Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Եկել է մտածելու ժամանակը

Եկել է մտածելու ժամանակը

Tue, 03 Nov 2026 17:15:09 +0400


«Երբ ժամանակը գա, այդ ժամանակ էլ կմտածենք». սա քաղաքացի Փաշինյանի խոսքն է ու, ըստ այդմ՝ մտածողության բանաձեւը: Եթե նա լիներ միայն շարքային քաղաքացի, ապա, ինչպես ասվում է, գլուխը քարը: Բայց, դժբախտաբար, նա միաժամանակ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Այսինքն, այդ անձը ստիպված է մտածել որեւէ երեւույթի մասին՝ նախքան դրա տեղի ունենալը: Բայց դա այդպես կլիներ, եթե վերջինս լիներ ադեկվատ անձ: Բայց քանի որ դա այդպես չէ, նախօրոք մտածելն էլ նրան տրված չէ: Ու դա, երեւի չգիտակցելով, ինքն է խոստովանում՝ առանց դույզն իսկ ամոթ զգալու, ինչը, իհարկե, աննորմալություն է՝ հաշվի առնելով ողջ պետական ապարատի գոյությունը, որ ծառայում է նրան: Բայց դե՝ այդպիսին է մեր իրականությունը, եւ պետք է կրենք այն, մինչեւ կարողանանք այդ անձին հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Սա ընդունենք որպես տեսական մաս:

Հիմա անցնենք պրակտիկային: Մեկը, օրինակ, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ նրա խարխափումների գործընթացն է ու այդ ուղղությամբ կատարած ոչ ադեկվատ քայլերը՝ մինչեւ որ կանգնեց կիսակոտրված տաշտակի առջեւ: Այսինքն, Ռուսաստանը սահմանափակումներ մտցրեց մեր գյուղատնտեսական ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը հսկայական հարված հասցրեց ֆերմերական տնտեսություններին: Ամբողջովին կոտրված տաշտակի առջեւ կկանգնի դեկտեմբերին, երբ ավարտվի կողմնորոշվելու համար նրան տրված ժամկետը: Չնայած նրա գործունեությունն ութուկես տարի դիտարկելով՝ չեմ կարծում, թե այդ ժամանակ եւս մտածված քայլ կանի այդ առումով:

Երկրորդ օրինակը նոր սահմանադրության խնդիրն է՝ խաղաղության պայմանագրին փոխկապակցված: Բաքվից հնչող պահանջն արդեն այնպիսի տոնայնություն է ձեռք բերել, որ հետաձգելն այլեւս անհնար է: Ու այդ պատճառով էլ խստացել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հռետորաբանությունը: Որքան հասկանում եմ, դրա պատճառն այն է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունների կազմում չկան այնպիսիք, որոնց հնարավոր լիներ ենթարկել մարդագողության: Այլապես դա արդեն կատարված կլիներ, ու Փաշինյանը ստիպված չէր լինի դիմել շանտաժի: Չէր հայտարարի, թե «հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ»: Այսինքն, դիմելու է ժողովրդին, որպեսզի վերջինս, մեծ հաշվով, լուծի այդ հարցը:
«Եթե պարզվի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր սահմանադրության հետագա ընդունման գործընթացն ու դեմ է արտահայտվում դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը»,- հայտարարում է Փաշինյանը։ Սակայն վերջինս էն գլխից գիտեր, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է սահմանադրական այն տեքստին, որում առկա չէ Անկախության հռչակագրի հղումը, քանի որ այն մեր երրորդ հանրապետության ծննդյան ինստիտուցիոնալ վկայականն է: Իսկ դրա բացակայությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կապիտուլյացիոն իրավահարաբերությունների վկայությունն է: Եվ, այո, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է կապիտուլյանտական խաղաղության ստորագրմանը: Ի դեպ, դրան դեմ են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլեւ յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր հայաստանցի:

Հասանք այն հարցին, թե ինչպես է ժողովուրդը լուծելու այդ հարցը: Եթե խոչընդոտը լիներ, ասենք, որեւէ կառույց, ապա դրա հարցը կարող էր լուծվել այն պաշարելով: Այդպես է եղել միշտ՝ օտար նվաճողները շրջապատում էին որեւէ ամրոց կամ պարսպապատ քաղաք եւ այնուհետեւ երկարատեւ պաշարմամբ կամ պատերը քանդող քարանետ մեքենաների օգնությամբ ներխուժում էին պաշտպանված տարածքը: Մոտավորապես այդպես տեղի ունեցավ 2018-ի հոկտեմբերի 2-ի կեսգիշերին, երբ արդեն հինգ ամիս վարչապետ կարգված Նիկոլի կոչով մի քանի տասնյակ հազար նիկոլական ներխուժեց ԱԺ պարիսպներից ներս: Արդյունքում Ազգային ժողովը, որում Նիկոլն ուներ ընդամենը 7 պատգամավոր, հրաժարական ներկայացրեց, ինչը հնարավորություն տվեց անցկացնել արտահերթ ընտրություններ հեղափոխական էյֆորիայի ներքո:

Երկրորդ տարբերակը․ երբ վարչապետի դիմաց ոչ թե կառույց է, այլ՝ առանձին մարդիկ, եւս կյանքի է կոչվել 2018-ին, բայց ավելի վաղ՝ այն գարնանային օրերին, երբ Փաշինյանը դեռեւս վարչապետ չէր եւ կրում էր «դուխով» գրությամբ գլխարկը: Նրա հրահանգով մարդկային անուղեղ զանգվածը հարձակվում էր ոչ միայն պատգամավորների վրա, այլեւ նրանց անչափահաս երեխաներին ենթարկում բուլինգի (հոգեբանական բռնության): Փորձում էր մտնել նրանց բնակարանները, դռների առջեւ մահվան ծաղկեպսակներ ու նույնիսկ դագաղներ էր տեղադրում: Շեղվելով ասեմ, որ անեծքն իմ բնույթին համահունչ չէ, բայց այս դեպքում ստիպված եմ ասել՝ չորանան նրանց ձեռքերը, ովքեր դագաղների գումարներ էին տվել, ինչպես նաեւ՝ այն ձեռքերը, որ դագաղները հասցրել էին մարդկանց դռների առջեւ: Որովհետեւ էզոթերիկայի կանոններով այդ երեւույթը կյանքի կոչվեց ընդամենը երկուսուկես տարի անց՝ մի քանի հազար երիտասարդ կյանքերի կորստի տեսքով:

Հասկանալի է, որ 2026-ին բուլինգի դրսեւորումներ, մահվան ծաղկեպսակներ ու դագաղներ դժվար թե լինեն՝ ժամանակները փոխվել են: Սակայն ինչպիսի տեսք էլ ստանա Նիկոլի գեներացրած հանրային ճնշումը, դրան պետք է պատրաստ լինի ընդդիմությունը, որը պետք է ոչ միայն դատապարտի վերջինիս անօրինական քայլերը. որ դրանք լինելու են անօրինական, կասկած չկա: Եվ ոչ միայն դիմի վաղուց գոյություն չունեցող միջազգային հանրությանը, այլեւ կատարի հակաքայլեր: Դա կարող է վերածվել այն կայծին, որը կարող է վերջապես մեր հայրենիքն ազատել գործող՝ անհայրենիք ու ապօրինությունների մեջ թաղված իշխանությունից, ինչպես նաեւ՝ անհայրենիք ու կիսագրագետ զանգվածների միջոցով հայոց պետականության նկատմամբ ճնշում իրականացնելու պրակտիկայից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․ Tue, 03 Nov 2026 16:45:52 +0400 Ընդունենք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով