Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Ասելու են` ոչ մի արտառոց բան չի եղել և անցնելու են առաջ

«Հրապարակ». Ասելու են` ոչ մի արտառոց բան չի եղել և անցնելու են առաջ

Sat, 03 Oct 2026 09:15:45 +0400


Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղ մուտք գործած ադրբեջանցի զինծառայողը կրակել էր 39-ամյա կին բնակչի ոտքին, իր երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը եւս մարմնական վնասվածքներ են ստացել։ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ադրբեջանցի Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել եւ 5 հոդվածով մեղադրանք առաջադրվել։

Ադրբեջանի իրավապահ կառույցների փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևն անհետացել է սեպտեմբերի 26-ին: Արդյո՞ք նա հենց այդ օրն է ներթափանցել Հայաստանի տարածք և 5 օր շարունակ գտնվել այստեղ, հստակ չէ։ Հայաստանի իրավապահներն ադրբեջանցուն հայտնաբերել են միայն հանցագործություն կատարելուց հետո` գյուղից ստացված ահազանգով։

Հայ հասարակությունն այս օրերին քննարկում է ադրբեջանցու հանդեպ քայլերի հավանականությունը եւ հիշում են, թե ինչպես են նախկինում սահմանն ապօրինի հատած և հանցանք գործած ադրբեջանցիները արտահանձնվել Ադրբեջանին։ Այս պարագայում ակնկալում են, որ հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե վերադարձվելու է Ադրբեջանին, ապա անպայման Բաքվում պահվող մեր գերիների փոխանակման գնով։ Թեման ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ Հայ օգտատերերը տեղի ունեցածը գնահատում են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ֆոնին և անգամ հեգնում, թե «կեցցե՛ խաղաղությունը»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Ադրբեջանում միայն այն տեսակետն է քննարկվում, որ այդ զինծառայողը առանց որևէ մեկին տեղյակ պահելու լքել է զորամասը: Որևէ այլ վարկած չի քննարկվում: Տուժած կնոջ քույրը նշել է, որ ադրբեջանցի զինվորը այդ կնոջ երեխաներին պատանդ է վերցրել: Այսինքն` ստացվում է, որ այդ կնոջ սխրանքի արդյունքում է, որ առանց զոհերի է այդ միջադեպն ավարտել: Այն փաստը, որ ինչ-որ մեկը կարողացել է զինված հատել մեր սահմանը, դա խոսում է մեր անվտանգության համակարգի անպաշտպան և փուչիկ լինելու մասին: Մեզ ամեն անգամ ցույց են տալիս ինչ-որ գեղեցիկ պատկեր, գնում են ինչ-որ սիրուն նկարահանումներ են անում` նախարարով, ԳՇ պետով, և այլն, սակայն ամեն անգամ այդ ամենից հետո մենք առնչվում ենք իրական պատկերի հետ: Կլինի Ազատ գյուղում 15 զինծառայողի ողջակիզման դեպքը, կլինի այս դեպքը` երբ հանգիստ մտնում են Հայաստան, օրեր շարունակ փնտրում են իրենց, սակայն չեն կարողանում հայտնաբերել: Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, Սյունիքում էլի է նման դեպք եղել, քաղաքացիական անձանց էին սպանել ադրբեջանցիները, սակայն մարդասպաններին սիրուն ձևով հանձնեցին Ադրբեջանին: Այսինքն` անվտանգության համակարգերը վատ վիճակում են, սակայն որևէ մեկը բարձրաստիճան պաշտոնյաներից չի ենթարկվելու որևիցե պատասխանատվության: Էլի թեման սվաղելու են, լղոզելու են, ասելու են ոչ մի արտառոց բան չի եղել, և անցնելու են առաջ: Ակնկալել, որ պատասխանատուները ռեալ պատասխանատվության են կանչվելու, անհույս է: Հասարակության արձագանքն էլ է դրա մասին փաստում: Մարդիկ չեն հավատում, որ այս իշխանությունը կարող է իրենց անվտանգությունը պաշտպանել: Մեկ դեպք չի, երկու դեպք չի, տասը չէ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որն է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը

Որն է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը Fri, 02 Oct 2026 18:15:09 +0400 Նիկոլ Փաշինյանը սոցցանցի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով