Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից

Sat, 07 Nov 2026 10:15:49 +0400


Նոյեմբերի 5-ին «Մերիդիան» կենտրոնում մեծ շուքով բացվեց Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, իսկ երեկ Փաշինյանը սփյուռքից ժամանած 600 պատվիրակների առաջ «իրական Հայաստանի» մասին իր հերթական դասախոսությունը կարդաց: Կառավարության ղեկավարը որոշել է սփյուռքի հետ հարաբերությունները եւս «վերաձեւակերպել» իր այդ գաղափարախոսությանը համապատասխան:
Նախադասություն առ նախադասություն կարդում ես կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունն ու չես հասկանում՝ սա քաղաքական տե՞քստ է, թե՞ հանրային հիպնոսի հերթական սեանս։ Վարչապետը բեմից հայտարարում է, թե «չկա պետությունից ավելի կարեւոր բան», պետությունը պետք է դառնա «անվտանգության, բարեկեցության ու ազատության գործիք»։ Սա ասում է մի մարդ, որի կառավարման օրոք երկիրը կորցրել է անվտանգության բոլոր երաշխիքները, իսկ պետականության հիմքերը խարխլվում են ամենօրյա ռեժիմով։ Ըստ Փաշինյանի՝ «իրական Հայաստանը» հենվում է միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետրի վրա, բայց թե այդ տարածքից քանի հարյուր քառակուսի կիլոմետր է այսօր գտնվում ադրբեջանական զորքերի կրնկի տակ, ելույթ ունեցողն այդ մասին տակտիկապես լռում է: Նրանց, ովքեր քննադատում են իրեն հայկական ինքնությունը նենգափոխելու համար, Փաշինյանը հակադարձում է, թե «մեր պետությունը մեր ինքնությունն է»։ Այսինքն՝ 7 հազար տարվա պատմությունն ու մշակույթն ինքնություն չեն:

Իսկ երբ հերթը հասնում է այն հարցին, թե ինչ կարող է այսօրվա Հայաստանն առաջարկել սփյուռքին, կառավարության ղեկավարն ընկնում է էմոցիաների դաշտը․ «Հայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն․.. առաջարկում է սեր, բայց նաեւ՝ հարգանք»։ Այսպես են պատասխանում սովորաբար այն կանայք, որոնք երազում են մեծահարուստ տղամարդկանց մասին, որոնք իրենց կյանքը երազ են դարձնելու, ամեն օր նվերներով են տուն գալու, թանկ հագուստով ու «բրյուլիկներով», փոխարենը չպահանջելով ոչինչ: Բայց երբ նրանց հարցնում ես՝ իսկ դու ի՞նչ կարող ես առաջարկել տղամարդուն, ասում են. «Ինքս ինձ ու սեր»:
Սեր է տալիս Փաշինյանը ներդրումային երաշխիքների, հստակ ռազմավարության կամ հզոր հայրենիքի փոխարեն: «Սեր եւ հարգանք»՝ համեմված համայնքներում նշանակված մերձիշխանական «սփյուռքի հանձնակատարների» նորանշանակ ինստիտուտով, որոնց միակ գործառույթը, ըստ ամենայնի, Երեւանից ուղարկված թեզերը տեղերում տարածելն է։ Իսկ ի՞նչ է պահանջում սփյուռքից: Իհարկե, ՀՀ գործող իշխանության ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերին լիակատար հնազանդություն, հրաժարում «պատմական Հայաստանի» նպատակներից, ցեղասպանության թեմայի մոռացում, հայի ինքնության նույնացում պետական կուրսի հետ: Սակայն սփյուռքահայերին այլ հարցեր էին հետաքրքրում: Դահլիճում հավաքվածները փորձում էին Փաշինյանին վերադարձնել իրականություն, բայց՝ ապարդյուն:

Օրինակ, Կիեւից Հայկ Աղվանյանը հարցրեց սահմանների անվտանգությունից՝ Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրվելո՞ւ է, որ նա ճանաչի մեր սահմանները։ Նա պատմեց, որ Խոր Վիրապում փորձել է մոտենալ սահմանին, բայց բախվել է փշալարերի ու ռուսական տարբերանշաններով հայ զինվորների, ու հարցնում է` այդ փշալարերը կհանե՞ն, որ «մոտենանք Արաքս գետին»: Փաշինյանն ասաց՝ «տարածքի չճանաչելու խնդիր չկա», ու նման խնդիր չկա` Արաքս գետին կմոտենանք, թե ոչ, բայց Արտաշատ հնավայրի հետ կապված կա ծրագիր:
Սիրիահայ եւ ամերիկահայ մեկ այլ պատվիրակ հարցրեց` եթե սփյուռքն ու հայրենադարձները ձեր տեսության կենտրոնում են, սփյուռքի հանձնակատարի գրասենյակի բյուջեն ինչո՞ւ չի աճում: Փաշինյանի արձագանքը հանճարեղ էր. «Դե, որովհետեւ բյուջեն ունի թերություններ»։ Ու վերջ, հարցը փակվեց։

Էստոնիայի հայ համայնքից Արմեն Շահբազյանը բարձրացրեց քաղաքացու պաշտպանվածության հարցը, ասաց, որ խորհրդային շրջանում լավ միլիցիա կար, ապա զուգահեռներ անցկացրեց ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ, որոնց դեսպանությունները րոպեների ընթացքում տեր են կանգնում աշխարհի ցանկացած կետում խնդրի մեջ ընկած իրենց հայրենակցին: Փաշինյանը նախ հիշեց 70-ականների պետավտոտեսուչների կաշառքները, ասաց, որ Հայաստանը չի կարող համեմատվել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իսրայելի հետ, որովհետեւ … դրանց բյուջեներն անհամեմատելի են: Ապա անցավ իր սիրած թեմային՝ ՀԴՄ կտրոններին: Վարչապետի պնդմամբ՝ սփյուռքահայերի բոլոր հարցերի պատասխանները «չթողարկված ՀԴՄ կտրոնների մեջ են», եւ հենց ՀԴՄ կտրոնն է Հայաստանի ու խաղաղության երաշխավորը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդուն պետական արժանապատվության մասին հարց են տալիս, իսկ նա պատասխանում է՝ գնացեք սրճարան ու ՀԴՄ կտրոն պահանջեք: Բրազիլիայից Լուսինե Եղիազարյանն էլ խոսեց այն ցավոտ թեմայի մասին, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերջին խստացումները սփյուռքում մերժվածության մեծ զգացում են առաջացրել: Փաշինյանն էլի առաջ տարավ իր թեզը, թե «Բրազիլիան պետություն է, իսկ Հայաստանը՝ հայրենիք», ու եթե ուզում են քաղաքացիություն, ուրեմն պետք է գան ու ինչ-որ ժամանակ ապրեն Հայաստանում:
Գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, գիտնական Ավետիս Սադոյանը, որը համացանցի միջոցով էր հետեւել համագումարին, իր տպավորությունները ներկայացրեց: «Ծանոթ մարդ համագումարում չկա: Չեմ կարող ինձ ստիպել նայել այդ այլանդակությունը: Միայն այն միտքը, որ Հայաստան պետությունը կարող է առաջարկել ինքն իրեն․․․ հետո սեր․․․ արդեն հերիք էր․․․ Ես միայն մի մասնագիտություն գիտեմ, որտեղ «մասնագետն» առաջարկում է ինքն իրեն: Լավ, հիմա երեք անգամ «Հայր մերն» ասեմ ու նայեմ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց Sat, 07 Nov 2026 09:45:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով