Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Գնում ենք դեպի Արեւմուտք, բայց կախված ենք Ռուսաստանից

«Հրապարակ»․ Գնում ենք դեպի Արեւմուտք, բայց կախված ենք Ռուսաստանից

Fri, 16 Oct 2026 11:15:54 +0400


Հայաստանցի օգտատերերն արդեն քանի օր է՝ տուժում են Yandex Go-ի խափանումներից։ Հավելվածի մի շարք ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են կամ աշխատում են ընդհատումներով։ Yandex-ի ծառայությունների խափանումները սկսվել էին անցած շաբաթ՝ Ռուսաստանում ընկերության տվյալների մշակման կենտրոններին հասցված ուկրաինական հարվածներից հետո։ Սասովոյի եւ Կալուգայի կենտրոնները վնասվել էին, Վլադիմիրում գտնվող կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը։ Խնդիրները ծագել էին Ռուսաստանում, սակայն Yandex Go-ի աշխատանքի խափանումները գրանցվել էին Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում։ Ավելին, այդ խափանումներից հետո միայն տեղեկացանք, որ Երեւանի տրանսպորտային ցանցն էլ է կապված ռուսական սերվերների հետ: Թեմայի շուրջ զրուցել ենք տեղեկատվական հարցերով անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ:

– ՀՀ իշխանությունները պարբերաբար Ռուսաստանի դեմ հայտարարություններ ու քայլեր են անում, հայտարարում են, որ Հայաստանը գնում է դեպի Արեւմուտք, որ ռուսական կողմից կախվածությունը պետք է չեզոքացվի, սակայն պարզվում է, որ անգամ Հայաստանի տրանսպորտի աշխատանքն է կախված Ռուսաստանից: Ինչո՞ւ, օրինակ, Yandex-ը չի փոխարինվում եվրոպական այլ ընկերությամբ, ո՞րն է պատճառը, որ Հայաստանն անգամ այս հարցերում է ՌԴ-ից մեծ կախվածության մեջ:

– Ամբողջ աշխարհում, այս միջադեպի հետ կապված, մեծ սկանդալ է առաջացել: Երբ 2022 թվականին Yandex-ի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, Yandex-ը որպես ընկերություն հայտարարեց, որ իր մի մասը վաճառել է, եւ ռուսական Yandex-ը դարձել է առանձին ընկերություն, իբրեւ պետք է ստեղծվեր մեկ այլ Yandex կորպորացիա, որը պետք է գործեր անկախ կապիտալով։ Անգամ հայտարարություններ եղան, որ գրասենյակը Սինգապուր է տեղափոխվել, տարանջատվել է ՌԴ-ից եւ այլն: Մոլդովան եւս, որ այդքան խոսում է Եվրոպայի մասին, հիմնականում Yandex-ից է օգտվում: Իսրայելը` նույնպես: Հիմա այս միջադեպը ցույց տվեց, որ Yandex-ն ամբողջ աշխարհին խաբել է: Այսինքն` սուտ էր, որ ընկերությունը տարանջատվել է ՌԴ-ից, դարձել է առանձին ընկերություն եւ այլն: Իրականում պարզվում է, որ այդ ամենը կեղծիք է եղել, եւ օրերս ՌԴ-ում տեղի ունեցածը մեծ խնդիրներ է առաջացրել ողջ ցանցում: Միայն մենք չէ, որ ծիծաղելի վիճակում ենք հայտնվել: Ես շատ վատ եմ վերաբերվում նրան, որ Երեւանի քաղաքապետարանն ավտոբուսների, կանգառների այդ համակարգը վստահել է մեկ ընկերության: Երեւանի տրանսպորտային համակարգին հետեւելու ամենահարմար տարբերակը Yandex-ի քարտեզով է: Երբ փորձում ես ծրագրի միջոցով տեսնել, թե որ կանգառին ինչ ավտոբուս է մոտենում, ծրագիրը չի աշխատում: Բնական է, որ ծրագիր ստեղծելը մեծ ռեսուրսներ է պահանջում, մենք ամեն տարի սեպտեմբերի 1-ին ընդառաջ չենք կարողանում երեխաներին գրանցել դպրոցներում, քանի որ մեզանում, փաստորեն, համակարգերը վատ են աշխատում: Պետությունը պետք է, աշխատանքի առումով, ընկերության հետ պայմանավորվածություններ ձեռք բերեր:

– Իսկ չկա՞ աշխարհում այլընտրանք:

– Երբ «Ուբեր»-ը փորձում էր գալ Հայաստան, Yandex-ն «Ուբերից» գնեց մեր տարածաշրջանում աշխատելու հնարավորությունը: Փաստացի իրավունքն այստեղ գնել է Yandex-ը: Քովիդի շրջանում Հայաստան մտավ նաեւ «Բոլտ» օնլայն տաքսին, սակայն վատ ժամանակներ էին, եւ ստիպված կասեցվեց աշխատանքը՝ շուկայից դուրս գալով: Մենք ունենք նաեւ հայկական GG տաքսի ծառայություն, սակայն այն բավականին թանկ է համեմատության մեջ, իսկ մեքենաները քիչ են: Որքան էլ որ այն փորձում է Yandex-ի հետ մրցակցել, միեւնույն է՝ դրանք իրարից էապես տարբերվում են` ճշգրտության եւ որակի առումներով: Պետությունն այս տարիներին պետք է աշխատեր այն ուղղությամբ, որ մենք այժմ գոնե մեկ լոկալ օնլայն տաքսի ծառայություն ունենայինք:

– Հիմա էլ Վայլդբերիս տաքսի է Հայաստանում ներդրվում, սակայն դա եւս ռուսական ընկերություն է:

– Իրականում, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Նույն Yandex-ի ինտերֆեյսը, որակը բավականին լավն է: Ես շատ եմ ճանապարհորդում, տարբեր երկրներում տաքսիներից եմ օգտվում, աշխարհում այդքան հարմարավետ տաքսի ծառայություն չկա: Հայաստանում հաճախ օգտագործում եմ նաեւ GG` հայրենասիրական նկրտումներից դրդված, սակայն այն ե՛ւ թանկ է, ե՛ւ տաքսիների քանակն է քիչ: Yandex-ի հետ աշխարհում ոչ մի տաքսի ծառայություն չի կարողանում մրցակցել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր Fri, 16 Oct 2026 10:15:21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով