Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Նիկոլի վարպետաց դասերը եւ ՔՊ-ի տնային առաջադրանքները

Sat, 07 Nov 2026 17:45:52 +0400


Նոյեմբերի 5-ի ասուլիսին Փաշինյանն էլի ցուցադրեց՝ ինչպես կարելի է չպատասխանել հարցին, բայց այնպես խոսել, որ թվա, թե պատասխանել ես։ Իսկ ՔՊ-ական «դասարանի» համար սա մանեւրելու, «կտեր տալու», աբսուրդն օրինականացնելու բաց դաս է։ Լրագրողներն էլ ակամայից նպաստում են դրան։ Ոմանք մեկ շնչով 2-3 հարց են տալիս՝ այնքան երկար, որ կորցնում են ասելիքի թելը, բայց նպատակն աչքի ընկնելն է ու ինքնահաստատվելը։ Հարցազրույցն էլ վերածվում է հարցերի մարաթոնի կամ, վարչապետի սիրած խոսքով` պինգ-պոնգի։

Լրագրողը հարցնում է՝ ընդդիմադիր ուժերի համախմբումը կարո՞ղ է հանրային ճնշում առաջացնել եւ հանգեցնել իշխանափոխության։ Պատասխանում է՝ դա հարց է, որին պետք է պատասխանի ժողովուրդը, ինձ ուղղված չէ: Հետաքրքիր է՝ երբ հարցը վերաբերում է իշխանության մնալուն, ժողովրդին է հիշում, իսկ երբ խոսքը սեփական որոշումների հետեւանքների ու պատասխանատվության մասին է, այլեւս չի «վստահում» ժողովրդին։ Ավելին՝ հեգնում է, կանխատեսում՝ եթե ընդդիմադիրների հավաքին միանա Ամենայն հայոց կաթողիկոսը, կիրակի երեկոյան հեղափոխություն կլինի։ Այսինքն՝ ժողովուրդը դեռ պիտի որոշի, բայց վարչապետն արդեն գիտի՝ երբ ու ինչ կլինի։ Ժողովրդի փոխարեն նույնիսկ հեղափոխության օրացույցն ու մասնակիցների ցանկն է կազմում, մեկին իրական ընդդիմություն անվանում, մյուսին` դիվերսանտ։ Երբ ուզում ես` պատասխանատվությունը փոխանցիր ժողովրդին, երբ պետք է ընդդիմախոսիդ ծաղրել՝ ժողովրդի փոխարեն արտահայտվիր։

Բաքվում պահվող մեր հայրենակիցների մասին հարց են տալիս` կիսո՞ւմ է Ալիեւի պնդումը, թե նրանք ահաբեկիչներ են, եւ եթե ոչ՝ ի՞նչ փաստարկներ են ներկայացվել՝ դա հերքելու համար։ «Վարպետը» նախընտրում է հստակ հարցը շրջանցել եւ խոսել այն մասին, թե ընդդիմադիրներն ու քննադատները քանի անգամ են հիշատակում Ալիեւի ու Ադրբեջանի անունները, ինչու են այդքան շահարկում։ Երեւում է՝ Նիկոլի համար ավելի մտահոգիչ է ոչ թե այն, թե ինչ է ասում Ալիեւը հայ գերիների մասին, այլ՝ այն, թե Հայաստանում ով եւ քանի անգամ է հիշատակում նրա անունը։ Ահա եւս մի դաս՝ եթե հարցը վերաբերում է ազգային ցավին, խոսիր ոչ թե ցավի, այլ այն մասին, թե ով է համարձակվում դրա մասին բարձրաձայնել։

Արտաքին քաղաքականության հարցեր. ասում է՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց 2027-2028 թթ. կդիմի՝ Եվրամիության լիարժեք անդամակցության գործընթաց սկսելու համար։ Եվ հայտարարում է, որ երկու կառույցներին անդամակցությունը համատեղելի չէ։ ՀԱՊԿ-ի նկատմամբ, պարզվում է, մեր հետաքրքրություններն էլ արդեն սպառվել են։ Մի խոսքով՝ ԵԱՏՄ-ից դեռ չենք հեռանում, Եվրոպա գնալու ճանապարհին ենք։ Այսինքն, ՀՀ արտաքին քաղաքականությունը վերածվել է սպասասրահի. մի դռնից դեռ դուրս չենք եկել, մյուսի մոտ հերթ ենք կանգնել, երրորդի նկատմամբ հետաքրքրությունը սպառել ենք։ Մնում է հասկանալ՝ այս բոլոր ուղղություններից որն է Հայաստանի պետական շահին համընկնում, եւ ով է դրա համար պատասխանատվություն կրելու։

Բայց վարչապետի դասերը միայն լրագրողների համար չեն` դասընթացի նյութերը հաջողությամբ եւ արագորեն յուրացնում են թիմակիցները։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, օրինակ, որոշել է տնտեսական զարգացման հարցը լուծել խաչքարերի դեմ պայքարի միջոցով։ Նրա կարծիքով՝ եթե այդքան խաչքար տեղադրելու փոխարեն նույնքան արտահանում անեինք, երկիրը կհզորանար, քաղաքացիներն էլ ավելի բարեկեցիկ կապրեին։ Խաչքարն ի՞նչ կապ ունի` ո՞վ է խանգարում արտահանումն ավելացնել, ներդրումներ ներգրավել, տնտեսությունը զարգացնել։ Խաչքարերի տեղադրո՞ւմը։ Իսկ եթե կառավարությունը դա չի կարողացել անել, խաչքարե՞րն են մեղավոր։ Ստացվում է՝ հայրենիքի պատմական հիշողությունը համեմատես տնտեսական ցուցանիշների հետ, եթե ցուցանիշները չեն աճում, մեղավորը խաչքարն է։ Դասը յուրացված է. ազգային արժեքը ներկայացրու որպես խանգարող հանգամանք, պայքարիր հայկական խաչքարերի դեմ։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանն էլ իր հերթին է անվտանգության խնդրին նայում «նիկոլավարի»: Նա ադրբեջանցու՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելը եւ ՀՀ քաղաքացու բնակարան ներխուժելուց հետո հրազեն կիրառելը որակել է «սովորական կրիմինալ միջադեպ», որը չի վկայում սահմանային վերահսկողության խնդիրների մասին։ Բայց մի քանի միտք արտահայտելուց հետո խոսում է եղած խնդիրները շտկելու, նման ռիսկերը կառավարելու անհրաժեշտության մասին։ Այ Վիլեն, եթե համակարգային խնդիր չկա, ի՞նչն եք վերլուծելու, շտկելու եւ կառավարելու։ Թե՞ սահմանային անվտանգության նոր հասկացություն եք ձեւավորել՝ սահմանը հատող զինվորը սովորական տուրիստ է, իսկ նրա հայտնվելու հավանականությունը՝ կառավարման ենթակա ռիսկ։ Այս պարագայում խոսքը սովորական սահմանային խախտման մասին չէ։ Օտարերկրյա զինծառայողը հատել է ՀՀ պետական սահմանը, ներխուժել քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու վրա, վնասվածքներ են ստացել նաեւ երեխաները։ Իսկ պետական անվտանգության հարցերով զբաղվող անձը փորձում է համոզել, որ առանձնապես բան չի եղել։ Ահա՝ սրանք են վտանգավորն ու մտահոգիչը. ոչ թե պաշտոնյայի անհաջող ձեւակերպումը, այլ պետական անվտանգության հարցի հանդեպ անփույթ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։
Եվ սա նաեւ վարչապետի դասը լավ սերտելու հետեւանքն է: Թիմակիցներից ամեն մեկը մի ոլորտում շարունակում է նրա գործը. մեկը խաչքարն է հակադրում արտահանմանը, մյուսը սահմանային ներխուժումը վերածում է սովորական միջադեպի։ Եվ խոսքը պարզապես անհաջող կատակների կամ անհեթեթ արտահայտությունների մասին չէ։ Խոսքը պետության, ազգային հիշողության, անվտանգության, իրենց հայրենակիցների ճակատագրով հետաքրքրվածության մասին է։ Իսկ ՔՊ-ական վարպետաց դասը` խոսել շատ, պատասխանել քիչ, պատասխանել այնպես, որ վերջում մեղավոր դուրս գա հենց հարց տվողը, Փաշինյանի ներդրումն է հայկական իրականությունում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով