Բանտերում «տուլիկն» արգելելո՞ւ են
Tue, 03 Nov 2026 12:42:47 +0400

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին հարազատների կողմից սննդի և այլ իրերի հանձնման պրակտիկան վերացնելու հնարավորությունը։ Նախատեսվում է, որ դրա փոխարեն պետությունը կապահովի կալանավայրերում պատշաճ սննդի մատակարարումը։
Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ամբողջությամբ հրաժարվել հանձնուքների ընդունման գործող համակարգից։ Նա նշել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ նման սահմանափակումները կիրառվում են մի շարք զարգացած երկրներում, մինչդեռ հանձնուքների փոխանցման ավանդույթը հիմնականում պահպանվել է հետխորհրդային պետություններում։
Սրբուհի Գալյանի ներկայացմամբ՝ այս նախաձեռնությունը դիտարկվում է նաև քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դրսևորումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում։
Նախարարը հիշեցրել է, որ ներկայումս ևս ՔԿՀ-ներում գործում են որոշակի սահմանափակումներ, որոնք միտված են բացառելու դատապարտյալների միջև ոչ պաշտոնական հարաբերությունների և ազդեցության ձևավորումը։ Մասնավորապես, սահմանափակվում է որոշակի տեսակի սննդամթերքի կամ իրերի մեծ քանակությամբ ընդունումը, որպեսզի ստացված հանձնուքները նախատեսված լինեն բացառապես դրանք ստացող անձի համար և չօգտագործվեն այլ դատապարտյալներին հյուրասիրելու կամ նրանց հետ կիսվելու նպատակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր