Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները
Mon, 12 Oct 2026 14:45:24 +0400

Դե ինչ, տեղի ունեցավ այն, ինչ պարբերաբար տեղի է ունենում այն երկրների հետ, որոնք, հակառակ օբյեկտիվ իրականությանը, գործում են սեփական անվտանգության ճարտարապետության դեմ և կարծում են, թե սեփական երկրի ազգային շահերի հաշվին այլ պետությունների շահերին ծառայելը կարող է դառնալ իշխանությունը պահպանելու փրկարար կախարդական փայտիկը։
ԱՄՆ-ը, առաջնորդվելով սեփական շահերով, փաստացի Ուկրաինային և ԵՄ-ին դրել է ծայրահեղ բարդ իրավիճակի մեջ՝ Ռուսաստանի հետ միլիարդավոր դոլարների դիզելային վառելիքի մատակարարման պայմանագիր կնքելով և ռուսական էներգետիկ ոլորտը դուրս բերելով պատժամիջոցների տակից։
Այս առնչությամբ Կիևն ու Բրյուսելը խոր շոկի մեջ են հայտնվել և այժմ փորձում են հասկանալ՝ ի՞նչ անել։
Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը պահանջել է Զելենսկու հեռացումը, իսկ այնուհետև, առանց նույն այդ ուկրաինացիներին տեղեկացնելու, Ռուսաստանի հետ պայմանավորվել է որոշակի գործողությունների շուրջ, որոնք, ինչպես հայտնում է արևմտյան մամուլը, Ռուսաստանը պետք է իրականացնի ուկրաինական ուղղությամբ։
Եւ այստեղ հիշեցի, թե ինչպես է Դոնալդ Թրամփի հովանու ներքո գտնվող, այսպես կոչված, TRIPP նախագծի անվան տակ քողարկված Զանգեզուրի միջանցքը Փաշինյանի իշխանությունների կողմից ներկայացվում որպես Հայաստանի համար «խաղաղության» ինչ-որ երաշխիք։
Մինչդեռ Հայաստանի հարավում լոգիստիկայի նկատմամբ ինքնիշխան վերահսկողության փաստացի հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին՝ ամերիկյան ղեկավարության ներքո, ներկայացվում է որպես «փրկություն»։
Միայն կատարյալ ապուշը կարող է կարծել, թե գերտերությունները առաջնորդվելու են այն երկրների շահերով, որոնք կորցրել են իրականությունը համարժեք գնահատելու ունակությունը և իրենք իրենց դրել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բաժանման սեղանին։ Ուկրաինական օրինակը ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։
Ցավոք, այսօր Հայաստանն էլ հենց այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Եվ դրա մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները։ Դա առաջին հերթին Փաշինյանի և նրա թիմի ընտրությունն է, որոնք սեփական իշխանությունը պահպանելու համար պատրաստ են Հայաստանը դնել աշխարհաքաղաքական նոր իրողությունների զոհասեղանին և, ըստ էության, արդեն իսկ արել են դա։
Ինքներդ մտածեք՝ ի՞նչ է մեզ սպասվում…
Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր