«Հրապարակ». Հոյակապ ծրագիր ենք առաջարկել, որն անմիջապես հասկացավ Ծառուկյանը, բայց արդեն 15 տարի է՝ չի հասկանում կառավարությունը
Wed, 23 Sep 2026 11:45:10 +0400

Հարցազրույց ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ
– Մասնակցում էիք Վենետիկի միջազգային կինոփառատոնին: Ի՞նչ ձեւաչափով էր Հայաստանի մասնակցությունը, ներկայությունը վենետիկյան բիենալեում:
– Երկրորդ տարին էր, որ մենք մասնակցում էինք Վենետիկի միջազգային կինոփառատոնին, որն աշխարհի առաջին եւ ամենահին կինոփառատոնն է: Յուրաքանչյուր մեծ փառատոն ունի արդյունաբերական, շուկայական հատված, որտեղ հավաքվում են պրոդյուսերները, վաճառքի գործակալները, որպեսզի կինոարտադրությունը զարգացնեն: Մենք գտնվում էինք հենց այդ արդյունաբերական հատվածում եւ ներառված էինք պաշտոնական ծրագրում: Վենետիկն այս տարի հիմնադրել է մի ծրագիր, որը կոչվում է «Նկարահանման վայրերի շուկա», որտեղ գալիս են երկրները եւ իրենց գովազդում որպես պոտենցիալ նկարահանման վայր: Ընտրված էր 11 երկիր, Իտալիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Ճապոնիայի պես երկրներ, եւ 11-րդը մենք էինք: Երկրները ներկայացված էին բացառապես պետական կառույցների, կինոհանձնաժողովների միջոցով: Այսինքն, պետությունն իր տարածքը որպես նկարահանման վայր գովազդելու համար ձեւավորում է հատուկ կառույց` կինոհանձնաժողով, որն էլ ներկայացնում է երկիրը: Մենք երբեք այդտեղ մտնելու հնարավորություն չենք կարող ունենալ, որովհետեւ չունենք կինոհանձնաժողով, եւ մեր երկիրը չի գովազդում իրեն որպես նկարահանման վայր: Իսկ եթե դու քեզ չես գովազդում, այդ մրցակցության մեջ որեւէ շանս չունես, չնայած որ Հայաստանը շատ նպատակային վայր է նկարահանման համար: Նախ՝ ունի բացառիկ պատմական ժառանգություն, հետաքրքիր լանդշաֆտ եւ անծանոթ վայրեր, որոնք չեն երեւացել ֆիլմերում, բացի այդ` հյուրասեր հասարակություն եւ համեղ խոհանոց:
– Այդ դեպքում ի՞նչ կարգավիճակով էիք մասնակցում, պետակա՞ն մակարդակով էիք ներկայացված, թե՞ մասնավոր նախաձեռնությամբ:
– Հայաստանը միակ երկիրն էր, որ մասնակցում էր որպես մասնավոր աջակցությամբ եկած մասնագիտական կառույց: Վենետիկում Հայաստանը ներկայացնում էր Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Իսկ ինչպես էինք մենք մտել այնտեղ: Շնորհիվ Հիսուս Քրիստոսի արձանի, որն առաջացրել է համաշխարհային կինոարտադրության մեջ մեծ հետաքրքրություն: Այդ հոլովակը մեր այցեքարտն էր, որից հետո գալիս էին Խուստուփը, Տաթեւի վանքը, Գառնին, Գեղարդը եւ Հայաստանի մյուս վայրերը: Սա հնարավորություն է՝ երկիրը գովազդելու, ճանաչել տալու, զբոսաշրջության կենտրոն դարձնելու առումով, նաեւ՝ պետբյուջե փող բերելու միջոց է, դրա համար են պետություններն աջակցում այդ նախաձեռնությանը: Բացի այդ, մենք հենց այդ նպատակով էլ, որ Հայաստանը հետաքրքիր երկիր է, ձեւավորել ենք «Սինեմա ալյանս» նախաձեռնությունը, որ նկարահանումներին աջակցող ենթակառույց է: Ենթադրենք, որ ճապոնացին ուզում է ֆիլմ նկարահանել Հայաստանում, բայց երկրին անծանոթ է: Կապվում են այդ կառույցի հետ, ուղարկում են սցենարը, կառույցն էլ ընտրում է նկարահանման վայրերը եւ ուղարկում դրանց նկարները, նաեւ՝ լուծում վիզաների հարցը: Գալիս են, դիմավորում ենք, տանում ենք հյուրանոց: Այսինքն, ուղեկցող կառույց է, որն ապահովում է մուտք Հայաստան եւ Հայաստանի կինոհամալսարան: Սա անում է պետությունը, իսկ մենք արդեն 10 տարի է՝ պետությանն ասում ենք, որ պետք է այդ կառույցը հիմնադրես:
– Մենք չունե՞նք այդպիսի որեւէ կառույց, իսկ ունենալու դեպքում ի՞նչ կարող է տալ մեզ:
– Իհարկե, պետությունը երկու անգամ փորձ է արել՝ հանձնակատարի ինստիտուտ ձեւավորելու, կատարվել է դա, բայց ոչ մի նկարահանող խումբ չի եկել Հայաստան: Հիմա մենք, օգտագործելով այդ «խայծը», որ Հայաստանում կառուցվում է Հիսուս Քրիստոսի արձանը, որն ամենաբարձրն է աշխարհում, ուշադրություն է գրավում: Իսկ երկրորդ շերտով ներկայացնում ենք Հայաստանը որպես հետաքրքիր վայր՝ նկարահանումների համար: Օրինակ, Խուստուփում նույն օրվա մեջ կարելի է նկարել տարվա չորս եղանակ: Ցանկացած օր կարելի է գնալ Մեղրի, հետո անմիջապես գնալ Արագած՝ նկարել բոլորովին հակառակ երկու եղանակ: Ես այդ ամենը նկարել, տարել եւ ցույց էի տալիս Վենետիկում: Մեր փոքրիկ Հայաստանն ունիկալ երկիր է: Հիմա միակ բանը, որ պետք է ունենա Հայաստանը, նկարահանող խմբերին ուղեկցողն է, որը ծանոթ կլինի կինոյին եւ կհեշտացնի աշխատանքը: Կգան, կնկարեն 10 անգամ էժան, քան իրենց երկրում է: Իսկ Հայաստանը դրանից կստանա ահռելի էֆեկտներ, մեծ կինոինդուստրիա եւ կինտեգրվի համաշխարհային կինոարտադրությանը: Մենք երկկողմանի ճանապարհ ենք տեսնում՝ մեր ինտեգրումը համաշխարհային կինոյին: Նախ՝ մեր ֆիլմերը հանել համաշխարհային էկրան եւ հետո` միջազգային խմբերին բերել Հայաստան: Հոյակապ ծրագիր է, որն անմիջապես հասկացավ Ծառուկյանը, բայց արդեն 15 տարի է՝ չի հասկանում պետությունը, որին կարող էր այս ոլորտը հսկայական օգուտներ բերել մշակութային եւ արդյունաբերական առումով:
– Փաստորեն, պետական որեւէ աջակցություն չի՞ եղել, երբ Վենետիկում Հայաստանն էիք ներկայացնում:
– Ոչ միայն Վենետիկում, նաեւ Կաննում չի եղել: Նախ՝ մենք Կաննում ներկայացրինք Հայաստանը, եւ տեսնելով մեր արածը` մեզ հրավիրեցին Վենետիկ: Այս տարի, ի տարբերություն Վենետիկի, Կաննում ներկա էր նաեւ Հայաստանի պետական պատվիրակությունը: Եվ գռեհիկ էր մերոնց վերաբերմունքը մեր նկատմամբ, որովհետեւ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստատեսությունը եկել, լուսաբանում էին պետական կառույցի աշխատանքը, բայց 20 մետր այս կողմ, որ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի տաղավարն էր, որի մասին գրել էր Կաննի պաշտոնական ամսագիրը, որեւէ կերպ չանդրադարձան, չլուսաբանեցին: Իսկ Վենետիկում ոչ միայն որեւէ աջակցություն չկար, նաեւ որեւէ հիշատակում չեղավ այստեղ ԿԳՄՍՆ-ի կողմից: Իտալական ռադիոն, հեռուստատեսությունը հաղորդեցին, Բրազիլիայում մեր գործընկերներն անդրադարձան, բայց նախարարությունն անտարբեր մնաց: Այդ կարգի նեղ մտածելակերպը վտանգավոր է եւ վնասակար:
– Չեն լուսաբանել Կաննում, չեն անդրադարձել Վենետիկին, որովհետեւ հովանավորը Ծառուկյա՞նն էր, որն այսօր բանտում է:
– Պատճառներից մեկը նաեւ դա էր: Բայց Կանն մենք գնացել էինք մեր միջոցներով, քանի որ նախընտրական շրջան էր, եւ Ծառուկյանը չէր կարող հովանավորել, բարեգործությունը դիտվում էր որպես ընտրակաշառք: Իսկ Վենետիկի ծրագիրը հաստատել է ինքը, երբ արդեն մեկուսարանում էր: Արվեստի կողքին միշտ կանգնած են եղել մեկենասներ, իսկ եթե չեք լուսաբանում, որովհետեւ մեկենաս կա, ուրեմն դուք չեք հասկանում արվեստի զարգացման էությունը: Մինչեւ մեկենասության ինստիտուտը չաշխատի Հայաստանում, արվեստը չի զարգանա: Դուք բաժանելու եք` վերցնելով միայն ձեր սիրելի արվեստագետներին, որոնք, ցավոք, այն մարդիկ չեն, որ Հայաստանի արվեստը ներկայացնեն համաշխարհային լսարանին, քանի որ հազվադեպ է պատահում, երբ իշխանության հպատակ արվեստագետը լինում է նաեւ տաղանդավոր:
– Բայց Ձեր նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը նոր չէ, կար նաեւ Ծառուկյանի մեկենասությունից առաջ:
– Վերջին հավաքների ժամանակ, երբ նախարարը հրավիրում էր կինեմատոգրաֆիստներին, մեզ հրավեր չէր ուղարկում: Որովհետեւ մենք սեւ ցուցակում ենք, որովհետեւ մենք չենք կիսում իշխանության գաղափարախոսությունը եւ դա չենք թաքցնում: Ասում են` դու ունես այդ հայացքները, բայց գոնե մի բարձրաձայնիր: Դա աբսուրդ է, ես այդ հայացքները ոչ միայն ունեմ, այլեւ բարձրաձայնում եմ: Մշակույթի նկատմամբ այս վերաբերմունքը միշտ է եղել անկախության շրջանում: Ողբերգությունն այն է, որ բոլոր իշխանություններն ունեն գայթակղություն ձեւավորելու մշակույթի գործիչներից, այսպես ասած, տիտղոսային արվեստագետներ, որոնք կոչված են միշտ լինել իշխանության կողքին: Ցավոք, այդ խավը Հայաստանում բոլոր իշխանությունների կողքին է եղել: Ես այսօր տեսնում եմ այս իշխանության կողքին մարդկանց, որոնք եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողքին: Սա անհնարին է, դուք կարող եք կիսել մեկի հայացքները, բայց չեք կարող կիսել բոլորի հայացքները: Իշխանություններն էլ հաճույքով օգտագործում են դրանց:
– Ասում ենք՝ Կանն, Վենետիկ, իսկ մենք ունե՞նք այդպիսի մրցակցային ֆիլմեր:
– Խորհրդային Միությունից հետո հայկական կինեմատոգրաֆ գոյություն չունի, որովհետեւ զրկում են արվեստագետին՝ արտահայտելու այն, ինչն իրեն դարձնում է արվեստագետ: Դարձնում են իշխանության կցորդ, որն էլ չի կարող նորմալ ֆիլմ նկարել: Դրա համար էլ հիմա հայկական ամբողջ կինեմատոգրաֆը հեղեղված է գռեհիկ, էժան կինոյով, որը ստանում է նաեւ պետական աջակցություն: Եվ մենք չունենք գոնե մեկ ֆիլմ, որը կարող ենք հանել եւ ցույց տալ համաշխարհային հանրությանը: Որեւէ մի ազգի հետաքրքիր չէ անկախության շրջանում մեր նկարած կինոն, որովհետեւ մրցունակ չէ:
– Այս գռեհկությունից, էժանությունից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում:
– Մտավորականության դերը մեր հասարակության մեջ պետք է բարձրանա: Ի՞նչ պետք է անել դրա համար. դժվար եմ պատկերացնում: Բայց հասարակությունը պետք է գիտակցի, որ քանի դեռ մտավորականությունը մնում է թերագնահատված, ինքը հնարավորություն չունի ոչ միայն ավելի լավը դառնալու, այլեւ ճիշտ հակառակը` հնարավորություն ունի ամեն ինչ կորցնելու: Այսօր այս իշխանության թիրախն է, հարվածի տակ է հայկականությունը: Իսկ հայկականությունը պահպանող վերջին հանգրվանը մնացել է մտավորականությունը: Եկեղեցին չեմ հաշվում, որովհետեւ Եկեղեցին առաջինն է: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մտավորականությունը լռի, եւ լռեցնելու իր ճանապարհն ունի:
Օրերս մի իշխանական պատգամավորուհի մի անգրագետ արտահայտություն արեց, եւ ամբողջ հասարակությունն այդ մասին է խոսում: Իշխանությունը գտավ այս տարվա իր ատոմային ռումբը, այդ պատգամավոր աղջիկն է: Եթե վաղը պետք լինի հերթական տարածքը հանձնել կամ հերթական մարդուն ձերբակալել, ուղիղ հրահանգ կտան այդ աղջկան` գնա, մի հատ ելույթ ունեցիր: Ելույթ կունենա, եւ մեր ամբողջ հանրությունը կկենտրոնանա այդ աղջկա վրա, ե՛ւ հանձնելը կմոռանան, ե՛ւ ձերբակալելը: Միտքը, մտավորականին լռեցնելու ամենալավ միջոցն իրենք ունեն, դա կոչվում է աղմուկ, աղմուկ՝ ուշադրություն գրավելու համար: Դրա դեմը փակելու միակ ճանապարհը վերադարձն է դեպի մտավորականությունը: Եթե մենք հիմա խոսում ենք, մեզ լսելու է 5 մարդ, իսկ եթե ինչ-որ մեկն այդ աղջկա պես խոսի, նրան կլսի 500 հազար մարդ: Սա ուղիղ կորստի ճանապարհ է: Հասարակությունը մինչեւ սա չգիտակցի, մենք սրանից չենք բուժվի: Եթե ուզում են պահել հայկականությունը, ուրեմն պիտի ետ գան մտքին ու մտավորականին, իսկ մենք առայժմ կորցնում ենք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր