Հիմա SOCAR-ը Հայաստանու՞մ է, թե՞ ոչ
Fri, 30 Oct 2026 13:10:50 +0400

Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության՝ Հայաստանի վառելիքի շուկայում հնարավոր դերակատարության հարցը քննարկման առարկա է դարձել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվել է, թե վերջին ամիսներին Հայաստանի շուկայում հայտնված ադրբեջանական SOCAR ընկերությունն ինչ դիրք է զբաղեցնում բենզինի և դիզելային վառելիքի մատակարարման գործընթացում, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ ներմուծումն իրականացվում է միջնորդ կազմակերպությունների միջոցով։
Ի պատասխան՝ Շուշան Սարգսյանը նշել է, որ իր տեղեկություններով՝ SOCAR-ի կողմից բենզինի անմիջական ներմուծման դեպքեր Հայաստանի շուկա հայտնի չեն, ինչպես նաև այս պահին Ադրբեջանից վառելիքի ներկրումներ չկան։
Սարգսյանի պատասխանը դժգոհություն է առաջացրել Էդգար Ղազարյանի մոտ։ Պատգամավորը նկատել է, որ թեկնածուն բավարար չափով տեղեկացված չէ քննարկվող ոլորտում առկա իրավիճակից և չի տիրապետում շուկայի իրական գործընթացներին։
Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող հիմնական ընկերությունը SOCAR-ն է։ Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են Ադրբեջանից բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման մասին, ապա այդ գործընթացում SOCAR-ի մասնակցության հարցը չի կարելի անտեսել։ Պատգամավորն ընդգծել է, որ ընկերության ներգրավվածությունը կարող է իրականացվել ոչ միայն ուղղակիորեն, այլև միջնորդ կազմակերպությունների միջոցով։
«Ադրբեջանում նավթ, գազ արտադրող, վերամշակող միակ ընկերությունը SOCAR-ն է ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է ներմուծում, ուրիշ սուբյեկտ ընդեղ գոյություն չունի, ո՞նց SOCAR-ը չի մասնակցում: Ասում եմ չէ՞՝ միջնորդավորված ընկերությունների միջոցով»,- ասել է Ղազարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր