Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը

Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը

Tue, 03 Nov 2026 20:45:27 +0400


Որպես գրագետ ու վերլուծելու կարողությամբ օժտված և օրական կտրվածքով Նիկոլենց գործունեությանը հետևող անձնավորություն՝ վստահ եմ, որ գործող իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող համեմատվել հայտնի ընդդիմադիրներից որևէ մեկի հետ: Դա մեր հիմնական դժբախտությունն է՝ եթե, իհարկե, վերացարկվենք այն արհավիրքներից, որ անցել են մեր գլխով: Ու դեռևս դադարելու միտում չեն դրսևորում: Արհավիրքներ Արցախի ու և այլ հայկական տարածքների, ինչպես նաև բազմահազար երիտասարդ կյանքերի կորստի տեսքով: Ու, ի վերջո, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու հայոց ազգային արժանապատվության զրոյացման տեսքով:

Վերցնենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Մակունց Լիլիթին: Կարծես թե նախկինների օրոք լուրջ պրոֆեսիոնալ ճանապարհ է անցել. դա ըստ Վիքիպեդիայի: Բայց Մակունցի նկարը տեսնելով՝ կասկածեցի: Ենթադրաբար ԱՄՆ-ում որպես ՀՀ դեսպան պաշտոնավարելիս ելույթ է ունեցել Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) ինչ-որ միջոցառման ժամանակ: Ու դա այնքան է ցնցել անգլերենի մասնագետ Մակունցին, որ հենց այդ նկարն է տրամադրել Վիքիպեդիայում իր կենսագրությունը ներկայացնողին: Անկեղծ ասած, ես հասկանում եմ տիկնոջը. մեր համալսարաններից մեկի դասախոսի ու անգլերեն ուսուցանողի կարգավիճակից հայտնվել ԱՄՆ-ում սեփական երկիրը ներկայացնողի ու «NASA»-ի ինչ-որ հավաքի հրավիրված անձի կարգավիճակում… Դա շատ լուրջ առաջընթաց է, տիկնայք ու պարոնայք:

Ինչևէ, 2025-ին ԱՄՆ-ից վերադարձից հետո վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Մակունցը ենթադրաբար խորհուրդներ է տվել, թե ինչպես առնչվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Չնայած 2024-ի այն օրերին, երբ այնտեղ քարոզարշավ էր ընթանում, տիկինն ամբողջությամբ գործող նախագահ Ջո Բայդենի «կախարդանքի» ներքո էր: Ասեմ, որ դա չար և հակահայաստանյան ազդեցություն էր, քանի որ 2014-ին ««Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացույթները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից» (անգլերեն և հայերեն քաղաքական դիսկուրսների զուգադրությամբ) թեմայով դիսերտացիա պաշտպանած ու բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում ստացած Լիլիթը չէր տեսնում, որ հիշողության ու գիտակցության հետ խնդիրներ ունեցող ծերուկ Բայդենը քարոզարշավում պարտվում է հանրապետական Թրամփին: Ով, ճիշտ է, համարյա նրա տարիքին էր, բայց ամբողջությամբ պահպանել էր ֆիզիկական ու մտավոր կայտառությունը:

Ի դեպ, ես դա ասում եմ ոչ թե այսօրվա տեսանկյունից, այլ դա բազմիցս արձանագրել եմ դեռևս երկու տարի առաջ: Ունենալով, ընդ որում, իրադարձությունների վերաբերյալ ընդամենը մեկ աղբյուր՝ արևմտյան կյանքը ներկայացնող ռուսախոս տելեգրամյան մեկ ալիք: Իսկ տիկինը, որքան հասկանում եմ, տիրապետելով անգլերենին ու ունենալով օգնականներ ու հայկական սփյուռքի՝ Նիկոլին կողմնակից որոշ ներկայացուցիչների օգնությունը, դա կարող էր ինձնանից ավելի արագ ու լավ պատկերացնել: Ու քարոզարշավի օրերին կատարեր ճիշտ ընտրություն: Բայց դա տեղի չունեցավ: Տարօրինակ զուգադիպությամբ հոդվածը գրելու պահին տեղի են ունենում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Բայց հոդվածի թեմայի հետ դրա առնչությունը ինձ համար զարմանալիորեն բացահայտեցի հենց այս տողերը գրելիս:

Քանի որ, որպես հերթական հակահերոսի, Մակունցի ընտրությունը պայմանավորված էր ոչ թե ամերիկյան ընտրություններով, այլ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցերին վերջինիս թերի պատասխաններով: Ինձ հատկապես «դուր եկավ» վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող տիկնոջ պատրաստ չլինելը իր ղեկավարած կառույցի բյուջետային մանրամասների կապակցությամբ: Ու վերջինիս՝ «գրավոր հարցեր ուղարկեք՝ կպատասխանենք»-ը ընդդիմադիր պատգամավորի հարցադրումներին: Էհ, եթե տիկինը պետք է բանավոր տրված հարցերին գրավոր պատասխաներ՝ ի՞նչ գործ ուներ նա բյուջետային քննարկմանը: Ու այդ պահին կրկին երևաց վերջինիս ղեկավարի չար բնույթը. վստահ եմ, Փաշինյանը պետք է տեղյակ լիներ, թե գիտելիքների ու թղթերի ինչ պաշարով զինված է Մակունցը ներկայացել Ազգային ժողով: Բայց որևէ դիտողություն չի արել, որպեսզի վերջինս պատրաստ լիներ պատասխանելու ընդդիմադիր պատգամավորի հարցերին: Ու դա արվել է, որպեսզի, ի դեմս Լիլիթի, բոլոր ՔՊ-ականներն իմանան, որ առանց իրեն իրենք չունեն որևէ արժեք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին Tue, 03 Nov 2026 10:25:57 +0400 Նոյեմբերի 29-ին Հայաստանի 10 համայնքներում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով