Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել
Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի միջև Շինարարների փողոցում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանությունը նոր ընթացք է ստացել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սերոբ Սարգսյանի նկատմամբ վարույթ է հարուցել՝ նրա կողմից վարքագծի կանոնների հնարավոր խախտման հիմքով։
ԿԿՀ-ի որոշման հիմքում լրատվամիջոցների հրապարակած տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես է ինքնակամ շինությունների ապամոնտաժման շուրջ առաջացած վեճը վերածվում փոխադարձ վիրավորանքների։
Վիճաբանության ընթացքում Սարգսյանը Մեսրոպ Մանուկյանին հարցնում է՝ արդյոք նա եկել է իր աներոջ՝ Սասուն Առաքելյանի բենզալցակայանը պաշտպանելու, ինչից հետո հնչում են «այ բենզալցակայանի պաշտպան», «տո համբալ լակոտ», «դու գիտե՞ս՝ ով ես եղել, արա, այ լակոտ» արտահայտությունները։
Մանուկյանն էլ իր հերթին է անցնում կոշտ բառապաշարի՝ օգտագործելով «կթքեմ վրեդ», «այ համբալ», «լակոտը դու ես» և այլ արտահայտություններ։
Սակայն ԿԿՀ-ն առանձնացրել է հենց Սերոբ Սարգսյանի վարքագիծը՝ հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը։ Հանձնաժողովը շեշտել է, որ Մեսրոպ Մանուկյանը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, մինչդեռ Սարգսյանը համայնքային վարչական պաշտոնյա է, և վերջինիս նկատմամբ գործում են առավել խիստ վարքագծային պահանջներ։
ԿԿՀ-ի գնահատմամբ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը, նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակում, պարտավոր է պահպանել բարեկրթության, քաղաքավարության, նրբանկատության ու զսպվածության կանոնները։ Այս համատեքստում հանձնաժողովը ուսումնասիրել է նաև «համբալ» և «լակոտ» բառերի բառարանային նշանակությունները՝ դրանք դիտարկելով որպես վիրավորական բնույթի արտահայտություններ։
Այսպիսով, Շինարարների փողոցում տեղի ունեցած սովորական թվացող վեճը վերածվել է արդեն պաշտոնական վարույթի․ այժմ ԿԿՀ-ն պետք է պարզի՝ Սերոբ Սարգսյանի պահվածքը որքանով է համատեղելի վարչական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր