Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400


«Ինչու է Մայր Աթոռը գտնվում Էջմիածնում, իհարկե, ավանդությունն ասում է, որ Մայր Տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում, բայց ես էլ ասում եմ՝ Միածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջներ»։ Սա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի խոսքն է: Հայաստանն էլ, հիշեցնեմ, արդեն ավելի քան 1700 տարի քրիստոնեական երկիր է: Ավելին, Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկիրն է: Ինչի առումով աշխարհասփյուռ հայությունը հպարտացել և շարունակում է հպարտանալ: Բայց վերը նշված անձը, բառիս բուն իմաստով, դիմում է սրբապղծության: Որովհետև ոչ մի մահկանացուի՝ թեկուզ նա լինի երբեմնի «դուխով» Նիկոլ, տրված չէ բնորոշելու՝ Աստծո Որդին միամիտ էր, թե միամիտ չէր: Դա կարելի է քննարկել այն զանգվածների առումով, որ նույնիսկ մեր բոլորիս գլխին եկած այսչափ արհավիրքներից հետո շարունակում են վստահել ու աջակցել այդ անձին:

Այդ խոսքը սրբապղծության առաջին դրվագը չէ: Առաջինը Միլանի (Իտալիա) Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում 2019-ին հայ համայնքի հետ ունեցած հանդիպմանն ինքն իրեն համարյա թե Հիսուս Քրիստոս պատկերացնելն էր: Վերինս զուգահեռներ էր անցկացնում իր քաղաքական գործունեության և Աստծո Որդու կերպարի միջև՝ նշելով, որ ինքը, ինչպես և Հիսուսը, «սեր է քարոզում»: Երկար ժամանակ պետք չեղավ, որպեսզի պարզվեր, թե ինչպիսի սեր է քարոզում ինքը: Չնայած այդ ժամանակ էլ դա արդեն բացահայտ կեղծիք էր, քանի որ մինչ այդ տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրությունը, որի ժամանակ առնվազն երևանցիներին բաժանել էին սևի ու սպիտակի, ու ինքը դա ընդունելի էր համարել ու նույնիսկ հաստատել: Դե, հիմա պտակերացրեք, որ սեր քարոզող Հիսուսը որպես սև պիտակեր նրանց, ովքեր իրեն չէին ընդունում: Դա ցույց է տալիս, թե որքան թյուր էին (և են) վերջինիս գիտելիքները նաև այդ առումով:

Եվ սրբապիղձ այդ անձը տարիուկես առաջ որոշեց «բարենորոգել» Հայ Առաքելական եկեղեցին: Գտավ հարմար առիթ ու թշնամու պահանջով հարձակվեց Վեհափառ Հայրապետի վրա, ով կարող է նաև քրիստոնեական մեղք գործած լիներ երիտասարդ տարիներին: Սակայն հետագայում իր ողջ գործունեությամբ ապացուցել է, որ նույնիսկ այդ սխալով հանդերձ ինքն արժանի էր զբաղեցնելու կաթողիկոսի աթոռը: Եվ, ինչն ընդհանրապես աննորմալության գագաթնակետ էր, փորձում էր հայոց եկեղեցին «բարենորոգել» ոչ թե հարգված, այլ ավելի քան արգահատելի հոգևորականնների միջոցով:

Այս ամենը վկայում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է՝ ինչպես ինքն է փորձում իրեն ներկայացնել, այլ եկեղեցու պառակտիչ: Ու, ըստ այդմ, եկեղեցու նկատմամբ ճիշտ այնպիսի թշնամի, ինչպիսին ադրբեջանցի «հոգևորական» Փաշազադեն է: «Հոգևորական»-ը չակերտավոր, քանի որ իրական հոգևորականը չի կարող այլ ազգի նկատմամբ լինել այլատյաց: Ու հատկապես այն աստիճան, որպիսին այդ ադրբեջանցին է:

Ինչևէ, վերադառնալով մեր հակահերոսի դատողությանը, ասեմ, որ եթե այն վերաբերեր, օրինակ, որևէ հեթանոսական աստվածությանը, ապա նույնիսկ այդ դեպքում դատողությունն ինքնին անիմաստ էր: Որովհետև հնարավոր չէ ինչ-որ բան հիմնավորելու համար շրջել, կամ ավելի ճիշտ՝ շուռ տալ, փաստերն ու հանգամանքները: Քրիստոնեություն ընդունելու տարիներին Վաղարշապատն, այո, Հայաստանի մայրաքաղաքն էր։ Սակայն դրանից չի բխում, ինչպես վերը նշված անձն է ենթադրում, որ «մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է»։ Որովհետև այդ դեպքում նեղանում է մեր ինքնության շրջանակը: Օրինակ՝ բոլոր այն տարիներին, երբ մենք պետություն չենք ունեցել, դադարե՞լ է, արդյոք, գոյություն ունենալ մեր ինքնությունը: Իհարկե, ոչ, այն չի դադարել: Իսկ եթե չի դադարել, ուրեմն մեր ինքնությունն ավելի խոր է և ծավալուն, քան պետությունը: Հատկապես այն աղճատված պետությունը, որ ձևավորվեց իր, մեղմ ասած, ապաշնորհ վարչապետության պատճառով: Ի վերո, մեր ինքնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը մեզ բոլորիս հայ է պահպանում առնվազն երկուսուկես հազար տարի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով