Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական

Tue, 27 Oct 2026 22:15:11 +0400


Հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հետ։

– Ինչպե՞ս եք գնահատում կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, ձեր գնահատմամբ ընդդիմությունը հավասար պայմաններո՞ւմ էր մասնակցում ընտրապայքարին։

– Ես կոնկրետ ներկա եմ գտնվել եւ հետեւել եմ ամբողջ գործընթացին Գորիս համայնքում, եւ պետք է ասեմ, որ աննախադեպ ընտրություններ էին։ Դուք գիտեք, որ մենք Գորիսում մասնակցում էինք «Համերաշխություն» դաշինքով եւ այդ անվանումը լիովին համապատասխանում էր ընտրությունների բովանդակությանը` ամեն ինչ շատ համերաշխ էր եւ գերազանց արդյունքներ է գրանցվել` 93.1% Գորիսում, մասնակցությունը եւս աննախադեպ բարձր է եղել։ Խոսքեր չկան, շատ լավ արդյունքներ են, համայնքը նաեւ խոշորացել է, Գորիս համայնքին միացել են նաեւ Տաթեւ եւ Տեղ համայնքները եւ այս պայմաններում գրանցել նման արդյունք` ուղղակի անպատկերացնելի էր։

– Գորիսն արդեն խոշորացված համայնք էր, կրկին խոշորացնելը արդյոք հենց ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելու համար չէ՞ր։

– Ինչպե՞ս պետք է կարողանայինք դա իրականացնել։ Այնտեղ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը միանձնյա չի մասնակցել ընտրությանը, մասնակցել են նաեւ «Ապրելու քվե» դաշինքը, որի կազմում էին «Հայկական քվե»-ն ու «Ապրելու երկիր»-ը, բայց որքանով ես եմ տեղյակ թեկնածուներ կային ավագանու, ովքեր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներ էին։ Ես կարող եմ այսպես արձանագրել, որ ամբողջ ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը ներգրավված են եղել «Ապրելու քվե» դաշինքի մեջ, բայց ստացել են ընդամենը 6%։

– Ստեփանավանում ինչ տեղի ունեցավ, ըստ Ձեզ՝ իշխանությունը հաղթե՞ց, թե՞ պարտվեց։

-Ստեփանավանի մասին կարող եմ խոսել այնքանով, որքանով եղել են հրապարակումները եւ տեղյակ եմ։ Ստեփանավանում էլ հաղթել է թեկնածու, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ինքը նույնիսկ մեր քաղաքական ժողովին է մասնակցել երեւի 1-1,5 ամիս առաջ։ Նա մեր համախոհն է, ժամանակին եղել է մեր համայնքապետի թեկնածուն, այս ընտրություններին երկու ուժեր են մասնակցել եւ մեր համախոհ ուժերից մեկը առավելագույն ձայներ է ստացել։

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Գործարար» կուսակցությունները կոալիցիա կկազմեն, եւ համայնքապետ կընտրվի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը։

– Կարծում եմ այո, դե եթե հաղթող ուժը Արմեն Գրիգորյանն է, նա կլինի համայնքապետը։

– Ամիսներ առաջ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այլ բան էր ասում։ Ինձ հետ զրույցում է ասել, որ Ստեփանավանում իրենց թեկնածուն Լոռի Բերդի վարչական ղեկավարն է եւ ՔՊ-ն չի աջակցում Արմեն Գրիգորյանին, հիմա երբ հաղթեց փոշմանեցի՞ք։

– Ով ինչ է ասել, ես չգիտեմ, բայց բոլորին հայտնի է, չէ՞, որ Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի հաղթած թեկնածուն է եղել Ստեփանավանի նախորդ ընտրություններում, հետո ինքը ընտրություններին մասնակցել է այլ կուսակցությունով, հիմա էլ իրավիճակն այնպիսին է, որ պետք է կոալիցիա ձեւավորվի, որպեսզի իշխանություն ձեւավորվի, եւ կոալիցիան կձեւավորվի «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Գործարար» կուսակցության միջեւ, եւ կստացվի պրոքպ ուժ։

– Ընդդիմությունը դեռ նախընտրական շրջանում խոսում էր բռնաճնշումների մասին եւ դրանով էր նաեւ բացատրվում առաջադրումների պասիվությունը, մարդիկ մտահոված են, որ քաղաքական ակտիվությունը կարող է պատժվել։ Այս մտահոգությունները որքանո՞վ են արդարացված։

– Եթե ընտրությունների ընթացքում այդ մարդիկ պահպանում են օրենսդրությունը, ի՞նչ վախի մասին կարող է լինել խոսքը։ Եթե իշխանությունները որոշում են բռնաճնշումներ կիրառել, արդյունքում լավ քվեներ ստանալու համար, դրա ավելի կարճ ճանապարհը կա։ Դրա կարճ ճանապարհն այն է, որ ընտրությունները չեն լինում այդքան էլ թափանցիկ եւ արդար։ Ցանկացած իշխանությանը շատ ավելի հեշտ է այդ ուղղությամբ հասնել արդյունքի, քան ինչ որ քրեական գործեր, տարիներով ձգվող դատարաններ։ Հիմա տեսեք, այս մարդիկ շատ զարգացած են եւ շատ լավ տիրապետում են ընտրատասովկեքին եւ հենց սկսում են փող բաժանելը, հատուկ ծառայությունները ոմանց մի մասին բռնում են, բայց պետք է ասեմ, որ մեծ մասին էլ չենք կարողանում բռնենք, քանի որ փաստեր ի հայտ չեն գալիս կամ ուշ են ի հայտ գալիս։

– ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Ստեփանավանի ընտրություններից ընդամենը 3 օր առաջ ՔՊ-ի բուկլետներով թեկնածուի հետ դոմիկում ապրող մարդկանց ուղիղ ասում էր, որ շուտով նոր տուն կտեղափոխվեն։ Սա ընտրակաշառք չէ՞։

– Այստեղ իրավական նրբություն կա, եթե այդ ծրագիրը կա, հայտնի է եղել մինչեւ ընտրական պրոցեսները, այդ մասին կրկնակի խոսել կարելի է, որովհետեւ դա Վահագն Ալեքսանյանի խոստումը չէ, այլ ինչ որ մի պետական մարմնի խոստում է, որը մինչեւ այդ տրված է եղել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը

«Իշմարների» եւ ստրկամտության թատրոնը Tue, 27 Oct 2026 18:45:02 +0400 Մեր հարեւանությամբ ապրող թուրքն իր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով