«Հրապարակ». Ինչու հենց Արման Եղոյանը
Tue, 06 Oct 2026 10:25:52 +0400

Հայ առաքելական եկեղեցու մասին «ֆեյքերի ՊՈԱԿ–ի» հայտնի զեկույցի հիման վրա խորհրդարանում, ինչպես հայտնի է, Քննիչ հանձնաժողով կստեղծվի։ Սակայն, մեր տեղեկություններով, այս փաստը ՔՊ-ում անգամ միանշանակ չի ընդունվել, անգամ այն պատգամավորների կողմից, որոնք դեմ չեն Փաշինյանի՝ եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններին, սակայն զեկույցը խայտառակություն են համարում, քանի որ այն ձեւավորվել է իրենց իսկ կողմից քննադատված մամուլի հրապարակումների հիման վրա։ Որ իշխող ֆրակցիայում բոլորը չէ, որ ողջունում են վեհափառի եւ եկեղեցու դեմ արշավը, պարզ է դառնում նաեւ այն փաստից, որ Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի ձեւաթղթի տակ 64 հոգանոց ֆրակցիայից ստորագրել են 39 պատգամավոր, այն դեպքում, երբ վիզ են դրել «միաձայնության» պատկեր ստանալ։ Իսկ Արման Եղոյանին՝ հանձնաժողովի նախագահ ընդունելու որոշումն էլ ոչ թե ՔՊ ֆրակցիան է ընդունել, այլ ՔՊ վարչությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Իսկ թե ինչու Եղոյանը, ՔՊ–ում չգիտեն, չեն հասկանում։
Հանձնաժողով ձեւավորելու մասին ձեւաթղթի տակ ստորագրած պատգամավորները Փաշինյանի ամենահավատարիմներն են, ուստի ներկայացնում ենք անուն առ անուն․ Արուսյակ Մանավազյան, Վոլոդյա Հակոբյան, Արայիկ Հարությունյան, Վիլեն Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Արաքսյա Վարդանյան, Քնարիկ Հարությունյան, Նարեկ Գրիգորյան, Հակոբ Սիմիդյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Սարիկ Մինասյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Արամ Խաչատրյան, Սյուզաննա Սայադյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Նարեկ Բաբայան, Սերգեյ Բագրատյան, Լուսինե Բադալյան, Սիսակ Գաբրիելյան, Բաբկեն Թունյան, Հասմիկ Հակոբյան, Ալխաս Ղազարյան, Նարեկ Ղահրամանյան, Տրդատ Սարգսյան, Ծովինար Վարդանյան, Սարգիս Խանդանյան, Ալեքսեյ Սանդիկով։
Երեկ իշխող ֆրակցիայի պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ասուլիսում խոստովանեց, որ անձնական վրեժխնդրությունից ելնելով են արշավում կաթողիկոսի դեմ։ Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Վեհափառին հեռացնելու են «քայլ-քայլ, դանդաղ տանջելով», արդյո՞ք տանջելը քրիստոնեական մոտեցում է, Կարապետյանն ասաց․ «Մեզ տանջել են, մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք համբերատար էդ բոլոր տանջանքների միջով խոնարհաբար անցել ենք։ Գիտեք՝ ինչպիսի խոսույթներ էին զարգացվում մեր նկատմամբ, մեր ընտանիքների նկատմամբ, և դա ճիշտ էր։ Բնականաբար, մարդիկ զայրացած էին, պատերազմի շոկի մեջ էին։ Մինչև 2021 թ. խորհրդարանական ընտրություններ վիճակը նետվեց, և ո՞վ պետք է որոշում կայացնի՝ ժողովուրդը, որոշում կայացրեց, բայց այդ որոշման նկատմամբ հարգանք չցուցաբերվեց որոշ ինստիտուտների կողմից, շարունակում էին ըմբոստանալ, հյուսվում էին նարատիվներ, որ ժողովուրդն ի վիճակի չէ ճիշտ որոշում կայացնել, և հրաժարականի պահանջը կրկին վերահաստատվեց»։
Հարց հնչեց՝ ստացվում է՝ ձեզ տանջել են հրաժարականի պահանջով, հիմա եկեղեցու շուրջ կատարվողը անձնական վրեժխնդրությո՞ւն է, Կարապետյանը հարցը թողեց անպատասխան։ Նշենք, որ պատերազմից հետո Եկեղեցին եւս հանդես է եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր