Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

1-2 օրվա հիշողություն

1-2 օրվա հիշողություն

Wed, 14 Oct 2026 09:00:12 +0400


Շատ քիչ թեմաներ են 1-2 օրից երկար կյանք ունենում մեզանում` մենք օրաթերթի ռեժիմով ապրող հանրություն ենք դարձել, որն այդ օրվա լուրը հաջորդ օրն իսկ մոռանում է եւ տարվում նոր, թարմ տեղեկատվությամբ: Անգամ զինվորի մահը հազիվ 1-2 օր է մեզ զբաղեցնում, հետո հանրությունը որդեկորույս ծնողին թողնում է իր ցավի հետ մեն-մենակ, մինչեւ որ նոր զոհի մասին լուրը կփոթորկի իր միտքն ու հոգին: Նույնիսկ գերիների կամ քաղբանտարկյալների մասին է մեր հիշողությունը կարճ` հիշում ենք դեպքից դեպք, հիմնականում նրանց մերձավորների շնորհիվ: Անգամ նախկին նախագահի, նրա որդու, ընտրություններում հաղթած եւ ապօրինաբար խորհրդարանից վտարված գործչի, նախկին նախարարի ու քաղաքապետի, նախկին պատգամավորների, հանրային գործչի կալանավորումները շատ չեն քննարկվում, որովհետեւ քաղաքական հետապնդումները, բարձրաստիճան պաշտոնյաների` կալանավայրում գտնվելը սովորական բան են դարձել, կորցրել իրենց ինքնատիպությունը` որպես հանրությանը սաստելուն ուղղված քայլ, եւ արժեզրկվել: Մի քանի օր հանրության միտքը փոթորկվեց միջազգային ուսումնասիրության` PISA-ի դաժան արդյունքների պատճառով, այսօր արդեն դրա մասին, հուրախություն Ժաննա Անդրեասյանի, ոչ ոք չի հիշում: Մի քանի օր վրդովվեցինք Շաքիի դեպքերից ու կարեկցեցինք առյուծի նման իր զավակներին պաշտպանած Անի Ավետիսյանին, հիացանք նրա կերպարով: Մի քիչ քննարկեցինք Թուրքմենստանում Նիկոլ Փաշինյանի խեղճուկրակ վիճակը` Ալիեւի ու Լուկաշենկոյի կողքին: Մի երկու օր էլ կզբաղվենք Շինարարների փողոցից վտարվող կրպակատերերի բողոքի ակցիայով, մինչեւ մի նոր իրադարձություն կզբաղեցնի մեր միտքը: Բայց այս բոլոր իրադարձություններից ոչ մի արժեքավոր հետեւություն, ոչ մի կոնկրետ քայլ, ոչ մի հեռանկարային գործընթաց չի բխի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում Tue, 13 Oct 2026 16:15:17 +0400 Ասում է․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով