Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մոտ 240 հազար դոլար պարգևատրու՞մ կստանան
Thu, 24 Sep 2026 12:12:49 +0400

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ կառույցի ծառայողներին և աշխատակիցներին նախատեսվում է դրամական պարգևատրում։ Կառավարության որոշմամբ՝ այդ նպատակով պահուստային ֆոնդից կհատկացվի 87 մլն դրամ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ իր գործունեության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն ներգրավված է եղել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց առնչությամբ նախաքննության իրականացման, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։
Կառավարությունը կարևորել է կոմիտեի աշխատակիցների մասնագիտական ներդրումն ու նրանց կողմից իրականացվող աշխատանքը՝ նշելով, որ խրախուսումը նախատեսվում է որպես ծառայողների և աշխատողների աշխատանքի գնահատման միջոց։ Այդ նպատակով էլ որոշվել է տրամադրել դրամական պարգևներ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նույն օրը ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը, իսկ հոկտեմբերի 23-ը սահմանվել է որպես կոմիտեի ծառայողների մասնագիտական օր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր