Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին

Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին

Fri, 30 Oct 2026 18:15:30 +0400


ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, վերջինը` հատկապես, բացորոշ ցույց տվեց, որ Փաշինյանի կառավարությունը երկիրը մտցրել է մի այնպիսի լաբիրինթոսի մեջ, որից ելքը ո՛չ ինքը գիտի, ո՛չ ընդդիմությունը: Այո, ընդդիմությունն էլ արդեն չգիտի, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ լաբիրինթոսից: Ընդամենը ամիսներ առաջ ընդդիմությունը վարչապետին ասում էր՝ դու գնա, որ հարցերը լուծվեն, գան նորմալ մարդիկ, բանակցողներ, փորձեն շտկել իրավիճակը: Վերջին հարցուպատասխանի ժամանակ, ես զգացի, որ ընդդիմությունն իսկի վարչապետի հրաժարականն էլ չի պահանջում: Ըստ էության անկապ հարցեր էին տալիս, լսում՝ ըստ էության անկապ պատասխաններ, որի արդյունքում մենք ունեցանք անչափ տխուր մի հարցուպատասխան: Շատ չեմ մանրամասնի, որովհետեւ այդ միջոցառումը, կարծես, Հայաստանի մասին էլ չէր:

Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը խոսեցին Ադրբեջանի նորանոր հաջողությունների մասին՝ ԹՐԻՓՓ-ից ու դրա համար Հայաստանի կատարած հողհատկացումներից, Փաշինյանին ընդամենը սեփական խմբակցության ապուշ հարցերը բաժին ընկան, եւ դրանով ամեն ինչ ավարտվեց: Անգամ «ժողովուրդ» բառը, որ ՔՊ-ն այնքան շատ է սիրում, հազիվ մեկ-երկու անգամ գործածվեց: Փաշինյանն անընդհատ կրկնում էր՝ հանրային, հանրային… Ի՞նչ հանրային, մարդ աստծո, հանրությո՞ւն է մնացել, որ մի հատ էլ հանրության հետ քննարկումներ անես: Դու ասա՝ ՔՊ-ական հասարակայնություն կամ ՔՊ-ական կառավարվող խալխ, որին, եթե ուզենաք, կստիպեք «քննարկել» հարցեր, որոնցից սատանան անգամ գլուխ չի հանի: Թե բա՝ ես ասել եմ, որ հանրային քննարկումներ կլինեն, որից հետո կկայացվի քաղաքական որոշում՝ ընդդիմության հետ ինչ անել: Ու մարդ չի հասկանում՝ սրանք ընտրությունների արդյունքներով իրենց բաժին ընկած ընդդիմությա՞ն մասին են խոսում, թե՞, ասենք, առանց ընտրությունների, ուժի զոռով ԱԺ ներթափանցած բանդաների: Իսկ եթե ավելի լուրջ՝ ես չեմ պատկերացնում, թե ում հետ է պատրաստվում Փաշինյանը հանրային քննարկումներ անել, եթե հայտնի է, որ ունի ընդամենը 49 տոկոս հանրային աջակցություն՝ 51-ի դիմաց:

Այս հարցուպատասխանին հաջորդած «ծանր» գիշերից հետո, բնական էր, ԱԺ քառօրյայի վերջին նիստը չէր կարող ընթանալ նորմալ պայմաններում: Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե գիշերն իր մոտ չհրավիրեր ՔՊ-ի խորհրդարանական բիոզանգվածին ու համապատասխան դիրեկտիվները չիջեցներ նրա տափակ ուղեղին՝ սադրել ընդդիմությանը, ծեծկռտուք հրահրել, սմբակահարել դիմադրության վերջին օջախը, որ մինչ օրս զարմանալիորեն կոչվում է Ազգային ժողով: Չախոյան, Ալեքսանյան, Ռուբինյան, ի՞նչ եք պարապ վեր ընկել տեղներդ, լեզու դրել ընդդիմադիրների բերանում, գնացեք, վիրավորեք, սադրեք… Ինձ հարցեր չունեն, հա՞, տալու… Դե տեսնենք՝ ում մերն է վերջում տղա բերելու…

Ինչո՞ւ ենք այս վիճակում: Պատճառը ո՛չ ՀԱՊԿ-ից Հայաստանին վռնդելն է, ո՛չ ԵԱՏՄ-ում մեր գործերի վատանալը, ո՛չ ԵՄ գնալու մասին օրենքը, ո՛չ COP17-ը, ո՛չ ԹՐԻՓՓ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ նույնիսկ Էրդողանն ու Ալիեւը: Մեր խայտառակ վիճակի բուն մեղավորը ՀՀ վարչապետ Փաշինյանն է՝ իր աշխարհընկալումներով եւ անհավասարակշիռ պահվածքով: Նրա փոխարեն վարչապետի աթոռին քաղաքականությունից դույզն-ինչ հասկացող մեկը լիներ, վստահեցնում եմ, մենք այս օրվան չէինք հասնի: Պետություններ են եղել, պետություններ կան, որ ավելի վատ վիճակներ են հաղթահարել ու հաղթահարում: Գնում են ամեն քայլի՝ իշխանություն են փոխում, զինադադար խնդրում, ժամանակին արգելակում, եթե կա դրա անհրաժեշտությունը, հրաժարվում ստորացուցիչ պայմանագրերից ու պայմանավորվածություններից, ժամանակ շահում՝ ոտքի կանգնելու համար: Փաշինյանն ու ՔՊ-ն ո՛չ արգելակներ ունեն, ո՛չ էլ արգելակների անհրաժեշտություն: Անկախության ավելցուկ կամ ինքնիշխանություն ունենային, կասեի՝ հա: Բայց պատերազմում պարտված, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներ տված պետություն ենք ընդամենը, մեր գյուղերում ու քաղաքներում զինված թշնամիներ են վխտում, իսկ Փաշինյանն ԱԺ-ում տուրուդմփոց է սարքում, որ կարողանա մի հարմար պահի ընդդիմությունից ազատվել:

Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում խայտառակ հարցուպատասխանի հաջորդ օրը, այլ կերպ, քան քաղաքացիական պատերազմի (ՔՊ) նախադուռ, հնարավոր չէ բնութագրել: Մենք տեսանք անվտանգության ծառայության տղաների կազմած պատը ՔՊ-ի եւ ընդդիմության միջեւ: ԱԺ միջանցքը փողոց էր հիշեցնում, պատը՝ բարիկադ իշխանության եւ ժողովրդի միջեւ: Հիմնական տարբերությունը փողոցից այն էր, որ բարիկադի երկու կողմում կաստումշլվարներով ու փողկապներով մարդիկ էին: Այլապես բղավոցները, բառապաշարն ու վիրավորանքները (ընդհուպ՝ հայհոյանքը) նույնն էին: Փաշինյանը սրա մեջ է տեսնում ելքը, քանզի պատասխանատվությունից խուսափելու, ծանր պարտություններն իր ուսերից թոթափելու, երերացող աթոռը պահելու այլ ճանապահ չի տեսնում այլեւս:
ՀԳ. Ի պատիվ ընդդիմության, պետք է ասել, որ լավ էլ «բոյ» տվեցին: Խոտորնակին՝ խոտորնակ, ակն ընդ ական… Կռվեցին, չնահանջեցին, Չախոյանին «չախեցին»՝ ինչպես պետք էր, Ռուբինյանին «քուանշ» տվեցին, Ալեքսանյան Վահագն անգամ ռիսկ չարեց իջնել նախագահության բարձրավանդակից: ՔՊ-ական բոլուկը կքշեին ԱԺ-ից, եթե անվտանգությունը վերջին պահին ինքնաբուխ չմիջամտեր կռվին: Ավելին ասեմ՝ հոգիս փառավորվեց, երբ տեսա, թե ինչպես էր ընդդիմությունը իշխանությունների ձեռքից խլում «մահակները»…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է Fri, 30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով