Երիտասարդները կարդացին կառավարության դատավճիռը
Wed, 11 Nov 2026 18:45:13 +0400

Երբեք Նիկոլ Փաշինյանին այդքան գույնը գցած, սփրթնած ու շվարած չէի տեսել։ Կանգնած էր լուռ, աչքերը՝ անորոշությանը հառած, փորձում էր իր սովորության համաձայն առույգ ու աշխույժ ձեւանալ, հարցերին աջուձախ շիլաշփոթ պատասխաններ տալով ջրից չոր դուրս գալ, բայց երիտասարդներն ուղղակի պատին էին դեմ տվել, կարդում էին նրա եւ իր ղեկավարած կառավարության քաղաքական ու բարոյական դատավճիռը։
Տեղնուտեղն ասենք՝ Նիկոլ, նրանք՝ երիտասարդները, ապագան չեն, նրանք ներկան են եւ այնպիսի հայտ են ներկայացնում, որն այլեւս անհնար է անտեսել։ Հենց սա էլ անսահման ուրախացնում է ու հույս ներշնչում։ Խոստովանեմ՝ մինչ այս հանդիպումը ինձ թվում էր, թե մեր երիտասարդները չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իրենց երկրի ու սեփական ապագայի հետ, գլխովին սուզված են Տիկ-Տոկի կամ ինստագրամյան ունայնությունների մեջ։ Սակայն նրանք ինձ ապշեցրին իրենց խորասույզ դիտողականությամբ, անհաշտությամբ, իմացությամբ ու պայքարի վճռականությամբ։ Այն ամենը, ինչ անում են Նիկոլն ու իր ՔՊ-ախումբը, նրանց աչքից չի վրիպել։ Այո՛, ապագան հուսալի ձեռքերում է, եւ այդ ապագան արդեն գալիս է։ Խոսքը վերջերս կայացած MaskOFF քննարկման մասին է, որտեղ ուսանողությունը ոչ թե պարզապես հարցեր էր տալիս, այլ իշխանության առաջ դնում դաժան իրականությունը։ Ահա՝ հնչում է բովանդակային, ցավոտ, պետական մտածողությամբ լի հարց, ի պատասխան՝ հարցի էությունից հեռու, պատմական ալքիմիայով ու բառախաղերով համեմված խառը լաբիրինթոս։
Այդ անհավասար մենամարտից մի քանի դրվագ ներկայացնեմ, որտեղ երիտասարդը երկրի ղեկավարին հիշեցնում է. «Թագավորը մերկ է, պարոն Փաշինյան»։ Դահլիճում ժպիտներ են, բոլորը գիտեն ու հասկանում են, որ Անդերսենը դարեր առաջ այդ հեքիաթը գրել է այսօրվա իշխանության մասին։ Տղան ասում է՝ երկիրը ղեկավարվում է միայն Ձեր կամքով, Սահմանադրությունը գրվում է Ձեր ցանկությամբ, ՔՊ-ն կազմված է նախկինում իշխանավորներից, դա՞ է Ձեր «սիրո եւ հավարտարմության» արժեհամակարգը, թե՞ բյուջեից փող մսխելու հնարավորությունը։ Ամուլսարի համար գովում եք, որ բողոքի ակցիա չի եղել, բայց Դուք 200 ոստիկանով եք գնացել Ամուլսար, թաքուն եք գնացել (ասել կուզի՝ գողեգող), մարդիկ ի՞նչ պիտի իմանային, որ ակցիա անեին: 18-20 տարեկանը մեղադրանքներ է հնչեցնում։
Հետո ուսանողուհին հիշեցնում է, որ 10-րդ դարից առաջ թուրքը երբեք չի եղել մեր տարածքներում, հարգելի վարչապետ, Դուք չեք ասում Արցախ, այլ՝ Ղարաբաղ, ուրեմն՝ այսօր իշխանությունն է լեգիտիմացնում ադրբեջանական խոսույթն ու արցախցիների նկատմամբ ատելությունը։ «Թուրքերը 1991-ին ասում էին՝ հրաժարվեք Արցախին օգնելուց, այսօր հրաժարվել եք։ Նրանց պահանջով Հայոց ցեղասպանության ճանաչումը հանվել է առաջնահերթություններից, Արարատի «թեման» ու նկարը՝ օրակարգից։ Եթե ասում եք՝ նախապայմաններ չկան, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր «իրական Հայաստանի» տեսլականը մեկին մեկ համապատասխանում է Թուրքիայի 30 տարվա պահանջներին»։ Նիկոլը, աչքերը շլած, փորձում է համոզել, թե Արցախ ասելով ոչինչ չի փոխվում։
Երիտասարդը շատ դիպուկ նկատում է. «Մեր երկրին նախ ներքին խաղաղություն է պետք, եթե խոսում եք արտաքին խաղաղության մասին»։ Իսկ վարչապետը, չկարողանալով հակադարձել, հայտարարում է, թե հայկական հայրենասիրությունը ձեւավորվել է Ստալինի ամբիցիաները բավարարելու համար։ Այսինքն՝ ըստ նրա, եթե մեր պատմական հիշողությունը խանգարում է իրենց օրակարգին, ուրեմն դա Ստալինի պատվերն է եղել։ Եվ ցնցող պատասխանը․ «Մի ասեք՝ ծախել եք, չենք ասի՝ փախել եք»։ Ամենածանր ու բարոյապես ջախջախիչ պահը. հնչում է հարց՝ «Ձեր հռչակած խաղաղության օրոք բանակում 15 զինծառայող է զոհվել։ Կարո՞ղ եք որպես պետության ղեկավար ներողություն խնդրել նրանց ծնողներից»։ Նիկոլը պատասխանում է. «Այո՛, կարող եմ եւ խնդրել եմ»։ Կարելի էր հակադարձել. իսկ ինչո՞ւ ես ներողություն խնդրում, չէ՞ որ թեեւ ամեն ինչի համար պատասխանատու ես, բայց ոչ մի բանի համար… մեղավոր չես։ Մեղավոր չեն նաեւ բանակի հրամանատարները, պաշտպանության նախարարն ու տեղակալները… նրանք ընդամենը պատասխանատու են։ Մեղավոր են 10 օր պաշտոնավարած Արցախի նախագահն ու Դաշնակցությունը, մեղավոր են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը: Իսկ քանի որ ձեր պատասխանատվությունը հավասար է զրոյի, ուրեմն բոլորովին մեղավոր չեք։ Մեղավորը նաեւ զոհերն են, որ համարձակվել են զոհվել Ձեր խաղաղության օրոք։ Ու որպեսզի ցինիզմի չափաբաժինն ամբողջանա, վարչապետն առաջարկում է հաշվի առնել քաղաքացիական կյանքում ինքնասպանությունների դեպքերը։ Այսինքն՝ երբ չի կարողանում բացատրել, թե ինչու են խաղաղության պայմաններում զինվորներ զոհվում, սկսում է բացատրել, որ քաղաքացիական կյանքում էլ են մարդիկ մեռնում։
ԱԺ-ում ծեծուջարդ խրախուսելը, սեփական ժողովրդի վրա ոստիկանական զորք հանելը, Ամուլսարում 200 ոստիկանով շրջելն ու այսքանից հետո դեռ ամբիոններից խոսելը, իհարկե, ինքնասիրության տոտալ բացակայության մասին է վկայում։ Երիտասարդների տված հարցերը պատասխան չպահանջող դատավճիռներ էին։ Այո, ամեն ոք պատասխան է տալու հատկապես այսօրվա երիտասարդներին, պարոն Փաշինյան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր