Նրանք փողով ծախել են իրենց հավատն ու ինքնությունը
Sat, 07 Nov 2026 18:15:42 +0400

Լիբերալ գլոբալիստների եւ ազգային պահպանողականների միջեւ պայքարը սրվում է անգամ Եվրոպայում, մի տեղ, որտեղ գլոբալիստների հաղթանակը թվում էր վերջնական եւ անդառնալի: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ի համերաշխություն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, հրաժարվել է մասնակցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ համատեղ մամուլի ասուլիսին: Նավրոցկու եւ Տուսկի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են, Տուսկը փորձում է սահմանադրական հեղաշրջում կատարել Լեհաստանում, պաշտոններից ապօրինի ազատել Լեհաստանի սահմանադրական դատարանի նախագահին եւ տեղակալին՝ նրանց փոխարեն նշանակել իր դրածոներին, ովքեր իր հրահանգով սահմանադրական կճանաչեն ԵՄ-ի կողմից պարտադրվող ցանկացած օրենսդրական ակտ: Նավրոցկին դեմ է սահմանադրական հեղաշրջմանը: Նա հայացքներով ազգային պահպանողական է, դեմ է անօրինական միգրացիային, Լեհաստանի ազգային արժույթի՝ զլոտիի վերացմանը եւ եվրոյին անցմանը, պրոկաթոլիկ հայացքներ ունի`դեմ է աբորտների ազատականացմանը, ԵՄ-ի կողմից Լեհաստանի գործերին չափից դուրս միջամտությանը: Դոնալդ Տուսկը, ընդհակառակը՝ լիբերալ գլոբալիստների դրածոն է:
Եվրոպական մամուլը գրում է, որ նույն գաղափարական հիմքի վրա բախվել են նաեւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Օրերս Կանադայում տեղի ունեցած ԵՄ-Կանադա գագաթնաժողովի ժամանակ ընդհանուր հայտարարության տեքստում «ասոցացված անդամ» ձեւակերպումը փոխարինվել է «առավել սերտ ասոցացում» արտահայտությամբ, ինչն արվել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պնդմամբ: Չնայած դրան, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կանադայի մասին խոսելիս օգտագործել է «ասոցացված անդամ» ձեւակերպումը: Թվում է, թե դրանց միջեւ առանձնապես որեւէ տարբերություն կամ գոնե սկզբունքային տարբերություն չկա, մի բառ այսպես, մի բառ այնպես:
Լիբերալ գլոբալիստները Եվրամիությունը դիտարկում են որպես ազգային պետությունների ոչնչացման նախագիծ, ԵՄ նախագծի, այսպես կոչված, զարգացումը պետք է հանգեցնի ազգային պետությունների ոչնչացմանը, ազգային կառավարությունների եւ իշխանությունների ոչնչացումով, իսկ դրա համար պետք է, որ վերանան ազգերն ու ազգային պատկանելությունը՝ ընդհանրապես: Դրա համար է Փաշինյանն ասում, որ ազգային ինքնությունը գալիս է թագավորներից, այս դեպքում՝ երկրի ղեկավարից, ստացվում է, որ եթե ինքն ինքնություն չունի, ուրեմն մյուս բոլոր հայերն էլ պետք է զրկվեն ինքնությունից: Ազգայինին պետք է փոխարինի վերազգային իշխանությունը` ինչպիսին այսօր հանդես է գալիս Եվրահանձնաժողովը, որը փորձում է ավելի մեծ իշխանությամբ իրեն օժտել, քան առանձին երկրների իշխանություններն են, թեեւ որեւէ մեկը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կամ որեւէ այլ եվրաչինովնիկի չի ընտրել եւ իրենց կառավարելու մանդատ չի տվել: Եվրոպական տարբեր երկրներում լուրջ հանրային դիմադրություն է առաջանում այդ մտադրությունների դեմ, որի արտահայտողն ազգային-պահպանողական կուսակցություններն են, որոնք Եվրամիությունը դիտարկում են ավելի շատ որպես տնտեսական համագործակցության նախագիծ` առանց մաքսային սահմանների եւ խոչընդոտների՝ ապրանքների, ծառայությունների, մարդկային եւ ֆինանսական կապիտալի տեղաշարժն ապահովելու համար, որը կբերի տնտեսական ավելի արդյունավետ զարգացում եւ բարեկեցություն: Լիբերալ գլոբալիստների համար դա համաշխարհային տիրապետության հասնելու ծրագիր է, որը հանգեցնելու է իրենց եւ իրենց դրածոների իշխանությանն ամբողջ աշխարհում: Դրա համար է, որ նրանք ցանկանում են, որ ԵՄ-ն չսահմանափակվի միայն մայրցամաքի աշխարհագրական տարածքով, եւ ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ տրվի մայրցամաքից դուրս այլ երկրների եւս, այն երկրներին, որտեղ կհաստատվեն լիբերալ գլոբալիստների դրածո կառավարություններ, ինչպես, օրինակ, Կանադան է:
ԵՄ-ում կատարվողն անմիջական կապ ունի Հայաստանի հետ եւս: Փաշինյանը լիբերալ գլոբալիստների դրածոն է, նրա նպատակը եւս Հայաստանը որպես ազգային պետություն ոչնչացնելն ու ԵՄ տարածքում տարրալուծելն է: Նրա բոլոր գործողություններն ուղղված են ազգային ինքնության ոչնչացմանը՝ սկսած պատմության վերախմբագրումից, որի արդյունքում հայերը չպետք է հասկանան, թե ովքեր են իրենք, ինչ պատմական ընդհանրությամբ են միավորվում, վերջացրած Հայ առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված գործողություններով, որի արդյունքը կարող է լինել ազգային միասնական եկեղեցու փոխարեն աղանդավորական խմբավորումների ուժեղացումը: Փաշինյանի կնոջ՝ հայ ընտանիքի դեմ ուղղված պայքարը եւս գլոբալիստական օրակարգի սպասարկման շրջանակներում է եւ ուղղված է ավանդական հայ ընտանիքի ոչնչացմանը:
Փաշինյանին եւ նրա կողմնակիցներին Հայաստանի ոչնչացումը ձեռնտու է ինչպես գաղափարապես՝ նրանք ատում են ամեն ազգայինը եւ հայկականը, այնպես էլ՝ անձնապես: Ազգային պետության ոչնչացումն իրենց կազատի իրենց բերած աղետների եւ ողբերգությունների համար պատասխանատվություն կրելու հեռանկարից:
Համաշխարհային լիբերալ գլոբալիստների դրածո Փաշինյանի իշխանությունը կփլուզվի, եթե Եվրոպայում եւս հաղթեն ազգային ուժերը․ այդ դեպքում Փաշինյանի արտաքին հենարանը կփլուզվի: Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում եւ այլ եվրոպական երկրներում ավելի բարձր են հնչում այն մարդկանց եւ գործիչների ձայները, որոնք չեն ցանկանում կորցնել իրենց ազգային ինքնությունը եւ ազգային պետությունները, հանուն համաշխարհային գլոբալիստական կառավարման, որտեղ ազգերի փոխարեն ինքնությունը կորցրած մարդկային նախիրներ են:
ՀԳ․ Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գեւորգ Պապոյանը եւ մյուս ՔՊ-ականները հայեր չեն, հայ ազգի ներկայացուցիչներ չեն: Ազգը ընդհանուր հայրենիքի, ընդհանուր պատմության, ընդհանուր հոգեւոր եւ մշակութային արժեքների, լեզվամտածողության հիմքի վրա միավորված մարդկային հանրույթն է: Փաշինյանը եւ նրա կողմնակիցները չունեն հայրենիքի նույնատիպ ընկալում, Արցախը կամ Վանը նրանց համար հայրենիք չէ, ի տարբերություն բոլոր մյուս հայերի։ Եվ ի տարբերություն մյուս բոլոր հայերի, նրանք չունեն նույն հոգեւոր եւ մշակութային արժեքները, ատում են Հայ առաքելական եկեղեցին եւ քրիստոնեությունը, պատմության նրանց ընկալումը ոչ միայն էականորեն տարբերվում է մերինից, այլեւ հակասում է ընդհանուր պատմական ընկալմանը, նրանց լեզվամտածողությունն է անգամ տարբեր մերինից։ Ճիշտ է՝ մենք եւ նրանք խոսում ենք հայերեն, բայց, օրինակ, նրանք Տիգրանաշենը Քյարքի են անվանում, իսկ Ստեփանակերտը՝ Խանքենդի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր