Ես Ալենին հավատում եմ, Նիկոլին՝ ոչ
Fri, 25 Sep 2026 18:45:23 +0400

Եթե կասկածելի ճշմարտախոս Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ չի տեսնում, կամ նման վտանգ չկա, ես նրան չէի հավատա: Տառապանքս, ինչպես ասում են, փորձ ունի: Նա այնքան է խաբել ու ֆռռացրել ինձ, որ հիմա ամենամեծ ճշմարտությունն էլ ասի՝ չեմ հավատա: Թող ասի՝ մածունը սպիտակ է… Չեմ հավատա, եւ վերջ: Ես արդեն ողնուղեղով եմ զգում նրա՝ նույնիսկ դեռ չհրապարակած ստերը: Նյու Յորքում, օրինակ, «Թուրքիայի տանը» հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ: Դե՝ հրավիրել էին, չէր կարող մերժել, համ էլ առաջին անգամը չի՞ հո… Կարդացե՞լ եք, թե այդ հանդիպման ժամանակ ինչ են խոսել ու քննարկել: Չեք հավատա… Իբր Էրդողանն անհամբեր է, թե երբ պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, եւ Թուրքիան սկսի առեւտուր անել Հայաստանի հետ՝ բեռներ բերի ու տանի Հայաստանի տարածքով: Բա՞… Եվ, իհարկե, ոչ մի խոսք այն մասին, թե այ Էրդողան ջան, բա «զադերժկան» ինչո՞ւմ է, Ադրբեջանի հետ «պոլնի» խաղաղություն է, տարածքներն էլ, որի վրա Ալիեւը մատը դնում է, տալիս ենք, Ցեղասպանությունն ուրացանք, Արարատն ուրացանք, Արցախն ուրացանք, է՞լ ինչ է պետք, որ սահմանը բացվի…:
Ի դեպ, պարոն Փաշինյան, Էրդողանը հրաշալի ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ամեն ինչից խոսեց: Թուրքիային այնքան բարձրացրեց, որ եթե ամոթը կորցներ, կասեր՝ բոլոր ազգերը թուրքերից են առաջացել: Այդ ելույթի տեքստը, պարոն Փաշինյան, նա քեզ չնվիրե՞ց, որ Աննա խանումի հետ կարդաք եւ հիանաք: Ու մեկ էլ ինձ հետաքրքրում է մի հարց, պարոն Փաշինյան, թե ինչպես ես ներկայացրել քեզ հետ Էրդողանի հետ հանդիպմանը եկած Արարատ Միրզոյանին: Հազիվ թե «Արարատ» բառը հնչած լինի քո շուրթերից… Ես չեմ հավատում:
Միանգամայն այլ հարց է, երբ Ալեն Սիմոնյանն է սկսում ճշմարտություններ ասել: Դուք, սիրելի հայրենակիցներ, ոչ մի պատճառ չունեք Ալեն Սիմոնյանի ասածներին հավատ չընծայելու: Ի վերջո, մարդն Անվտանգության խորհրդի քարտուղար է, իսկ դա մի պաշտոն է, որը զբաղեցնողն ուղղակի չի կարող ստել: Ալենին ես էլ եմ հավատում: Դիցուք՝ նա երեկ ասել էր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ վտանգ չի տեսնում: Նրա խոսքով՝ 2026 թվականի դրությամբ, հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, նման սպառնալիքի հիմքեր չի տեսնում։ Զգացի՞ք, թե, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որքան չափված-ձեւված է խոսում Ալեն Սիմոնյանը: Ոչ մի ափեղ-ցփեղ խոսք այն մասին, որ Թուրքիան այլեւս մեզ բարեկամ երկիր է, իսկ Էրդողանը գիշերները չի քնում ու սպասում է, թե երբ պիտի բացվի հայ-թուրքական սահմանը: Դե իսկ քաղաքական առումով՝ Ալեն Սիմոնյանի խոսքը հարգանքի է արժանի: Մարդն անկեղծորեն խոստովանում է, որ Թուրքիայի կողմից վտանգ, ներխուժման հիմքեր կամ այլ «շանտղություն» չի տեսնում: Չի ասում՝ նման բան չկա, ասում է՝ չեմ տեսնում, ասում է՝ մանավանդ 25 թվի օգոստոսի 8-ից հետո չեմ տեսնում: Երեւի TRIPP-ը նկատի ունի:
Բայց, պարոն Սիմոնյան, եթե քեզ նման բարձրաստիճան պաշտոնյան նման վտանգներ կամ սպառնալիքներ չի տեսնում, դա բավական չէ՞, արդյոք, պնդելու համար, որ սպառնալիքներ չկան: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են սպառնալիքները լինել, իսկ ԱԽ քարտուղարն ասի՝ ես դրանք չեմ տեսնում: Այդուհանդերձ, ես քեզ հավատում եմ, պարոն Սիմոնյան, դու այդ սպառնալիքները, որոնք իսկապես կան, «չես տեսնում»: Եթե տեսնեիր, վստահ եմ, ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը ռուսների գրպանը չէիր գցի, թե դա ռուսական կողմի օրակարգից է բխում: Դա, բարեկամ, բխում է ձեր նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման օրակարգից: Վստա՞հ ես, Ալեն Սիմոնյան, որ Նյու Յորքում՝ «Թուրքիայի տանը», «շեֆիցդ» չեն հետաքրքրվել, թե երբ է ռադ անելու 102-րդ ռազմաբազան: Բայց մյուս կողմից էլ քեզ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարիդ, ո՞վ էր այդ մասին երկար-բարակ զեկուցելու…
Ասում ես՝ հայկական կողմը 102-րդ բազան դուրս բերելու քննարկում չի նախաձեռնել: Սիրով հավատում եմ նաեւ այս խոսքերիդ: Մեկ այլ վարկածով, պարոն Սիմոնյան, Հայաստանում ռուսական ռազմաբազայի դեմ, երբ բազան դուրս բերելու մասին խոսակցություններ էլ չկային, հաստատ ռուսներն էին ցույցեր կազմակերպում ու կապիկություններ անում եւ ոչ թե ձեր արմանբաբաջանյաններն ու սաքունց-մաքունցները: Պարոն Սիմոնյան, դու շարունակիր պնդել, որ Թուրքիայի կողմից սպառնալիքներ չես տեսնում, դրա համար էլ ռազմաբազայի դուրսբերման հարց չեք քննարկում: Ես հաճույքով կհավատամ քեզ…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր