաջ: Արվել է գերազանց՝ Արցախյան առաջին, հաղթական պատերազմի շնորհիվ: Արոյի կողմից «արտաքին քաղաքականության բնագավառը» հիշատակելն էլ ընդամենը այսօր միտում դարձած՝ ինքնասիրահարվածության դրսևորում է, որը դարձել է գործող իշխանության անձնագիրը:
Աննորմալության ու անհեթեթության վերին աստիճանն է, որ երկիրը պարտության տարած իշխանությունը դա համարում է հաղթանակ ու պետության անկախության հաստատում: Ադրբեջանի տարբեր մակարդակի չինովնիկների կողմից հնչող հնչող ստորացումներին արձագանք չտվող իշխանությունը ոչ թե իրավունք ունի խոսելու «նոր-նոր պետություն դառնալու», այլ միայն ինքնադատափետվելու և իրեն ինքնակամ նետելու պատմության աղբարկղը: Այնպես որ Անկախության օրը պարտության խորհրդանիշ անձի, ում համար պարտությունը հավասար է հաղթանակի, վարչապետության օրոք տոնելը ձեռառնոցի է հենց այդ երևույթի նկատմամբ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր