Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի

«Հրապարակ»․ Կարո՞ղ եմ արձանագրել, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու, որ գնանք հանրաքվեի

Wed, 11 Nov 2026 09:15:14 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է:

– Ընդդիմադիրները կիրակի օրվանից հանրությանն իրազեկելու գործընթաց են սկսել: Այն սահմանադրությունը, որը պատրաստվում է անցկացնել իշխանական թիմը, համարում են ալիեւյան, եւ ընդդիմությունը քարոզարշավ է սկսել, որպեսզի հանրային պայքար սկսվի այդ սահմանադրության դեմ:

– Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է անում ընդդիմությունը: Սահմանադրության տեքստը չեն տեսել, բայց որոշել են ակցիա անել, ամենաաբսուրդը դա է: Եթե դուրս են եկել ակցիա անելու, ապա ես կարո՞ղ եմ արձանագրել, որ իրենք կողմ են քվեարկելու, որպեսզի գնանք հանրաքվեի, եւ կարո՞ղ ենք ասել, որ արդեն իսկ սկսել են «Ոչ»-ի ակցիան իրականացնել: Առհասարակ, ես չեմ հասկանում, թե ինչ են անում նրանք, ինչ-որ քաոսային վիճակում են: Որեւէ լուրջ բան ես չեմ տեսնում: ՀՀ քաղաքացին եթե տեսնում է, որ այս մարդիկ սահմանադրության տեքստին ծանոթ չեն, սակայն դեմ են դրան, ինչպե՞ս կարող են լուրջ ընդունել նրանց: Խաղաղության նախաստորագրված պայմանագրի մասին էլ ինչ ասես, որ չէին ասում, իհարկե, բանը չհասավ ակցիաներին, բայց բոլորս հիշում ենք, թե ինչեր էին ասում, իսկ արդյունքում ինչ եղավ` տեքստը հրապարակվեց, իսկ ընդդիմությունը ոչինչ չուներ էլ ասելու: Սա է ողջ խնդիրը: Ես չեմ հասկանում, թե նրանք ինչի վրա են հույսները դրել:

– Ընդդիմադիրները պնդում են, որ Ալիեւն է ստիպում ՀՀ իշխանությանը՝ փոխել Սահմանադրությունը, որպեսզի նորի մեջ հղում չարվի Անկախության հռչակագրին, եւ միայն այդ հանգամանքը բավական է իրենց, որպեսզի մերժեն այն` նախագիծը տեսնելու կարիք չկա:

– Իսկ որտե՞ղ են տեսել, որ Ալիեւը ստիպում է մեզ Սահմանադրություն փոխել:

– Ալիեւն է հայտարարել, որ պետք է փոխվի ՀՀ սահմանադրությունը:

– Այնտեղ այնքան փոփոխություններ կան, անգամ ընդդիմադիրներին ավելի շատ տեղեր են հատկացվելու եւ այլն, մի շարք փոփոխություններ են արվելու: Ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը: Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կար, եւ այն փոխվում է: Երբ տեքստին ծանոթանան, թող հետո նոր ինչ-որ բաներ անեն:

– Իսկ Սահմանադրության փոփոխությունն ի՞նչ կապ ունի խաղաղության գործընթացի հետ: Որքանո՞վ են դրանք փոխկապակցված:

– Իրականում, Սահմանադրության փոփոխությունն այնքան էլ կապ չունի խաղաղության հետ, ունենք նախաստորագրված փաստաթուղթ եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, բանակցություններ եւ այլն: Սահմանադրությունը ներքին որոշում է, այն քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին է, եւ շատ նորմալ է, որ գոնե 10-15 տարին մեկ սահմանադրությունը փոփոխություններ կրի: Ես չեմ հասկանում, թե այս հիստերիան ինչի համար է: Ուղղակի փորձում են ինչ-որ բան ցույց տալ, բայց անիմաստ է ընդդիմության արարքը:

– Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ եթե ընդդիմությունը չմիանա իշխանությանը, հանրային ճնշմամբ իշխանական թիմը կհասնի իր նպատակին։ Ի՞նչ գործողությունների եք դիմելու, քննարկե՞լ եք այդ թեման:

– Հնարավոր է, որ հանրային ճնշում լինի, որովհետեւ մենք ունենք մեկ նպատակ, որ ժողովուրդն ասի` այո կամ ոչ, իսկ ընդդիմությունն իրավունք չունի ժողովրդին զրկելու իր ընտրությունից` ցանկացած պարագայում: Իրենք, ճիշտ է` ընտրվել են որոշ քաղաքացիների կողմից, սակայն բոլոր քաղաքացիների համար պատասխանատու չեն, ինչպես որ մենք: Այդ պատճառով պետք է գնալ հանրաքվեի: Եթե չթողնեն հանրաքվեի գնանք, ժողովուրդն ավելի կբարկանա:

– Տեսակետ կա, որ ՔՊ-ն եթե չի ստացել 50 պլյուս ձայն, հետեւաբար, ժողովուրդն արդեն տվել է իր գնահատականն այդ սահմանադրությանը, որը հանրաքվեի դնելու համար սահմանադրական մեծամասնություն է պահանջվում, ինչը դուք չունեք:

– Այդ պարագայում ընդդիմությունն ընդհանրապես ոչինչ չունի, այդ դեպքում ի՞նչ իրավունք ունեն կանխելու մարդկանց ազատ ընտրությունը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել

«Հրապարակ»․ ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել Wed, 11 Nov 2026 08:10:29 +0400 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով